«Փողոցի բերած, փողոցի տարած».Փաշինյանը կորցրեց վերջին զենքը

Загрузка...

«Փողոցի բերած, փողոցի տարած». Փաշինյանը կորցրեց վերջին զենքը

2018-ի մայիսի 9-ին, երբ Նիկոլ Փաշինյանը «փողոցի» ուժով դարձավ ՀՀ վարչապետ, եղան մարդիկ, անգամ այդ օրվա ցույցերին մասնակցողներից, ովքեր պնդեցին, որ Փաշինյանը սխալ է անում վարչապետ դառնալով, քանի որ չունի բավարար հմտություններ և որակյալ թիմ երկիրը կառավարելու համար: Բնականաբար, այդ էյֆորիկ շրջանում այս կարծիքը քչերն էին կիսում, բայց արդեն այսօր օր օրի ավելանում է մարդկանց քանակը, ովքեր ափսոսում են, որ իրենց պայքարի վերջնարդյունքում Նիկոլը դարձավ վարչապետ: Մարդիկ սկսել են հասկանալ, որ լրագրողի կրթությամբ Նիկոլ Փաշինյանն ու իր փողոցից եկած թիմը ունակ չեն երկրի առաջ ծառացած խնդիրները լուծել:

Թերևս հենց սա է պատճառը, որ Նիկոլի վերջին հանրահավաքին, որը տեղի ունեցավ Ստեփանակերտում, մարդկանց բերել էին կամ համոզելով, կամ համերգ լսելու պատրվագով։ Ուշագրավ է նաև այն, որ Նիկոլը հանրահավաք արեց Արցախում, որտեղ այդ օրը միևնույն է մարդիկ հավաքված էին՝ անկախ իր ներկայությունից՝ այսպիսով ևս մեկ անգամ ապացուցելով, որ Երևանում հանրահավաք անելու ներուժ այլևս չունի: Անգամ պետական միջոցներով իրականացվող հարցումները ցույց են տալիս, որ Փաշինյանի վարկանիշը շարունակում է անկում ապրել: Հենց սա է պատճառը, որ նա վախենում է սպասվող թեժ քաղաքական աշնանից: Չէ որ շատ մեծ է հավանականությունը, որ այդ ժամանակ Ռոբերտ Քոչարյանը ազատ կարձակվի՝ ունենալով ՄԻԵԴ-ի և Վենետիկի հանձնաժողովի կարծիքները:

Փաշինյանը վախենում է նաև Քոչարյանի առաջ քաշած «Կոնսենսուս -1» ձևաչափի իրականություն դառնալուց, բայց հենց ինքն է նպաստում դրա արագ կայանալուն՝ իրեն և իր թիմին մեկուսացնելով ՀՀ քաղաքական կյանքից: Հաշվի առնելով Փաշինյանի լայվը «գաղտնի փաստաթղթի մասին» և նրա ծաղրանքի ենթարկված ելույթը Արցախում՝ կարելի է կարծել, որ արդեն անգամ Փաշինյանն է հասկանում, որ իրենք ձախողվել են պետական կառավարման գործում և ուզում է վերադառնալ «փողոցային հանրահավաքների» դաշտ, որտեղ ինքն իրեն զգում էր, ինչպես ձուկը ջրում: Բայց վերջին դեպքերը ցույց տվեցին, որ անգամ այդ դաշտն այլևս իրեն չի պատկանում։ Սա թերևս ամենակարևոր հանգամանքն է՝ Նիկոլն այլևս հետաքրքիր չէ մարդկանց, քանի որ նրանք հոգնել են պոպուլիզմից և կեղծիքից: Հանրությանը պետք է ռացիոնալ ղեկավար, ով գիտի իր խոսքի արժեքը, ունի բավարար գիտելիք և փորձ և լուրջ թիմը, որը կկարողանա ոտքի կանգնեցնել մեր երկիրը՝ դուրս բերելով այն պոպուլիզմի ու կեղծիքի փաշինյանական ճահճից:

Ֆեյսբուք`New way

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Загрузка...