56 մլն դրամ հերթական ճոխ պարգևատրումների համար.«Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրել է

Քաղաքապետարանը հերթական ճոխ պարգևաճարներն է հատկացրել իր աշխատակիցներին։ Հայկ Մարությանի ղեկավարած հիմնարկը, ինչպես և ՊԵԿ-ն ու մյուս գերատեսչությունները, չեն կարողանում հրաժարվել իրենք իրենց տեղի-անտեղի պարգևատրելու գայթակղությունից։ Նրանք իրենց կյանքն ուղղակի չեն պատկերացնում առանց խոշոր պարգևավճարների։ Ժողովրդին անձնուրացաբար ծառայելու խոստումով իշխանության եկածները շարունակում են հին բարքերով ուղղակի «քերել» ժողովորդի հարկերից գոյացած բյուջեն՝ պարբերաբար իրենք իրենց ճոխ պարգևատրելով։ Եվ սա անում են ամեն եռամսյակը մեկ։ Օրինակ՝ քաղաքապետի բոլոր չորս տեղակալները, գլխավոր ճարտարապետն ու աշխատակազմի քարտուղարը ստացել են ամենաբարձր պարգևավճարը՝ յուրաքանչուրը 965 հազարական դրամ, որն իրենց ամսական աշխատավարձի կրկնակին է, դեռ մի բան էլ ավել։ Ընդհանուր պարգևատրվել է 117 աշխատակից, որոնց մեջ ամենացածր պարգևավճար ստացել են օգնականներն ու գործավարները՝ 200 հազար դրամից մի քիչ ավելի։ Իսկ կոմունալ տնտեսության վարչության պետ Արարատ Խաչիկյանը, որը ձախողել է քաղաքի աղբահանությունը, ստացել է 840 հազար դրամ պարգևավճար։ Քանի որ տրամաբանորեն աշխատակիցը պարգևատրվում է իր կատարած լավ աշխատանքի, գրանցած բարձր արդյունքների համար, ուստի կարող ենք ենթադրել, որ քաղաքապետ Հայկ Մարությանը Արարատ Խաչիկյանին պարգևատրել է քաղաքը աղբի մեջ թաղելու և նախորդից էլ ավելի մեծ քանակությամբ աղբ փողոցներում կուտակելու, նախորդ ամիսներից էլ ավելի վատ քաղաքը մաքրելու համար, քանզի թերևս միայն այս հարցում է, որ քաղաքապետարանն ամեն ամիս ինքն իրեն գերազանցում է։ Ի դեպ, նկատենք, որ Հայկ Մարությանը պարգևատրվածների ցանկում չկա․ նա խոստացել էր, որ հրաժարվելու է պարգևավճարներից և խոստումը պահում է։ Համենայնդպես այդպես է երևում հրապարակված ցանկից։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

 

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով