Սկզբունքայնության համեստ հմայքը ա-լյա Նիկոլ Փաշինյան

Արդեն մի քանի օր է՝ ազգս Ամուլսար է քննարկում…
Հենց այդ պատճառով այս օրերին ոչինչ չեմ գրել այդ թեմայով: Ուշադիր հետևում էի բոլոր գրառումներին և իհարկե համակ ուշադրությամբ լսեցի նաև վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձնավորության երկար-բարակ լայվը: Այդ ամենը ընթերցելուց և լսելուց հետո կարող եմ փաստել մեկ բան՝ մենք այդպես էլ չունեցանք լիարժեք փորձագիտական եզրակացություն, որը հիմնված է իրական ուսումնասիրությունների արդյունքների վրա: Եզրակացություն ներկայացրած ընկերությունը, ըստ էության, ընդամենը վերլուծել է իրեն ներկայացված փաստաթղթերը:
Ոչ մի փորձագետ չի եկել Հայաստան, չի վերցրել հողի և ջրի նմուշներ, չափումներ չի իրականացրել և այլն: Թե ով է պատրաստել և ներկայացրել եզրակացության հիմքում ընկած փաստաթղթերը, այնքան էլ պարզ չէ, սակայն ՙՙըստ օդում պտտվող լուրերի՚՚՝ փարձագիտական եզրակացության փաստաթղթերը տրամադրվել են Լիդիան ընկերության կողմից: Եթե դա այդպես է, ապա հասկանալի է, թե ինչ որակի տվյալներ կարող էին պարունակվել այդ փաստաթղթերում: Ուստի, քանի որ օբյեկտիվորեն չենք կարող մեր երկրի կառավարությանը տրամադրված եզրակացությունը համարել իրապես մասնագիտական փորձաքննական եզրակացություն, եկեք անդրադառնանք սկզբունքայնության հարցին:
Այս անգամ Նիկոլ Փաշինյանը իր ընդարձակ լայվի համար ընտրեց նոր տակտիկա՝ նա ինքը անդրադարձավ Ամուլսարի վերաբերյալ նախկինում արված իր բոլոր հայտարարություններին և հատիկ-հատիկ իր ոճի մեջ ՛վերլուծելով՛ միացրեց իր էլեկտորատին ՛չինական կտեր՛ հրամցնելու տաղանդը և փորձեց կրկին իրականացնել այն նույն աճպարարությունը, որը հալած յուղի պես ընդունվեց ամբոխի կողմից անցած տարի: Բոցաշունչ խոսքերով նույնիսկ նկարագրեց, թե ինչպես նա չէր կարողանում քնել, երբ անցած տարի ծանոթացավ Ամուլսարին վերաբերող բոլոր փաստաթղթերին և հասկացավ, որ Սևանը կորցնում ենք և այլն և այլն…Եվ այդպես շուրջ 40 րոպե:
Այնուհետև նորից և նորից, Նիկլոը իր ռեպերտուարի մեջ փորձում էր ստեղծել այնպիսի տպավորություն, որ ինքը առաջնորդվում է միայն մեր հայրենիքի շահերով: Եթե ես չլինեի սթափ դատող և շատ վաղուց վարդագույն ակնոցներից հրաժարված մարդ, ապա կհավատայի: Սակայն այս անբռնազբոս երկարաշունչ մենախոսության ընթացքում ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձնավորությունը այնուամենայնիվ չկարողացավ փարատել իմ կասկածները առ այն, որ անցած տարի այդ ամբողջ աղմուկը, որը Նիկոլի գրպահի հեղափոխական հիտլերյուգենդը բարձրացրել էր Ամուլսարի ՛բնապահպանական աղետի՛ շուրջ, ոչ այլ ինչ էր, քան պարզունակ փիառ: Իմ սերունդի ներկայացուցիչները կհիշեն, ոնց էր իննսունականների սկզբին Աշոտ Մանուչարյանը նույն ոճի բոցաշունչ խոսքերով ահաբեկում ժողովրդին Նաիրիտի արտանետումներով, ատոմակայանի հավանական պայթյունով (՛՛…սա լինելու է երկրորդ Չերնոբիլը…՛՛) և արդյունքում ունեցանք այն, ինչ ունեցանք: Ես էլ եմ հիշում… Վերադառնանք Նիկոլին: Իր ելույթում նա երիցս ապացուցեց, գոնե ինձ, որ անցած տարվա իրադարձությունները ընդամենը պայքար էին իշխանությունը իր ձեռքը վերցնելու համար, բայց ամենևին ոչ Հայաստանը առաջ տանելու նպատակով:
Անցած տարի, երբ խոշոր ծրագրերի վերաբերյալ որոշումներ կայացնելու, ՛добро՛ տալու լիազորությունները իր ձեռքում չէին, Ամուլսարը վտանգ էր ներկայացնում շրջակա միջավայրի համար, իսկ այսօր, երբ ինքը կարող է միանձնյա որոշումներ կայացնել (այո, հենց միանձնյա, քանի որ նա ցույց տվեց, որ ոչ ոքի կարծիքը հաշվի չի առնում) Ամուլսարը հանկարծակի դառնում է Հայաստանի Հանրապետոթյան համար կարևորագույն ներդրումային պրոեկտը, որը մեծ ներուժ ունի և բլա, բլա, բլա
: Բայց ի՞նչ է փոխվել, ինչը՞ առիթ հանդիսացավ, որպեսզի ՀՀ գերագույն գլխավոր հարց լուծողը փոխի իր դիրքորոշումը: ՈՉ ՄԻ ԲԱՆ, բացի նրանից, որ այսօր ինքն է որոշում, ով պետք է աշխատի Հայաստանում, իսկ ով չպետք է աշխատի: Մնում է հասկանանք, թե ինչով է առաջնորդվում ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձնավորությունը այդպիսի որոշումներ կայացնելիս…
Դատելով իր գործելաոճից՝ հաստատ ոչ Հայաստանի Հանրապետության շահերով:

Նատալյա Սաղիյան

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով