Քաղաքականության մահը

Загрузка...

Օրեր առաջ ստեփանավանցի բնապահպան Մանյա Մելիքջանյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակեց սատկած ձկների նկարներ՝ «Սոս Ձորագետ» վերնագրով՝ հայտնելով, որ աշխատանքը դադարեցրած, բայց փակման ծրագիր չներկայացրած Արմանիսի ոսկու հանքը թափոններն ուտիլիզացնում է՝ արտանետելով Ձորագետի Չքնաղ վտակը։ Հրապարակումն ուղեկցվում էր բնապահպանին ուղղված մեղադրանքներով, վիրավորանքներով, հաշվեհարդարի սպառնալիքներով։ Սակայն Չքնաղ գետի աղետն արձագանք չգտավ ֆեյսբուքյան հանրության շրջանում, եւ որեւէ լրատվամիջոց հարկ չհամարեց հետաքրքրվել խնդրով։ Ապշելու էր, որ հատկապես վերջերս բնապահպանական խնդիրներն ուշադրության կենտրոնում պահող հանրությունն այդ աստիճան անտարբեր գտնվեց օգնության կանչին։ Ո՞րն է Արմանիսի հանքի եւ Ամուլսարի, Սեւանի ու Տավուշի անտառների տարբերությունը, որը ստիպում է մեկին ուշադրություն դարձնել, մյուսին՝ ոչ։ Պատասխանը մեկն է՝ քաղաքականությունը։ Իհարկե, Հայաստանի ընդերքի անխնա շահագործումը քաղաքական բնույթի հարց է իր ամբողջության մեջ, եւ բնապահպանական ոչ մի խնդիր քաղաքականությունից անջատ չէ, բայց ակնհայտ է, որ որոշ խնդիրներ առավել քաղաքական են, քան մյուսները։

Թավշյա հեղափոխությունից հետո քաղաքական թեման հայաստանյան հասարակության մեջ եւ մեդիայում դարձավ գերիշխողը, եթե չասենք՝ միակը։ Գովազդային գործակալների պնդմամբ՝ անգամ բարդացել է թիրախային գովազդ տեղադրելը՝ թեմատիկ կայքերի բացակայության պատճառով։ Հայաստանյան մեդիայի բովանդակությունն ամբողջությամբ քաղաքական է։ Դա բնական է, աննախադեպ քանակությամբ մարդիկ՝ մեծ մասամբ քաղաքականության հանդեպ անտարբեր, մեկից քաղաքականացվեցին եւ դարձան գործող անձ, թեկուզեւ միայն զանգվածային տեսարաններում։ Նրանց հետաքրքրությունը քաղաքականության հանդեպ շարունակում է վառ մնալ, թեպետ արդեն գործող անձից վերածվել են հանդիսատեսի։ Բայց քաղաքական ռեալիթի-շոուն շարունակում է նրանց հետաքրքրված պահել՝ ինչպես հեռուստատեսությամբ տարբեր տարիների ցուցադրվող «կինոն»՝ այս կամ այն սերիալը։ Այդպես մենք ականատես ենք լինում, թե ինչպես է քաղաքականությունը գրավում է մեր կյանքի մնացած ոլորտները՝ մշակույթը, արվեստը, գրականությունը, գիտությունը եւ անգամ շոու-բիզնեսը։

Շոու-բիզնեսի եւ քաղաքականության հարաբերությունները շատ հետաքրքիր են։ Նախորդ իշխանության համար շոուբիզնեսն օլիգարխիայի պես հենարան էր, աստղերը՝ վստահված անձինք՝ այն աստիճան, որ ռեժիմը սկսեց պրոֆեսիոնալ քաղաքական գործիչներին փոխարինել շոու-բիզնեսի աստղերով։ Թվում էր՝ հեղափոխությունից հետո դրա անհրաժեշտությունը չի լինի, բայց դատելով նրանից, թե ինչպիսի միգրացիա սկսվեց շոու-բիզնեսից դեպի քաղաքականություն, կարելի է ասել, որ քաղաքականությունն այսօր հավակնում է կատարել նույն գործառույթը, ինչ մեկուկես տասնամյակ առաջ վերապահված էր շոու-բիզնեսին։ Այն է՝ զվարճացնել, զբաղեցնել, ապահովել ժամանցը։ Հեղափոխության առաջնորդն անգամ, լինելով պրոֆեսիոնալ քաղաքական գործիչ, ստիպված էր եւ է պարբերաբար փոխառել միջոցներ շոու-բիզնեսի զինանոցից։ Մենք կարող ենք տեսնել պրոֆեսիոնալների կողմից նկարահանված հոլովակ, որտեղ նա ասմունքում է։ Մենք կարող ենք հետեւել նրա ընտանիքի առօրյային, ինչպես ռեալիթի-շոուի։ Նա ասես ամեն կերպ ձգտում է իր վրա կենտրոնացած պահել հանդիսատեսի ուշադրությունը։ Եվ նա մենակ չէ, այդ մարտավարությունն են որդեգրել կառավարության այլ անդամներ ու պատգամավորներ եւս։ Իհարկե, շոու-բիզնեսի կողմից քաղաքականության գրավման ամենացայտուն օրինակը քաղաքապետ Հայկ Մարությանն է, որը նախքան քաղաքապետ դառնալը հումորային սկետչների սիրված դերասան էր։ Թվում է՝ քաղաքականությամբ սկսել են զբաղվել նրանք, ովքեր մի քանի տասնամյակ առաջ իրենց ուժերը կփորձեին միայն բեմում։ Քաղաքական եւ պետական գործիչ դառնալը հիմա նաեւ շատ երիտասարդների երազանքն է։

Շոու-բիզնեսի վերաճումը քաղաքականության բնորոշ է ոչ միայն Հայաստանին։ Կարող ենք հիշել հենց միայն Թրամփի ու Զելինսկու օրինակները։ Իտալիայում մեծ ժողովրդականություն վայելող եւ խորհրդարանական երրորդ ուժը հանդիսացող «Հինգ աստղի շարժում» կուսակցության ղեկավարը հումորիստ Բեպե Գրիլոն է։ Լեհաստանում քաղաքական գործունեությամբ է զբաղվում ռոք-երգիչ Պավել Կուկիզը, որ նախագահական ընտրություններին երրորդ տեղը զբաղեցրեց։ Սլովենիայի ներկայիս վարչապետընույնպես հումորիստէ՝հայտնիմիքանի հեռուստատեսային շոուներից, քաղաքական սատիրայի վարպետ։ Նույնկերպ Հայաստանում հնարավորություն ուներ կայանալու դերասան Սերգեյ Դանիելյանի ՔԱՔ կուսակցությունը, որը նույնիսկ դեռ չգրանցված՝ արդեն հետեւորդների մեծ բանակ ուներ։ Այսպիսով, կարելի է ասել, որ կա ընդհանուր միտում։ Աշխարհը քաղաքականացվում է, ավելի ու ավելի շատ մարդ է հետաքրքրվում քաղաքականությամբ, եւ շոու-բիզնեսի ներկայացուցիչները, որ սովոր են փառքի ու ուշադրության, իբրեւ ինքնարտահայտման ասպարեզ ընտրում են արդեն քաղաքականությունը։ Սա նշանակում է, որ սեւ խոռոչի պես ամեն ինչ խժռող ու ընդարձակվող քաղաքականությունը ոչնչացնում է նաեւ ինքն իրեն, ինչպես ինքն իրեն ուտող Վիշապօձը:

Արփի ՈՍԿԱՆՅԱՆ

«Մշակութային Հրապարակ» ամսաթերթ

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Загрузка...