«Վշտացած եմ, պարոն վարչապետ, որ նման սիրողական մակարդակով եք շարունակում ներկայացնել մեր երկիրը դրսում ».Արմեն Աշոտյան

Загрузка...

Վշտացած եմ, պարոն վարչապետ։ Դեսպանահավաքին Նիկոլի ելույթի մասին։

Հայաստանի արտաքին քաղաքական և ոչ մի ոլորտում իշխանափոխությունը Հայաստանում չբերեց բեկումնային դրական զարգացումների:

Արտաքին հարաբերություններում ժողովրդավարությունը չի կարող մեր նման երկրի այցեքարտը լինել: Դնում եմ մի կողմ, արդյոք այսօր Հայաստանը ժողովրդավար է, թե ոչ: Դիցուք, այդպես է: Բայց հիշեք 2008 թվականի Վրաստանի և 2014 թվականի Ուկրաինայի օրինակները և տեսեք, թե ինչ վտանգավոր թեզ եք առաջ քաշում:

Ինչո՞վ եք դառնացած: Որ ստացել եք որպես ժառանգությունը երբևէ ամենալավ բանակցված փաթե՞թը: Որ ձեր ապաշնորհ քաղաքականության պատճառով բանակցային օրակարգից դուրս են մնացել Վիեննայի, Սանկտ Պետերբուրգի և Ժնևի պայմանավորվածություննե՞րը: Որ համանախագահները այլևս չեն շեշտում կարգավորման երեք սկզբունքները, այդ թվում՝ ժողովուրդների ինքնորոշման իրավո՞ւնքը:

Թե՞ դառնացած ես նրանով, որ փոխանակ բանակցային պատմությունը, նախապատմությունը առաջին շուրթերից լսես, հրավիրես Լևոն Տեր-Պետրոսյանին, Ռոբերտ Քոչարյանին, Սերժ Սարգսյանին, իրենցից լսես՝ ոնց է եղել, ինչ է եղել, երբ է եղել, խոստովանում ես, որ բանակցությունների նախապատմության մասին քեզ կարճ լեկցիա է կարդացել Իլհամ Ալիևը: Գուցե դրանո՞վ ես դառնացած:

ԱԳՆ-ին կոչ եմ անում իշխանական պատգամավորների համար Արցախի հարցով թրեյնինգներ անել: Ձեր պատգամավորները անգամ ձեզ չեն կարողանում պաշտպանել Ամուլսարի հարցով, ուր մնաց մեր շահերը կարողանան պատշպանել դրսում:

Աբխազիայի, Հարավային Օսեթիայի և Մերձդնեստրի հետ, այո, ոմանք փորձում են զուգահեռներ անցկացնել: Ու դա կանխելու համար մշտական աշխատանք է պետք: Մենք դա արել ենք: Վերջապես կարդացեք ԵՄ-Հայաստան համաձայնագիրը ու համեմատեք ԵՄ-Վրաստան, Ուկրաինա, Մոլդովա ասոցացման համաձայնագրերի հետ ու տեսեք, թե ինչպիսի հաջողության էինք մենք հասել:

Վշտացած եմ, պարոն վարչապետ, որ նման սիրողական մակարդակով եք շարունակում ներկայացնել մեր երկիրը դրսում:

Արմեն Աշոտյան

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Загрузка...