Այսօր վերջապես պարզ դարձավ, որ 14 ամիսների ընթացքում վարչապետի ամենամեծ «ձեռքբերումը» ժողովրդավարությունն է, մի բան, որն իրականում կեղծ է կամ գոյություն ունի պատրանքների մակարդակում:
Ժողովրդավարությունը, ինչպես մյուս քաղաքական ռեժիմները, ունեն հստակ բաղադրիչներ, որոնց առկայության դեպքում միայն կարելի է խոսել ռեժիմի ժողովրդավարական լինելու մասին: Եթե անգամ հայաստանյան նախորդ ռեժիմը ընդունենք որպես ավտորիտար, միևնույնն է` բավարար չէ, որպեսզի նախկինը մերժող նորը լինի ժողովրդավարական :
Ժողովրդավարության բաղադրիչներն են`
1. Քաղաքական պլյուրալիզմը- քաղաքական հայացքների և գործողությունների ազատ արտահայտման հնարավորությունը: Գիտակցաբար ճամբարավորված հայաստանյան ներկայիս հասարակության մեջ ամենախոհեմ հարցադրումն անգամ գործող իշխանություններին կարող է որակվել որպես դավադրություն, հակահեղափոխություն, սաբոտաժ, ծախվածություն : Կենսափիլիսոփայությունն այն շրջանակներում`«ով մեզ հետ չէ, մեր դեմ է», մերժում է պլյուրալիզմը : Երբ ասվում է «հանգիստ նստեք տեղներդ», «մեռնում» է պլյուրալիզմը :
2. Իշխանության ներկայացուցչական մարմինների ձևավորման ընթացակարգերը ազատ, արդար և հավասար ընտրությունների ճանապարհով :Այստեղ նույնպես կա պատրանքային պատկերացում ժողովրդավարական ընթացակարգերի իրացման առումով : Կապանի ընտրություններում կրած ձախողումն անմիջապես որակվեց հակահեղափոխության «վերակազմավոման» փորձ : Անթույլատրելի վարչական լծակների օգնությամբ իրականացված Աբովյանի ընտրությունների ձախողումը պառակտում առաջ բերեց իշխող քաղաքական թիմի ներսում, համապետական խորհրդարանական ընտրություններն անց կացվեցին ոչ այնքան հանուն ինչ-որ բանի, այլ առավելապես` ընդդեմ նախկին ռեժիմի: Ամբողջ քարոզարշավը կառուցված էր իշխանական նախկին քաղաքական ուժերին պարսավանքի ենթարկելու վրա, ինչն ի սկզբանե կոչված էր բացառելու հայեցակարգային բանավեճի հավանականությունը:
Իսկ ինչ վերաբերում է ընտրություններում իշխող քաղաքական թիմի հաջողությունը, այն ոչ այնքան ժողովրդավարական ընթացակարգերի գործադրման, որքան անձամբ Փաշինյանի խարիզմատիկ լեգիտիմության արդյունքն էր: Նման լեգիտիմությունն հիմնականում ոչ ժողովրդավարության դրսևորում է (ի տարբերություն ռացիոնալ-լեգալ լեգիտիմության), քանի որ առավելապես բնորոշ է ավտորիտար և տոտալիտար ռեժիմների առաջնորդներին:
3. Իշխանության ճյուղերի տարանջատումն ու հավասարակշռությունը : Այստեղ նույնպես ակնհայտ է իշխանության գերկենտրոնացումը գործադիրի ձեռքում: Խորհրդարանական կառավարման համակարգի համար առկա է արտասովոր իրավիճակ, երբ օրենսդիրը կատարում է բացառապես «սպասարկող» գործառույթ, իսկ դատական համակարգը շարունակաբար ենթարկվում է գործադիրի կամայականություններին ու ոտնձություններին:
Ժողովրդին «վարելու» տեսանկյունից գուցե, բայց, որպես քաղաքական ռեժիմ, Ժողովրդավարություն գոյություն չունի: