Օգանովսկու ձերբակալությունը ռումբի պայթյունի ազդեցություն կարող է ունենալ. պատրա՞ստ են արդյոք դրան իշխանությունները.168.am

Загрузка...

168.am-ն արդեն իսկ գրել էր, որ ՀՀ իշխանությունները քաղաքական որոշում են կայացրել ձերբակալել գեներալ Սամվել Կարապետյանին, ով ավելի շատ հայտնի է Օգանովսկի անունով:

BBC-ի ռուսական ծառայության հրապարակումից հետո, թե իբր մարտի 1-ի արյունալի իրադարձությունների ժամանակ ցուցարարների ուղղությամբ կրակ է արձակել Արցախից բերված և Բաղրամյան 26-ի նախագահական նստավայրում տեղակայված ուժայինների 20 հոգանոց ջոկատը, որը ղեկավարել է գեներալ Սամվել Կարապետյանը (Օգանովսկի), ապա և նույն ծառայության եթերում հոդվածի հեղինակ Գրիգոր Աթանեսյանի` ըստ էության իր իսկ հոդվածում եղած պնդումները հերքելուց և ՀՔԾ-ին հղում անելուց հետո ներքաղաքական շրջանակներում լուրեր էին շրջանառվում, որ ՀՀ իշխանությունները փնտրում են մարդիկ, ովքեր ցուցմունքներ կտան գեներալ Օգանովսկու դեմ:

Եվ ահա, փաստորեն, այդ քաղաքական որոշումը կայացված է: Թե ինչ հիմքով, ինչու հիմա, դեռ պարզ չէ, սակայն եթե, այնուամենայնիվ, լուրն իրականություն լինի, դժվար է պատկերացնել, թո այն ինչ քաղաքական ու բարոյական հետևանքներ կունենա:

Մարտական գեներալի ձերբակալությունը, ով անցել է Արցախյան պատերազմի բովով, միանշանակ չի ընկալվի հասարակության կողմից, ու արդարացիորեն հարցեր կառաջանան` ինչո՞ւ, ի՞նչ հեռահար նպատակներ սպասարկելու համար է սկիզբ դրվել այս կործանարար պրոցեսին:

Մարդիկ իրավացիորեն ցանկանալու են իմանալ, թե ինչպե՞ս է ստացվում, որ հակառակորդ երկրի՝ Ադրբեջանի ղեկավար Իլհամ Ալիևը, ով իր երկրում բացահայտ թշնամանք է սերմանում, անընդհատ դիմում է սադրանքների, հրահրում սահմանային միջադեպեր ու պատերազմ սանձազերծում, գերեվարում մեր զինվորներին ու խաղաղ քաղաքացիական անձանց, համարվում է «ինտելիգենտ» մարդ, իսկա ահա մարտական գեներալը` հանիրավի թիրախավորվում:

Ի դեպ, հետաքրքիր է, կօգտագործի՞ արդյոք ՀՀ վարչապետն իր ուղիղ կապի հնարավորությունն «ինտելիգենտ» Ալիևի հետ մեր գերեվարված զինվորի վերադարձը հնարավորինս սեղմ ժամկետներում կազմակերպելու համար:

Ավելի վաղ 168.am-ը ՀՀ վարչապետի խոսնակ Վլադիմիր Կարապետյանից հետաքրքրվել էր` արդյո՞ք վարչապետն օգտագործել է կամ օգտագործելու է Ալիևի հետ ուղիղ կապի հնարավորությունը հայ զինվորին հայրենիք վերադարձնելու համար։

«Հայաստանը կօգտագործի բոլոր հնարավոր միջոցները հայ զինվորի հնարավորինս արագ վերադարձն ապահովելու համար»,- ասել էր  նա։

Ճշգրտող հարցին էլ՝ այսինքն՝ կօգտագործվի՞ ուղիղ կապի հնարարավորությունը, Վլադիմիր Կարապետյանը պատասխանեց. «Ես արդեն նշեցի, որ բոլոր տարբերակները կօգտագործվի»։

Ակնհայտ է, որ ՀՀ իշխանությունները քաջ գիտակցում են, որ Օգանովսկու ձերբակալությունը  ցնցում է առաջացնելու Հայաստանում և Արցախում, որ կիսապատերազմական վիճակում գտնվող երկրի համար այս ձերբակալությունը շատ խորքային, անդառնալի պրոցեսների մեկնարկ կարող է դնել, և ուրեմն ինչո՞ւ են նրանք փորձում գնալ այս ճանապարհով:

Շատերն են մտածելու, որ այս գործողություններն ուղղված չեն Օգանովսկու դեմ, և որ սրանք վերջինիս միջոցով ուղղակիորեն ուղղված են Արցախի, նրա քաղաքական իշխանությունների ու ըստ էության նաև` երկրի ապագայի դեմ:

Փաստորեն, ստացվում է այնպես, որ այն հերոսները, ովքեր չեն զոհվել Արցախյան պատերազմում, արժանանում են նման վերաբերմունքի, և արդեն իսկ փաստ է, որ այս հերոսներին կենդանության օրոք հեղինակազրկելը դարձել է գործող իշխանությունների ձեռագիրը:

Անհնար է, որ իշխանությունները չգիտակցեն, որ այս գործելակերպով վնասում են Արցախին, և, Աստված մի արասցե, պատերազմի վերսկսման դեպքում, արդեն նախապես ըստ էության արժեզրկում են այն հողը, որի համար արդեն առնվազն երեք տասնամյակ իրենց կյանքն են անգամ տալիս մեր երիտասարդ զինվորները:

Այնինչ Արցախն այն անառիկ դարպասն է, որն իր լինելիությամբ թույլ չի տալիս, որ թշնամին ուղիղ ոտքը դնի Հայաստան:

Հայաստանի քաղաքական իշխանություններին լուրն իրողություն դառնալու պարագայում լուրջ փորձություն է սպասվում: Այս ձերբակալության համար նրանք կարող են շատ թանկ հատուցել, և դեռ հարց է` կկարողանա՞ն դրա տակից դուրս գալ, թե՞ ոչ:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Загрузка...