politik.am-ը գրել է.
Այսօր ՀՀ Սահմանադրության օրն է։ Օր, որը նախկին իշխանությունների օրոք արժևորված չէր, իսկ ներկաների «շնորհիվ» առավել հեղինակազրկված է։
Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը առաջին հերթին հեղինակազրկվել է սահմանադրության երաշխավոր հանդիսացող նախագահի՝ Արմեն Սարգսյանի կողմից։ Սահմանադրության 123-րդ հոդվածի 2-րդ կետն ասում է․«Հանրապետության նախագահը հետևում է Սահմանադրության պահպանմանը»:
Այս ընթացքում մի քանի անգամ իշխանությունների և, մասնավորապես, վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից ոտնահարվել են սահմանդրության մի շարք կարևոր դրույթներ։ Նախորդ տարի Փաշինյանի պահանջով շրջափակվեց օրենսդիր մարմինը, ԱԺ-ն և իշխանությունները իրենց աջակիցների ճնշման տակ ստիպեցին ԱԺ-ին լուծարվել, Փաշինյանի կոչով իր աջակիցները պարալիզացրին բոլոր դատարանները և ճնշումներ բանեցրին դատական իշխանության վրա, վարչապետ Փաշինյանը, առանց ԱԺ վավերացման, Սիրիա ուղարկեց հայկական զորախումբ, որը կրկին Սահմանադրության կոպտագույն խախտում էր։ Վարչապետ Փաշինյանը մի քանի անգամ հակասահմանադրական հայտարարություններ է արել, որոնք մնացել են անհետևանք։
Իսկ ինչպես է այս ամենին արձագանքել Սահամանդրության երաշխավոր նախագահ Արմեն Սարգսյանը։ Նա մի քանի տասնյակ շնորհավորական և ցավակցական նամակներ է ուղարկել տարբեր երկրների ղեկավարների, «Օրրան» կենտրոնում բուրգեր է պատրաստել երեխաների համար, իր նստավայրում պաղպաղակ է կերել երեխաների հետ, թենիս ու պինգ պոնգ է խաղացել, Ղազախստանում վիրտուալ մոտոցիկլ վարել։
Նախագահ Արմեն Սարգսյանը իր մեկ տարվա գործունեությամբ, կամ, ավելի շուտ, անգործությամբ ապացուցել է, որ Հայաստանում ամենաանպաշտպան բանը երկրի սահմանադրությունն է։ Ու այստեղ շատ ավելի կարևորվել է հասարակության դերը՝ պաշտպանել Սահմանադրությունը Սահմանադրության երաշխավորներից։