«Իմ քայլը» նոր ապուշությամբ է զբաղված.«Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրել է

«Իմ քայլը» խմբակցության անդամ Սիսակ Գաբրիելյանը պատրաստվում է մի խումբ պատգամավորների հետ շրջանառության մեջ դնել ճանապարհային երթեւեկության նկատմամբ հանրային վերահսկողությունը երաշխավորող օրենսդրական նախագիծ, որը հնարավորություն կտա քաղաքացիներին բջջային հեռախոսի հավելվածի միջոցով ոստիկանության ստորաբաժանմանը փոխանցել իրավախախտման վերաբերյալ էլեկտրոնային հաղորդագրություն, ինչի հիման վրա կհարուցվի վարչական վարույթ, իսկ կարգազանց վարորդը կենթարկվի վարչական տույժի։ Այլ խոսքով՝ սա նշանակում է, որ եթե մի ժամանակ ասում էինք՝ «ոստիկանը մերն է», ապա նման օրինագիծ ընդունվելու դեպքում հանգիստ կարող ենք ասել՝ «ոստիկանը մենք ենք»:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Սիսակ Գաբրիելյանի մտավոր կարողություններին կասկածելու իրավունք ես չունեմ, բայց ճանապարհատրանսպորտային ոլորտի աշխատողները, ամենայն հավանականությամբ, այս պահին ցուցամատները տարան քունքի մոտ ու մի քանի անգամ հետուառաջ արեցին: Ասենք՝ Սիսակ Գաբրիելյանի ծիծաղն էլ է գալիս սեփական մտահղացման վրա: Նա նկատել է՝ «գուցե իր նախաձեռնությունն ընկալվի որպես «գործ տվողների» ինստիտուտի զարգացմանն ուղղված քայլ, բայց նպատակը հանրային վերահսկողությունը բարձրացնելն է»:

Իմքայլականների միագիծ մտածողությունը նոր բան չէ: Հարցն այն է, որ նրանք խնդրին մոտենում են մեկ՝ միայն իրենց համար ձեռնտու կողմից: Դիցուք՝ նշված նախաձեռնությունը, եթե մի հրաշքով դառնա օրինագիծ, իսկ հետո՝ նաեւ օրենք, բնականաբար, հարվածելու է բացառապես հանրության շահերին, իսկ իշխանության համար դառնալու է օդից փող բռնելու հերթական պատեհ առիթը: Եթե ուրիշ բան չասեմ, ապա Նիկոլ Փաշինյանի մտքով անցել է, իսկ «Իմ քայլում» միայն Նիկոլ Փաշինյանի մտքով է բան անցնում, միանգամից հարյուր հազարներով ավելացնել տեսախցիկների քանակը եւ, քոռ լումա չներդնելով, լրացուցիչ փող բռնել օդից:
Հասկանալի է, չէ՞, որ նման օրենքով ուզում են մեզ վերածել ձրի տեսախցիկի: Ասում է՝ ձեր հեռախոսով նկարեք խախտումը, հաղորդագրություն ուղարկեք ոստիկանություն, իսկ այնտեղ վարչական վարույթ կհարուցեն ու փող կառնեն այդ կարգազանց վարորդից: Չստացվե՞ց, որ մենք վերածվում ենք ձրի (առանց հոսանքի) տեսախցիկի, իսկ լավագույն դեպքում՝ դառնում արտահաստիքային ավտոտեսուչ:

Բայց միայն նկարելը չէ: Մենք պետք է իմանանք նաեւ, որ մեզ են նկարում՝ հետեւից եկող մեքենայից, ծառի հետեւից, հարեւան շենքի պատշգամբից, ու չպետք է զարմանանք, երբ մի գեղեցիկ օր մեզ էլ հրավիրեն ոստիկանություն՝ այդ նկարներով «ֆիքսված խախտումների» համար պատասխան տալու:
Հասարակության ներսում, անշուշտ, կխորանա անվստահության զգացողությունը: Բնականաբար, ոստիկանությունը չի բացահայտելու իր «նորահայտ տեսախցիկների» եւ «արտահաստիքային տեսուչների» անունները, իսկ դա նշանակում է, որ հասարակության յուրաքանչյուր անդամ մյուսի մեջ տեսնելու է «իր լավը չուզողին», «իր երեխայի բերանից հաց կտրողին», իր վրա «գործ տվող» գործակալին եւ այլն: Բերիայի օրերն են գալիս:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ժամանակին Երեւանում հայտնվեցին խմբեր, որոնք թաքնված տեսախցիկներով նկարահանում, ապա սոցցանցերում տարածում էին կարգազանց ոստիկանների մասին նյութեր: Դրված խնդիրը պարզ էր՝ առանձին անհատներ այդկերպ փորձում էին մեծացնել իրավապահ համակարգի նկատմամբ հասարակական վերահսկողության աստիճանը: Իրավապահները, սակայն, չթողեցին, սպառնացին, կանխեցին, արմատախիլ արեցին այդ գեղեցիկ նախաձեռնությունը: Փոխարենը, այսօր նրանք, իշխանությունների հետ համագործակցաբար, ցանկանում են այդ «պրակտիկան» կիրառել հասարակության ներսում, հետն էլ, ինչպես ասացի, փող կպցնել:

Կա՞ որեւէ երաշխիք, որ իրենց անմարդկային մտասեւեռումն իրագործելու համար ոստիկանությունն ու իշխանությունը հատուկ վարժեցված եւ «լուսանկարիչների» վճարվող խմբեր չեն հանի փողոց, որպեսզի վերջիններս «հպարտ» քաղաքացիների կամ հասարակական ակտիվիստների անվան տակ առատ «նյութ» մատակարարեն ոստիկանությանը: Ոչ մի երաշխիք չկա նաեւ, որ գործը «լավ» կազմակերպելու դեպքում «պատահական» անցորդների հաղորդագրություններով կպատժվեն այսօրվա բիրդան աղաներն ու պաշտոնյաները, որոնք մեծ արագությամբ են յուրացնում նախկինների հոռի բարքերը:
Վերջում մի երկու անկարեւոր հարց ուղղենք այս «հրաշալի» մտահղացման հեղինակ իմքայլական Սիսակ Գաբրիելյանին:

1. Ո՞վ է վճարելու խախտման մասին ոստիկանություն ուղարկվող հաղորդագրության համար:
2. Կարո՞ղ է, արդյոք, «խախտումն արձանագրող» մարդու՝ պատահական դիրքից արված լուսանկարը հիմք հանդիսանալ որեւէ վարորդի տույժի ենթարկելու համար:

3. Ոստիկանությունը «խախտումն արձանագրող» քաղաքացուն հետադարձ կապով տեղեկացնելո՞ւ է, արդյոք, նրա հաղորդագրության հետագա ընթացքի, ինչպես նաեւ դրա արդյունքում որոշված տուգանքի չափի մասին: Եթե ոչ, ապա չե՞ք կարծում, որ այդ գործելաոճով կնպաստեք հասարակության մեջ պատասխանատվության զգացումի իսպառ վերացմանը:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով