Հայկ Մարությանի հրաժարականի հարցը`օրակարգում.«Հրապարակ»

Загрузка...

«Հրապարակ»-ը  գրում է.

Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանի հրաժարականի եւ մայրաքաղաքում արտահերթ ընտրություններ անցկացնելու հարցը վերջերս հաճախ է շրջանառվում քաղաքական շրջանակների, լրատվամիջոցների կողմից։ Փաստարկն այն է, որ Հայկ Մարությանը որքան տաղանդավոր է դերասանություն անելիս, նույնքան անտաղանդ ու ապաշնորհ՝ քաղաքը կառավարելիս։ Շուտով կլրանա նրա պաշտոնավարման մեկ տարին, բայց քաղաքում գրեթե ոչինչ չի փոխվել կամ փոխվել է դեպի հակառակը։ Նա չկարողացավ անգամ քաղաքապետ աշխատելու ինն ամիսների ընթացքում լուծել աղբահանության հարցը, ճիշտ հակառակը՝ իրավիճակը գնալով ավելի ու ավելի բարդացավ։ Իսկ երեկ էլ «Սանիթեքը» հայտարարություն արեց, թե 300 միլիոն դրամով պակաս է ստացել իր հասանելիքը, ինչը նշանակում է, որ անհնարին է դառնում աղբահանության իրականացումը քաղաքում։

Քաղաքապետի հրաժարականի եւ արտահերթ ընտրության մասին քննարկումներն ակտիվացել են ոչ միայն ընդդիմադիր դաշտում, այլեւ Հայկ Մարությանին փոխարինելու հարցը քննարկվել է նաեւ իշխանության ներսում։ Այնտեղ էլ հասկանում են, որ Հայկ Մարությանը չի արդարացնում հանրության եւ քաղաքական ուժի սպասելիքները, բայց քանի որ «Իմ քայլի» ավագանու ցուցակում «արժանի» փոխարինողներ չկան, ուստի հարցն առկախվել է։ Թեպետ վերջին օրերին Կենտրոնի թաղապետ Վիկտոր Մնացականյանի շրջապատն է նրան «մատուցում» որպես արժանի քաղաքապետացուի, բայց դա նշանակում է, որ պետք է ավագանու արտահերթ ընտրություններ կազմակերպել, ինչը հղի է վտանգներով։ Համենայնդեպս, քիչ հավանական է, որ իշխող ուժը, անցած տարվա արդյունքները՝ 70 տոկոս, արձանագրի, իսկ դա նշանակում է Երեւանի ավագանիում կորցնել մեծամասնությունը։

Տեսնո՞ւմ են արդյոք ավագանու ընդդիմադիր անդամները Հայկ Մարությանի հեռանալու եւ նոր ընտրություններ անցկացնելու անհրաժեշտությունը։ Հարցին «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը պատասխանեց․ «Մենք հետեւում ենք քաղաքացիների արձագանքին՝ հասկանալու, թե այս հարցի վերաբերյալ ինչ տրամադրություններ կան», իսկ խմբակցությունը գտնում է, որ ավագանին պետք է լուծարվի, նոր ընտրություններ կայանան․ «Ես կարծում եմ, որ այսօրվա ավագանին չի կարող սպասարկել առկա խնդիրներն այն արդյունավետությամբ, ինչը կլիներ, եթե ընտրություններն անցկացվեին քաղաքային տրամաբանության մեջ։

Եթե մենք ուզում ենք, որ քաղաքային կառավարումը լինի արդյունավետ, իրոք քաղաքային կառավարում, ոչ թե ԱԺ-ն ցրելու կողմնակի էֆեկտ, ուրեմն պետք է լինեն նոր ընտրություններ, եթե մեզ բավարարում է քաղաքի այս վիճակը, ուրեմն չպետք է լինեն»։ Խմբակցությունն իրավական լծակներ չունի՝ գործընթացների վրա ազդելու համար։ Որպեսզի օրենքի պահանջին համապատասխան տեղի ունենա Երեւանի ավագանու արտահերթ ընտրություն, Հայկ Մարությանը պետք է հրաժարական տա, նոր քաղաքապետի ընտրությունը երկու անգամ ավագանու նիստում տապալվի, որից հետո միայն ավագանին արձակվում է, եւ արտահերթ ընտրություններ են անցկացվում։ Կա նաեւ մեկ ուրիշ տարբերակ՝ երբ վեց ամիս շարունակ ավագանու նիստեր չեն կայանում։ Սակայն, հաշվի առնելով, որ «Իմ քայլը» մեծամասնություն է կազմում, նման սցենարով հարցին լուծում տալը կնշանակի կրկնակի խայտառակություն։

Կա նաեւ քաղաքապետին անվստահություն ներկայացնելու ճանապարհը, որը հնարավոր է քաղաքապետի պաշտոնավարման մեկ տարին բոլորելուց հետո։ Ավագանու 1/3-ը նման նախագծով է հանդես գալիս, իսկ մեծամասնությունը՝ կողմ քվեարկում։ Սա էլ իրագործելի չէ, որովհետեւ ավագանու մեծամասնությունը, ինչպես նշեցինք, իմքայլականներն են։

Գոյություն ունի չորրորդ տարբերակ եւս՝ հարցի լուծմանը հասնել քաղաքական կոնսենսուսի միջոցով․ «Եթե իշխանությունն ընդունի, որ այս ավագանին, այս ընտրությունները չեն արտացոլում քաղաքային իշխանություն ձեւավորելու ժողովրդի կամքը, ապա քաղաքապետը հրաժարական կտա, եւ կլինեն նոր ընտրություններ արդեն քաղաքային տրամաբանության մեջ, այլ ոչ թե այն, ինչ իրենք արեցին»։

Եվ վերջին տարբերակը․ իհարկե, հանրային ճնշման ներքո իշխանությանը ստիպել, որ գնա այդ քայլին․ ի վերջո, այս իշխանությունը հայտարարում է, որ ժողովուրդն է ձեւավորում իշխանությունը։
Հիշեցնենք, որ 2018-ի սեպտեմբերի 23-ի արտահերթ ընտրությունների քարոզարշավը հենց Հայկ Մարությանի թեթեւ ձեռամբ վերածվեց «սեւի ու սպիտակի» պայքարի, բացի դա՝ հեղափոխությունից մի քանի ամիս անց մարդիկ՝ էյֆորիայի բարձր դոզայի տակ, պատրաստ էին Երեւանի քաղաքապետի պաշտոնում ընտրել ցանկացած մեկին, ում կներկայացներ Նիկոլ Փաշինյանը։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Загрузка...