Հակաիրանական կոալիցիայի ձևավորումը և Օրմուզի նեղուցի ճգնաժամը

Օրմուզի նեղուցում բրիտանական և ամերիկյան նավերի հետ տեղի ունեցած միջադեպերից հետո Իրանի շուրջ ստեղծված լարվածությունը չի թուլանում: Միացյալ Նահանգներում փորձում են ամեն կերպ սրել հարաբերությունները: Թրամփի առաջարկին` ստեղծել հակաիրանական ընդլայնված կոալիցիա, առաջինն արձագանքել է Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը` ամբողջությամբ պաշտպանելով ամերիկյան կողմի նախաձեռնությունը Իրանի հարցում: Ջոնսոնն արդեն խոստացել է մոտ ժամանակներս նույնիսկ բրիտանաակն ռազմանավեր ուղարկել տարածաշրջան: Իսկ ահա Գերմանիան ու Ֆրանսիան առավել զուսպ վարքագիծ են առայժմ հանդես բերում և խուսափում են ներգրավվել Մերձավոր Արևելքում բռնկվող հնարավոր պատերազմին:

Ի՞նչ զարգացում կունենա հետագա հակամարտությունը և արդյո՞ք կա վիճահարույց նավթային հարցերի արդյունավետ լուծման բանաձև, առայժմ դժվար է կանխատեսել:
Հիշեցնեմ, որ ԱՄՆ-ը վաղուց է հակամարտում Օրմուզի նեղուցի համար, որը հանդիսանում է Պարսից ծոցից էներգետիկ ռեսուրսների տարհանման կարևորագույն ճանապարհ: Ջրային տարածքները տնօրինող Իրանը սա դիտարկում է պետական և էներգետիկ անվտանգությանը սպառնացող անմիջական վտանգ: Միջուկային հարստացման խնդիրը, ինչպես նաև բեռնակիր նավերի միջադեպը ԱՄՆ-ը փորձում է դարձնել պատրվակ հակաիրանական կոալիցիա ստեղծելու հարցում: Բրիտանիան, ինչպես նշեցի, հուլիսի 5-ին արդեն հայտարարել է Պարսից ծոց ռազմանավեր ուղարկելու իր պատրաստակամության մասին: Այն դեպքում, երբ Բորիս Ջոնսոնը դեմոնստրատիվ կերպով շրջվում է մեջքով դեպի Եվրոպա, Գերմանիան ու Ֆրանսիան առաջ են քաշում այլ նախաձեռնություն, որը կոչված է կարգավորելու մի կողմից խաղաղ նավարկությունը նեղուցում, մյուս կողմից՝ բացառելու լայնամասշտաբ պատերազմի հավանականությունը Պարսից ծոցում:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ինչպիսի՞ն է նման պայմաններում Պարսից ծոցի երկրների վարքագիծը: Սաուդյան Արաբիայի պարագայում վարքագիծը կանխատեսելի է: Լինելով Իրանի հակառակորդը տարածաշրջանում և ԱՄՆ-ի տնտեսական ու քաղաքական դաշնակիցը` ամենայն հավանականությամբ կմիանա կոալիցիային: Էմիրությունները, Բահրեյնը և Քաթարը նույնպես մեծ հավանականությամբ կհետևեն Սաուդյան Արաբիայի օրինակին: Ծոցի միապետությունների մասնակցությունը կոալիցիային ունի հիմնականում ֆինանսա-տնտեսական շարժառիթներ: Վերջիններս էապես անհանգստացած են տարածաշրջանում Իրանի ունեցած նավթային հզորությունների աճով, հետևաբար շահագրգիռ են ֆինանսավորելու հակաիրանական հնարավոր ռազմական գործողությունը:

Այս ամենին գումարած ԱՄՆ-ին անհանգստացնում է նաև Սիրիայում Իրանի ունեցած դերակատարությունը: Հետևաբար նահանգներում ձգտում են կա՛մ իշխանափոխություն իրականացնել Իրանում, կա՛մ վերահսկողություն սահմանել էներգետիկ ռեսուրսների վրա:
Բայց այստեղ կա լուրջ դժվարություն. խնդիրը կայանում է նրանում, որ քանի դեռ Իսլամական հեղափոխության ազդեցությունը Իրանում չի չեզոքացվել, <<խաղաղ>> ճանապարհով իշխանափոխություն կազմակերպելու հնարավորությունները սահմանափակ են: Հետևաբար, պատրանքային են նաև վառելիքային ռեսուրսների վրա վերահսկողություն սահմանելու ամեիկյան հույսերը:
Ասվածի վառ վկայությունն է ամերիկյան գործակալական ցանցի բացահայտման հետ կապված վերջին իրադարձությունները և Իրանի իշխանությունների անողոք վարքագիծը երևույթի ոչնչացման հարցում:

Ի՞նչ դիրքորոշում ունի Իրանի հարցում Ռոսաստանը:
Առաջին հայացքից այն թվում է չեզոք և անկողմնակալ, քանի որ Ռուսաստանի ղեկավարությունն առերևույթ առաջարկում է հանդես բերել երկկողմանի զսպվածություն: Իրանն իր հերթին Ռուսստանի տեսնում է որպես հուսալի գործընկեր և առաջարկում է ռազմածովային միացյալ վարժանքներ անցկացնել Օրմուզի նեղուցում: Ռուսական ռազմածովային ուժերի ներկայությունը նեղուցում, անխոս, զսպող հանգամանք կհանդիսանա ամերիկյան ագրեսիվ ձգտումների համար:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ի՞նչ է առաջարկում Չինաստանը: Վերջինս ավելի շատ հանդես է գալիս, ինչպես եվրոպական առաջատար եկրները, նեղուցի խաղաղ նավարկության առաքելության պաշտպանության դիրքերից, ինչը նորից աննուղղակի հակադրում է ամերիկյան շահերին, որը նպատակ ունի տարաբնույթ պրովոկացիաների միջոցով ավելացնել լարվածությունը:
Իրանը իր հերթին փորձում է Օմանի սուլթանի օգնությամբ ձևավորել միջնորդական առաքելություն: Նախկինում ևս Օմանի սուլթանը բազմիցս միջնորդ է հանդիսացել Իրանի և ԱՄՆ-ի հարաբերություններում առկա լարվածությունը թուլացնելու հարցում: Կհաջողվի՞ այս անգամ, թե՞ ոչ, այլ հարց է, բայց այն որ տարածաշրջանի կայունության հարցում Չինաստանի և Ռուսաստանի շահագրգռվածությունը Միացյալ Նահանգների ագրեսիվությունը զսպող հիմնական գործոնն է, դժվար է առարկել:

Քաղաքագետ  Գարեգին Պետրոսյանի ֆեյսբուքյան էջից

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով