Պատգամավորը պատերազմ է հայտարարել մամուլի և հատկապես «Հրապարակի» դեմ

Загрузка...

«Հրապարակ»-ը գրում է

«Իմ քայլի» պատգամավոր Հայկ Սարգսյանը, հավանաբար, մանկությունից «աստղ» դառնալու երազանք է ունեցել եւ անում է ամեն ինչ, որ իր մասին խոսեն օդում, ջրում, թե ցամաքում։  Հեղափոխության օրերին Նիկոլ Փաշինյանին «ախրաննիկություն» արած 26-ամյա Հայկ Սարգսյանը հեղափոխությունից հետո ՊՎԾ պետի տեղակալի պաշտոնը զբաղեցնելու ընթացքում ոչնչով աչքի չէր ընկնում։

Նրա անվան շուրջ առաջին մեծ աղմուկը բարձրացավ պատգամավորական մանդատը ստանալուց հետո անվանական բաճկոնի պատճառով, որի վրա գրված էր՝ ԱԺ պատգամավոր Հայկ Սարգսյան։ Դրանից հետո նա գրեթե ամեն օր՝ ամիսներ շարունակ, հայտնվում է լրագրողների տեսադաշտում։ Մե՛կ գերթանկարժեք մեքենա է վարում՝ հայտարարելով, որ իր մեքենան չէ, տվել են քշի, մե՛կ զվարճանում է գեղեցիկ աղջիկների հետ, ապա նրանցից մեկը հայտնվում է Բաղրամյան 26-ում՝ ՀՀ նախագահի նստավայրում, լուսանկարներ է անում, «լայվ» մտնում եւ հրապարակում սոցցանցերում։ Մինչդեռ անգամ պատգամավորներին ու խմբագիրներին նախագահական հրավիրելիս ձեռքի հեռախոսները թույլ չեն տալիս ներս տանել, հանձնում են պահակակետում։

Օրեր առաջ մենք գրել էինք, որ Նիկոլ Փաշինյանը զայրացել է նրա պահվածքի վրա եւ ասել․ զգուշացրեք՝ իրեն նորմալ պահի, թե չէ հետեւություններ կարվեն իր պահվածքից։ Հավանաբար, նաեւ սա է պատճառը, որ նա այժմ փորձում է փակել լրագրողների բերանը եւ մի խուրձ հայցեր է ներկայացրել դատարան, իսկ երեկ էլ որոշել էր այդ մասին ճեպազրույց տալ։ Իսկ ընդամենը մեկ օր առաջ նա փոթորկել էր լրատվադաշտը՝ իր փաստաբանի շուրթերով հայտարարելով, որ դիմել է ԶԼՄ-ների դեմ քրեական գործ հարուցելու եւ «որոշ լրատվամիջոցների գործունեությունը դադարեցնելու» պահանջով, ու իր դեմ հրապարակումներն անվանել  «ազգային անվտանգության խնդիր»։

Երեկ ԱԺ իր աշխատասենյակում նա հայտարարեց, որ ԶԼՄ-ների դեմ 6 դատական հայց է ներկայացրել՝ որոշ հոդվածների համար պահանջելով բարոյական վնասի փոխհատուցում եւ հրապարակային հերքում: Պարզվում է՝ Հայկ Սարգսյանի ինքնասիրությունը խոցել է մեր՝ «Խորհրդարանում նյու Շմայս է հայտնվել» վերնագրով լուրը։ «Խոսքն իմ մասին է, ես եմ խորհրդարանի նոր Շմայսը, ծանոթացեք»,- հեգնեց Հայկ Սարգսյանը:

Ապա ժխտեց հոդվածում առկա տեղեկությունը, թե ինքը, ժամանակին լինելով ՊՎԾ պետի տեղակալ, դեր է ունեցել «հեմոդիալիզի գործի» հարուցման մեջ: Ապա մեջբերում արեց մյուս հոդվածը՝ «Պատգամավոր Հայկ Սարգսյանը դեբոշ է սարքել Երեւան-Մոսկվա ինքնաթիռում», որտեղ ինքը ներկայացվում է որպես «Նիկոլ Փաշինյանի երբեմնի ախրաննիկ». «Այո, ես եղել եմ այդ ինքնաթիռում, որում եղել է նաեւ Սյունիքի նախկին մարզպետ Վահե Հակոբյանը, բայց որեւէ խոսակցություն չենք ունեցել, իրար չենք բարեւել, հրել, դիպչել… որեւէ դեբոշ չի եղել»:

Ինչի՞ց է խոցվել երիտասարդը, պարզվեց՝ ավելի շատ «ախրաննիկ» եւ «շիշ բռնող» արտահայտություններից, քան «նյու Շմայս»-ից, որի մասին հպանցիկ խոսեց ու անցավ․ «Ինչո՞ւ է «Հրապարակ»-ն ինձ անվանում ախռաննիկ-պատգամավոր, շիշ բռնող…»։ Մեր արձագանքին, թե «լրագրողն իրավունք ունի իր տպավորությունը ներկայացնել», Հայկ Սարգսյանը պատասխանեց. «Մինչեւ հեղափոխությունը եւ դրանից առաջ եղել եմ Նիկոլ Փաշինյանի կողքին: Դա չի նշանակել, թե ես եղել եմ նրա ախրաննիկը:

Այո, եղել եմ «Ելք»-ի նախընտրական շտաբի պետ, կարգավորել տեխնիկական եւ ոչ տեխնիկական հարցեր, իսկ հեղափոխության ընթացքում էլ կարգավորել եմ տեխնիկական հարցեր՝ կապված փողոցները փակելու հետ»։ Նաեւ անվտանգությունն եք, չէ՞, ապահովել։ «Այո, անվտանգության, բարձրախոս տեղադրելու, հոսանք հայթայթելու… բոլոր հարցերում: Արել եմ անձնվիրաբար՝ առանց գումարի: Հակառակը, ես եմ իմ գրպանից ծախսել․․․»։

Կոնկրետ ո՞ր արտահայտությունից է վիրավորվել։ «Անվտանգությունն ապահովելն ուրիշ բան է, «ախրաննիկ-պատգամավոր» եւ «շիշ բռնող» անվանելը՝ ուրիշ բան… եթե ձեզ հեգնական տոնով ասեն «շիշ բռնող» կամ «սելֆիի ձող բռնող»…»։

Հետո պատգամավորը մամուլին սկսեց որակումներ տալ, խոսեց «Հրապարակի» խմբագրի մասին, հիշեց, որ ժամանակին, երբ ինքը շատ փոքր էր, Արմինե Օհանյանն իրենց տուն է այցելել։ Երբ լրագրողները հետաքրքրվեցին, թե իր կարծիքով ինչու է մամուլն իր դեմ գրում, ով է իր թշնամին, որն իր կարծիքով «պատվեր է տալիս» իր դեմ, ասաց, որ այս «արշավը» նպատակ ունի «խփել» թիմին, «թուլացնել» վարչապետի վարկանիշը։

Տեղից ռեպլիկ հնչեցրինք՝ իսկ ինչո՞ւ Ձեր եղբոր՝ Նաիրի Սարգսյանի դեմ չեն գրում, չէ՞ որ վարչապետի օգնականն է, ավելի մոտ է կանգնած նրան։ Փակուղի մտած Հայկ Սարգսյանը հայտարարեց, թե ինքը էլ չի պատասխանելու «Հրապարակ»-ի հարցերին։

Այնուամենայնիվ, մի հարց էլ հնչեցրինք՝ արդյոք մամուլի ասուլիսը եւ նման հայտարարությունները ճնշում չե՞ն դատարանի վրա, եթե դիմել եք դատարան, թողեք՝ դատարանը որոշում կայացնի, ինչո՞ւ եք Ձեր հայտարարություններով ուղղորդում դատարաններին։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Загрузка...