Politik.am.Եթե Հայկ Սարգսյանը որոշել է, որ դիմելով դատարաններ՝ հնարավոր է մամուլի բերանը փակել, չի լինելու. Արմինե Օհանյան

Загрузка...

ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը երեկ ֆեյսբուքյան գրառում էր կատարել՝ տեղեկացնելով, որ 6 դատական հայց է ներկայացրել լրատվամիջոցների դեմ: Իր խոսքով՝ տևական ժամանակ է՝ մամուլում և սոցիալական ցանցերում տեղեկատվական արշավ է սկսվել իր դեմ, և նախաձեռնության հեղինակներն ու նրանց լրատվամիջոցները սուտ և կեղծ տեղեկություններ են տարածում պատգամավորի մասին՝ նպատակ ունենալով արատավորել իր պատիվն ու արժանապատվությունը, խոչընդոտել պատգամավորական գործունեությանը։

Նշենք, որ 6 դատականը հայցերից 3-ը «Հրապարակ» օրաթերթի դեմ են:

Politik.am-ը թեմայի շուրջ զրուցել է «Հրապարակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արմինե Օհանյանի հետ: Վերջինս, անդրադառնալով Հայկ Սարգսյանի նշած տեղեկատվական արշավին, ասաց.

«Ոչ մի նման արշավ գոյություն չունի: Մենք որևէ տարբերություն չենք դնում Հայկ Սարգսյանի կամ մյուս պատգամավորների միջև: Բոլորին անդրադառնում ենք նույն հաճախականությամբ, նույն տրամադրվածությամբ, նույն դիրքերից, պարզապես նրանցից մեկն անընդհատ հայտնվում է մամուլի տեսադաշտում, մյուսը չի հայտնվում: Այսինքն՝ դա մեր մեղքը չէ: Ինքը պիտի իր գործողությունների և իր պահվածքի մեջ փնտրի դրա պատճառները: Ավելին ասեմ՝ ես իր հոր, իր ընտանիքի հետ ժամանակին բավականին շփումներ եմ ունեցել, շատ հարգալից ու ջերմ հարաբերություններ են եղել: Առավել ևս որևէ նպատակ, միտում հատկապես իրեն «սևացնելու» կամ թիրախավորելու՝ «Հրապարակը» չունի»:

Արմինե Օհանյանը ընդգծեց՝ եթե պատգամավորը որոշել է, որ դիմելով դատարաններ՝ հնարավոր է մամուլի բերանը փակել և կանխել հետագա հրապարակումները, չի լինելու: «Մեր հրապարակումները ուղիղ համեմատական են լինելու իր գործողություններին, իր ակտիվությանը, իր պահվածքին»,-նշեց նա:

«Հրապարակ»-ի գլխավոր խմբագիրը տեղեկացրեց, որ լրատվամիջոցը դատարանից ծանուցում չի ստացել, փոխարենը ստացել է հակառակ կողմի հայցադիմումների պատճենները: Հարցին՝ հայտնի՞ են դատական հայցերի հիմքերը, Օհանյանը պատասխանեց.«Այո, մոտավորապես հայտնի են: Որոշ հրապարակված լուրերի վերաբերյալ են հայցադիմումները»:

Գլխավոր խմբագրից հարցրինք նաև՝ հաստատու՞մ է, որ հրապարակումներում եղած լուրերը ճիշտ են, ինչին ի պատասխան՝ ասաց.«Ես նման հայտարարություններ չեմ կարող անել, որովհետև մամուլի աշխատանքը շատ բազմաշերտ է՝ չի կարելի ասել՝ ճի՞շտ են, սխա՞լ են, չափազանցրա՞ծ են, 100%-անոց ստու՞յգ են, թե՞ ոչ՞: Դրանք բոլորը մեր բնականոն աշխատանքի ընթացքում ծնված հրապարակումներ են, ընդ որում՝ այնպիսի հրապարակումներ, որոնք ոչ միայն մեզ մոտ են եղել, այլ բազմաթիվ այլ լրատվամիջոցներում»:

«Հրապարակ»-ի գլխավոր խմբագրից հետաքրքրվեցինք նաև՝ ինչպե՞ս կմեկնաբանի վերջին շրջանում լրատվամիջոցների դեմ եղած դատական հայցերի ավելացումը: «Ճնշումներ ու դժվարություններ միշտ են եղել: Մենք այս տարիների ընթացքում բազմաթիվ  դատական պրոցեսների մեջ ենք եղել, որոնց, կարելի է ասել, 90%-ում հաղթել ենք, ապացուցել ենք մեր ճշմարտացիությունը, դա նորմալ է, բայց որ հեղափոխությունից հետո բազմապատկվել են դատական հայցերը, այնպիսի մթնոլորտ է ստեղծվել, որտեղ մերժվում է ազատ խոսքը, քննադատությունը չի ընկալվում, չի ընդունվում, ու իշխանությունը անհանդուրժող է ազատ խոսքի ու քննադատության հանդեպ, փաստ է, և ոչ ոք չի կարող ժխտել»:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Загрузка...