Դատարանը մերժեց փաստաբանների միջնորդությունը և Մանվել Գրիգորյանին թողեց կալանքի տակ

Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ, մերժեց Ազգային ժողովի նախկին պատգամավոր, ԵԿՄ վարչության նախկին նախագահ Մանվել Գրիգորյանի փաստաբանների միջնորդությունը՝ 10 մլն դրամ գրավով նրա խափանման միջոց կալանավորումը անհապաղ վերացնելու մասին։

«Եթե ամբաստանյալ Մանվել Գրիգորյանը տեղափոխվել է դատարան, դա արդեն իսկ վկայում է, որ նա ի վիճակի է մասնակցել դատական նիստին»,- հայտարարեց դատավոր Մնացական Մարտիրոսյանը։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Նշենք, որ Գրիգորյանի պաշտպանական խումբը հայտարարել էր Մանվել Գրիգորյանի առողջական վիճակի վատթարացման մասին ու միջնորդել անհապաղ վերացնել նրա խափանման միջոց կալանավորումը։ Խափանման միջոցը վերացնելու մասին պաշտպանական խումբը բազմաթիվ միջնորդություններ է ներկայացրել, սակայն դրանք չեն բավարարվել։

Հիշեցնենք, որ Մանվել Գրիգորյանը մեղադրվում է ապօրինի կերպով զենք-զինամթերք պահելու, ավելի քան 101 միլիոն դրամի գույք յուրացնելու, ավելի քան 1 միլիարդ դրամի հարկերի վճարումից խուսափելու, պետական միջոցներից ավելի քան 1 միլիարդ դրամ վատնելու և շորթմամբ 37 միլիոն դրամ արժողությամբ գույքի հափշտակությունը կազմակերպելու մեջ:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով