Ոստիկանությունը փորձել է «ասֆալտին փռել» Սեդրակ Քոչարյանին.«Հրապարակ»

«Հրապարակ»-ի  տեղեկություններով՝ որոշ ժամանակ առաջ փորձել են «ասֆալտին փռելու» օպերացիա իրականացնել Ռոբերտ Քոչարյանի ավագ որդու՝ Սեդրակ Քոչարյանի եւ նրան ընկեր, TV5-ի սեփականատեր Արմեն Թավադյանի նկատմամբ։ Ոստիկանության օպերատիվ ծառայողները` մի խումբ դիմակավորված անձինք, քաղաքացիական հագուստով եւ օպերատիվ համարներով մեքենայով կանգնեցրել են Թավադյանի Lexus-ը, որի ղեկին եղել է ինքը՝ Արմեն Թավադյանը, իսկ կողքին՝ Սեդրակ Քոչարյանը, ու փորձել են գործողություն իրականացնել։ Սակայն Քոչարյանի որդուն ու ընկերոջը հաջողվել է խույս տալ իրենց վրա առանց պատճառի հարձակված քաղաքացիական հաուստով ինչ-որ անձանցից ու հեռանալ։

Հետո, ըստ տեղեկության, նրանք կապ են հաստատել ոստիկանության հետ՝ ճշտելու, թե արդյոք իրենց աշխատակիցնե՞րն են եղել այդ դիմակավորված անձինք եւ ինչո՞ւ են կանգնեցրել իրենց մեքենան։ Ոստիկանությունից հասկացրել են, որ թյուրիմացություն է եղել, առաջարկել են ավելորդ աղմուկ չբարձրացնել ու թեման փակել։ Մեզ ասացին, որ Նիկոլ Փաշինյանը տեղյակ չի եղել այս միջադեպից, ուղղակի Փաշինյանի թիմակից պատգամավորներից մեկը որոշել է ոստիկանությանն ուղղորդել Քոչարյանի մերձավորների վրա։ Երեկ ասուլիսի ժամանակ հետաքրքրվեցինք ոստիկանապետ Վալերի Օսիպյանից` Սեդրակ Քոչարյանի ու Արմեն Թավադյանի նկատմամբ արդյոք եղե՞լ է նման գործողություն։ Օսիպյանը չհերքեց․ «Գուցեեւ եղած լինի, բայց դա ոչինչ չի փոխում, եւ ոստիկանությունը կաշկանդված չէ, կապ չունի՝ ով ուզում է, դա կլինի Սեդրակ Քոչարյանը, թե ուրիշ մեկը»։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ի դեպ, նկատեցինք նաեւ, որ «ասֆալտին փռելու» գործողություններ վերջերս կարծես տեղի չեն ունենում՝ գուցե սեւազգեստներին արդեն «տեղորոշեցին» ու վերացրի՞ն, առհասարակ՝ ի՞նչ սկզբունքով է առաջնորդվում ոստիկանությունը՝ պետք է անպայման վարչապետի հրահա՞նգ լինի, որ որոշեն այս կամ այն անձին «ասֆալտին փռել»։ «Ասֆալտին փռելու գործընթաց, ուրեմն, ոստիկանությունն ունի հստակ գործառութային պարտականություններ, եւ այստեղ պարտադիր չի, որ լինի վարչապետի հանձնարարականը, ասֆալտին փռելը շարունակվում է, Դուք ուղղակի երեւի տեղեկացված չեք։ Նաեւ վստահեցնում եմ ձեզ․ այն պահից, երբ մենք խստացրել ենք մեր մոտեցումները եւ դադարել ենք հանդուրժող լինելը հանցագործների, իրավախախտների նկատմամբ, եւ մարդիկ կան, որ հասկացել են եւ ՀՀ-ում էլ ավելի օրինապաշտ են դարձել»,-ասաց պարոն Օսիպյանը։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով