Դատավորները դատավորներին վեթինգ կանեն. նոր նախագիծ է պատրաստվել․ «Ժողովուրդ»

Загрузка...

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Այսօր նախատեսված դատավորների ընդհանուր ժողովը թեժ է լինելու: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` դատավորներից ոմանք նոր նախագիծ են պատրաստվում ներկայացնել դատավորների ընդհանուր ժողովին: Մասնավորապես, դրանով առաջարկվում է քվեարկությունից առաջ թեկնածուների ելույթների նկատմամբ պահանջներ սահմանել: Տեղեկացանք, որ ելույթը պետք է բովանդակի թեկնածուի իրականացրած դատական գործունեության վերաբերյալ ամփոփ տեղեկություն, այդ թվում` հանրային հնչեղություն ունեցող գործերի քննության վերաբերյալ, մոտեցումները դատավորների վեթինգի անցկացման հիմքերի և կարգի վերաբերյալ, գույքի և եկամուտների վերաբերյալ ամբողջական տեղեկատվություն` բացահայտելով դրանց աղբյուրները, և քաղաքական կապերի վերաբերյալ ամբողջական տեղեկատվություն: Ընդ որում` նիստը պետք է դռնբաց լինի նաև ԶԼՄ ներկայացուցիչների համար: Ստացվում է` դատական համակարգը թեկնածուներին առաջարկում է հրապարակային վեթինգ անցնել, ընդ որում` վեթինգ պետք է անցնեն նաև ԲԴԽ անդամները: Իսկ թե ինչ որոշում կկայացնեն դատավորները, պարզ կլինի այսօր:

Բարձրագույն դատական խորհրդում ստեղծված իրավիճակի առումով այսօրվա նիստն իսկապես կարևորություն է ներկայացնում. ի վերջո, հայկական դատական համակարգում կարևորագույն դերակատարություն ունեցող Բարձրագույն դատական խորհրդի ապագա նախագահը լինելու է հենց դատավորների ընդհանուր ժողովի անդամներից մեկը, այլ ոչ թե Ազգային ժողովի կողմից ընտրված ԲԴԽ անդամներից: Եվ քանի որ այժմ 2 դատավոր է մնացել խորհրդում, իսկ 3-ն էլ այսօր պետք է ընտրվեն, չի բացառվում, որ նոր նախագահը լինի հենց այսօր ընտրվելիք դատավորներից»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Загрузка...