Լեգիտիմության ճգնաժամն անխուսափելի է դարձնելու ցնցումները քաղաքական համակարգի ներսում.Գարեգին Պետրոսյան

Քաղաքական համակարգի կառուցվածքային-ֆունկցիոնալ դիսբալանսը և ցնցումների անխուսափելիությունը

Քաղաքական համակարգի բաղկացուցիչ տարրերն են`
1.Պետությունը
2.Քաղաքական կազմակերպությունները (կուսակցություններ)
3. Հասարակական կազմակերպությունները, շահերի խմբերը

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Եթե պարզեցված դիտարկենք քաղաքական համակարգի արդյունավետ գործոռնությունը, կստացվի հետևյալը. տարատեսակ ՀԿ-ներն ու շահերի խմբերը հավաքագրում են հանրությանը հուզող և լուծումներ պահանջող հիմնախնդիրները: Քաղաքական կուսակցությունները առաջնահերթության կարգով և լուծումների տեսքով հիմնախնդիրները ներառում են իրենց նախընտրական պլատֆորմի մեջ, որն էլ հենց հաղթաթուղթ է հանդիսանում կուսակցությունների հիմնական նպատակի` իշխանության ձևավորման գործընթացին մասնակցության շրջանակներում: Եվ քանի որ կուսակցության հիմնական խնդիրն իշխանության ձևավորմանը և իրականացմանը մասնակցելն է, ապա դռնալով իշխանություն և ստանալով պետակառավարչական իրավազորություն, կուսակցությունը որպես արդեն կառավարող ուժ կյանքի է կոչում այդ լուծումները: Եթե քաղաքական համակարգի կառուցվածքային փոխգործակցության այս մեխանիզմը խախտվում է, նվազում է համակարգի արդյունավետ գործառնությունը: Այսինքն` եթե կուսակցությունն իր քաղաքական օրակարգը ձևակերպելուց ՀԿ-ների և շահերի խմբերի կողմից հավաքագրված և բարձրացված հիմնախնդիրնրն անտեսում է, որպես կանոն, օրակարգը դառնում է կեղծ: Եթե կուսկացությունն իշխանության հասնելով` անտեսում է հիմնարար լուծումների կարևորությունը, որի շնորհիվ ձեռք է բերել վստահության քվե, վտանգում է ոչ միայն իր ապագան(վերընտրվելու հնարավորությունը), այլև համակարգի հետագա վերափոխման օրինական ընթացակարգը: Իշխանության ձևավորման ընտրական գործընթացը ձեռք է բերում ֆորմալ բնույթ: Ակտուալ են դառնում իշխանության ձեռք բերման հակասահմանադրական ուղիները:

Քաղաքական համակարգի կառուցվածքային գործառնության տեսանկյունից այսօր էլ Հայաստանում շարունակում ենք ունենալ նույն արտառոց պատկերը, ինչ ունեցել ենք նախկինում: Ավելին` կառավարման խորհրդարանական ձևի պայմաններում, երբ թվում է քաղաքականության մշակման հարցում կուսակցություններին պետք է վերապահված լինի բացառիկ դերակատարում, ունենք միանգամայն հակառակ պատկեր: Կուսակցությունները մի տեսակ հայտնվել են քաղաքական համակարգի լուսանցքում` այդ թվում իշխող քաղաքական կուսակցությունը, իսկ քաղաքականության մշակման բուն գործնթացը իրականացվում է արտակուսակցական միջավայրում` անհասկանալի ինչ-որ փակ խմբերում: Խախտված է համակարգի ներքին ֆունկցիոնալ-կառուցվածքային կապը, ինչի հետևանքով լուծում պահանջող հիմնախնդիրները գործնականում այդպես էլ մնում են անկատար:

Փաշինյանի խարիզմատիկ լեգիտիմության շնորհիվ համակարգը դեռևս կարողանում է խուսանավել լուրջ ցնցումներից: Բայց սա էլ տևական լինել չի կարող: Լեգիտիմության ճգնաժամն անխուսափելի է դարձնելու ցնցումները քաղաքական համակարգի ներսում:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Քաղաքագետ   Գարեգին Պետրոսյանի ֆեյսբուքյան գրառումը

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով