Երևանի քաղաքապետարանին դատի կտան

Երևանի պաշտպանության ճակատը պատրաստվում է դատական հայց ներկայացնել դատարան ընդդեմ Երևանի քաղաքապետարանի: Այս մասին տեղեկացնում է Երևանի պաշտպանության ճակատի մամուլի ծառայությունը: Ըստ ԵՊՃ-ի՝ Երևանի քաղաքապետարանը կոպտորեն խախտել է «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի 11-րդ հոդվածի պահանջները՝ իրենց հարցմանն ի պատասխան տեղեկատվություն չտրամադրելով: Հայտարարության մեջ, մասնավորապես, ասվում է.

«Երևանի պաշտպանության ճակատը, համաձայն՝ «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածով, 8-րդ հոդվածի 3-րդ մասով և 12-րդ հոդվածով սահմանված դրույթների, գրավոր հարցում էր ուղարկել Երևանի քաղաքապետարան՝ «Սանիթեք» ընկերության հետ կնքված պայմանագրերը ստանալու համար: Օրենքով սահմանված հնգօրյա ժամկետը խախտելուց հետո՝ ստացվեց անհիմն պատասխան, ըստ որի՝ Երևանի քաղաքապետարանի և «Սանիթեք», «Սանիթեք ինթերնեյշնլ» ընկերությունների միջև կան որոշակի խնդիրներ (այդ թվում դատական գործեր), ուստի նպատակահարմար չեն գտնում ներկայում տեղեկատվության տրամադրումը՝ նպատակ ունենալով լրացուցիչ դժվարություններ չստեղծել:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Երևանի քաղաքապետարանը կոպտորեն խախտել է «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի 11-րդ հոդվածի պահանջները և ապօրինի մերժել է տեղեկատվության տրամադրումը, որը պաշտպանված է ՀՀ Սահմանադրությամբ: Միևնույն ժամանակ՝ քաղաքապետ Հայկ Մարությանի, քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետի և քաղաքապետի մամլո խոսնակի կողմից ՝ պայմանագրի առանձին հատվածներին հղում անելով ՝ հարցազրույցների, ֆեյսբուք սոցիալական ցանցի միջոցներով աղբահանության թերացման ողջ պատասխանատվությունը դնելը «Սանիթեքի» վրա՝ համարում ենք հասարակական կարծիքը մանիպուլացնելու անհաջող և դատապարտելի փորձ:

Երևանի պաշտպանության ճակատը պատրաստվում է դատական հայց ներկայացնել դատարան՝ պահանջելով նշված տեղեկատվության տրամադրումը:

Միաժամանակ հրավիրում ենք ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի ուշադրությունը՝ Երևանի քաղաքապետարանի կողմից թույլ տրված օրինախախտումների վրա և հորդորում ձեռնարկել անհրաժեշտ միջոցառումներ»:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով