Փաստեր, հարգելիներս, հակառակ դեպքում այս կարգի հայտարարությունները նմանվում են քուչի կնոջ բամբասանքի. Մարգարիտ Եսայան

Մարգարիտ Եսայանը  ֆեյսբուքյան իր էջում հայտարարությամբ է հանդես եկել՝ ի պատասխան  Աննա Հակոբյանի գրասենյակի երեկ տարածած հայտարարության։

Մ. Եսայանը գրել է. «Քիչ առաջ կարդացի Աննա Հակոբյանի գրասենյակի հայտարարությունը առ այն, որ իր հիմնադրամի մասին տեղեկությունը կլորիկ գումարի դիմաց պատվիրել է «նախկին կոռումպացված համակարգի պաշտոնյաներից մեկի որդին»։

Առնվազն հակաօրինական է, զրպարտություն է նման հայտարարություն տարածելը առանց կոնկրետ անունների, առանց կոնկրետ փաստերի։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Այս հայտարարությամբ մի ամբողջ իշխանություն՝ չորրորդ իշխանությունը, մեր երկրում լրատվական համքարությունը դառնում է թիրախ, հերթական անգամ, վիրավորանքի և զրպարտության նշանառության տակ է հայտնվում։

Կարծում եմ, այս կարգի պնդում անող կառույցը կամ անձը պարզապես պարտավոր է խոսել կոնկրետ, փաստարկված և եթե իրոք ունի փաստեր, հրապարակի դրանք, կոնկրետ ով ո՞ւմ, ե՞րբ, որտե՞ղ, որքա՞ն գումար է հանձնել, կոնկրետ ի՞նչ և ինչպե՞ս գրելու համար։

Նույն այդ հայտարարության մեջ կար տող այն մասին, որ ինչ-որ գործարարներ ևս բողոքում են այս կամ այն ԶԼՄ-ից, իրենցից գումար պահանջելու համար։ Դարձյալ՝ մերկապարանոց, ո՞ր գործարարը, ե՞րբ և ո՞ւմ մոտ է սիրտը բացել, ո՞ր ԶԼՄ-ից է բողոքել, կոնկրետ։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Փաստեր, հարգելիներս, հակառակ դեպքում այս կարգի հայտարարությունները նմանվում են քուչի կնոջ բամբասանքի, «բեսեդկայի գյալաջու»։ Բարձրաստիճան պաշտոնյայի տիկնոջ գրասենյակը այդպիսի պլենտուզային (շրիշակ) մակարդակի հայտարարություն իրավունք չունի անել, մի քանի պատճառներով․

ա․ այդ հայտարարությունը փաստերից զուրկ է,

բ․ ինքը, տիկին Հակոբյանը կոնկրետ թերթի և կայքի սեփականատեր-խմբագիր է և գոնե տարրական էթիկայի կանոնները պարտադրում են առավել զուսպ լինել ԶԼՄ-ների մասին իրենց հայտարարություններում,

գ․ իրեն հարգող ոչ մի ԶԼՄ իրավունք չունի սա կարդալ և անցնել առաջ, պիտի հաջորդեն քայլեր,

դ․ եթե իրոք սա զրպարտանք է, տվյալ ԶԼՄ-ն պարտավոր է դիմել դատարան զրպարտության համար,

ե․ ԶԼՄ-ն պարտավոր է հերքում պահանջել գրասենյակից։

Ի վերջո, հարգելի պաշտոնյաներ եւ տիկնայք, հերիք է ցեխ շպրտեք մամուլի, ԶԼՄ-ների ուղղությամբ, հիշեք ձեր իսկ անցած ճանապարհը, և մի մոռացեք այն, ինչ դուք եք արել ոչ հեռավոր անցյալում, բոլորիս աչքի առաջ է եղել և, բարեբախտաբար, կենդանի են, կան վկաներ ձեր մութ և «պատվիրված» լուրերի, հոդվածների և այլ մանիպուլյատիվ գործողությունների։

Այնպես որ, հրապարակեք ամբողջական ցուցակը, հակառակ դեպքում, կարծում եմ, կգա օրը և ձեր մասով կհրապարակվի ամբողջական ցուցակը։

Վերջում՝ տարաբնույթ ֆանտաստիկ ենթադրությունների տեղիք չտալու համար, հարկ եմ համարում շեշտել՝ ինքս չեմ էլ կարդացել այն, ինչ գրվել է Աննա Հակոբյանի գրասենյակի մասին, չեմ էլ պատկերացնում, թե ինչ են գրել, ո՞ր թերթը կամ կայքն է գրել, կարդացել եմ միայն նշածս գրասենյակի հայտարարությունը, որը և առիթ դարձավ այս արձագանքին։

Հ․Գ․ Անգամ չեմ ուզում խոսքս ուղղել խոսքի ազատության, ԶԼՄ-ների իրավունքները պաշտպանելու նպատակով ստեղծված և գործող ակումբներին և հկ-ներին, քանի որ վերջին մեկ տարում նրանք իրենց բուն առաքելությունը մոռացած տրվել են այլ հաճույքների, և նրանց խոսքը ինձ համար, գոնե, դարձել է զրոյական նշանակության։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով