«Ջրագիծն անցնում է համայնքի միջով, բայց ժողովուրդը խմելու ջուր չունի». Արճիսի բնակիչները կրկին ճանապարհ են փակել.168.am

Загрузка...

Այրում խոշորացված համայնքի Արճիս բնակավայրի բնակիչներն այսօր կրկին փակել էին Բագրատաշեն-Ալավերդի ճանապարհը, իսկ պահանջը նույնն էր՝ լուծել խմելու ջրի խնդիրը։

Պարզվում է՝ Լոռի բերդից մինչև Բագրատաշեն «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ն ունի խմելու ջրի ջրագիծ, որն անցնում է Արճիս համայնքի միջով, ուստի բնակիչները պահանջում են, որ Արճիս համայնքին ևս այդ ջրից հասնի։

168.am-ի հետ զրույցում Այրում համայնքի ղեկավար Արայիկ Պարանյանը հայտնեց, որ այս պահին ճանապարհը բաց է:

«Այս հարցը Կառավարություն է ներկայացվել, առայժմ որևէ որոշում չկա, քննարկումներ են ընթանում: Պետք է հասկանանք, թե որքան գումար է անհրաժեշտ: Ջրագիծն անցնում է համայնքի միջով, բայց ժողովուրդը խմելու ջուր չունի: «Վեոլիա Ջուրը» պետք է թույլ տա, որ օգտվեն, մինչև մեր ծրագիրն իրականություն դառնա: Ներքին ցանց պետք է կառուցվի գյուղում, ջրաչափար տեղադրվեն: Ջրագիծը կա, ջուրն էլ, պարզապես պետք է պոմպակայան կառուցվի, մղման խողովակաշար, որ այդ ջրագծից նաև գյուղի ջրավազաններին ջուրը հասնի»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Այրում համայնքի ղեկավար Արայիկ Պարանյանը:

Նրա փոխանցմամբ՝ նախկինում անտառներից է ջուրը եկել, բայց հիմա երաշտի հետևանքով աղբյուրները ցամաքել են:

Արայիկ Պարանյանն ավելի վաղ մեզ հետ զրույցում հայտնել էր, որ Լոռի-Բերդ-Նոյեմբերյան ջրագիծը Արճիս գյուղի տակով է անցնում, հիմա առաջին հերթին այդտեղ պետք է պոմպ կառուցվի, մոտ 2 կմ պետք է ջուրը բարձրացվի, որպեսզի լցվի ջրամբարը, նոր այնտեղից մատակարարվի ամբողջ գյուղին, մինչև որ ներքին ցանց կառուցենք: Սա ներառված է մարզի հրատապ ծրագրերի մեջ: Նույն խնդիրը նաև Լճկաձորում է: Գյուղացիները աղբյուրների ջրից են օգտվել, սակայն հիմա դրանք չորացել են տեղումների բացակայության պատճառով: Դույլերով իջնում ու ջուր են կրում Այրումի տարածքից:

Հավելենք, որ Բագրատաշեն-Ալավերդի ճանապարհը փակած արճիսցիների հետ հանդիպեց նաև Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը և հայտնեց, որ «Վեոլիա Ջուր» ընկերության հետ քիչ առաջ պայմանավորվել է, աշխատանքները կսկսվեն, ջուրը կբերեն համայնք:

Նշենք, որ համայնքի բնակիչներն արդեն բացել են ճանապարհը:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Загрузка...