Բա խաբելը ոնց՞ ա լինում.Վարչապետը մերժեց Թորոսյանի նախագիծը.«Հրապարակ»

Загрузка...

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն այսօր կառավարության նիստում ներկայացրեց ՀՀ կառավարության 2015 թվականի մայիսի 27-ի Անվճար կամ արտոնյալ պայմաններով վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաների կիրառմամբ բժշկական օգնության և սպասարկման կարգն ու շահառուներին ներկայացվող պահանջները սահմանելու մասին N 568-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին նախագիծը։

Թորոսյանը երկար-բարակ ներկայացրեց, թե ինչ փոփոխություն է նախատեսվում այս որոշման փոփոխությամբ՝ նշելով, թե շահառուների ինչ փոփոխություն է իրականացվելու այս նախագծով, խոսքը հիմնականում անպտղությամբ տառապող զույգերին է վերաբերում, այդ թվում՝ զինվորականներին, նրանց ընտանիքի անդամներին, և դրա համար 210 մլն դրամ է անհրաժեշտ։

Վարչապետը հետաքրքրվեց, թե այս նախագծով մենք կարողանալո՞ւ ենք, այս ծրագրում ներառված բոլոր շահառուները կարողանալո՞ւ են օգտվել այս ծառայություններից, թե՞ մենք էլի հին մեխանիզմի մեջ ենք գտնվելու, երբ տարվա կեսից հատկացված գումարը սպառվում է, և մարդկանց մերժում են։

Թորոսյանն ասաց, որ նախ լինելու է հերթագրում, բացի այդ, նախապայմաններն այնքան շատ են, որ բոլոր ցանկացողները չէ, որ համապատասխանելու են այդ պահանջներին։ Վարչապտը նկատեց՝ պարզ է, որ անպտղությամբ տառապող ոչ բոլոր զույգերն են, որ այս ծրագրի շահառու են, այսինքն՝ կան որոշակի սոցիալական խմբեր, բայց հարցն այլ է՝ արդյոք այս շրջանակի բոլոր շահառուներին կարողանալո՞ւ են սպասարկել։ Նախարարն ասաց, որ նույն տարվա մեջ՝ ոչ, իրենք կարող են այդ գումարի շրջանակում տարեկան 85 քաղաքացու սպասարկել։

Վարչապետին դուր չեկավ այս պատասխանը՝ նշելով, որ իրենք հիմա ինչ-որ բան են անում, բայց պետք է այնպես անել, որ բոլոր շահառուները կարողանան օգտվել, որ հետո նախկինի պես մի մասը ծանոթ-բարեկամով էլի չընդգրկվի ծրագրում, իսկ մյուս մասը դուրս մնա, քանի որ փող չկա։

Թորոսյանը խնդրեց չորակել այդպես, թե իրենք հիմա «ինչ-որ բան են անում», քանի որ սա բոլորովին նոր ծրագիր է, և այն միանշանակ դրական է, որ պետությունը գումար է ծախսում՝ թանկ տեխնոլոգիաներով ընտանիքներին օգնելու երեխա ունենալու հարցում։ Ապա նշեց, որ դիմողները կարող են լինել ոչ թե հազարներ, այլ հարյուրներ, որոնք ունենալու են այս ցուցումը, և նրանց նախարարությունն ըստ դիմելիության կսպասարկի՝ այս տարի 85 զույգ, մյուս տարի՝ ևս 85։ Փաշինյանը նորից հակադրվեց՝ նշելով, որ պետք է մարդկանց հստակ բացատրել, թե այս ծրագիրը կոնկրետ ում վրա է տարածվում և ում վրա չի տարածվում։ Ապա հարցրեց՝ ունե՞նք որևէ գնահատական, թե պոտենցիալ շահառուների մոտավոր թիվը որքան է։ Թորոսյանն ասաց՝ չունենք։ «Բա ինչի՞ ենք էսպիսի որոշում կայացնում»,- հարցրեց վարչապետը։

Նախարարն էլ ասաց, թե իրենք հիմա ուղղակի հայտարարում են, որ իրենք այս սահմանափակ ֆինանսավորման շրջանակներում կարող են այսքան թվով շահառուների սպասարկել։ Նիկոլ Փաշինյանին նորից չգոհացրեց այս պատասխանը՝ պնդելով, որ պետք է հստակեցվի, թե կոնկրետ ովքեր պետք է օգտվեն այս ծրագրից, որ պայմանական 1000 շահառուից 85 հոգին ծանոթ-բարեկամով, կոռուպցիայով չօգտվեն դրանից, իսկ մյուսները մնան դրսում։

Այստեղ միջամտեց ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը՝ նկատելով, որ նման ծրագրերի համար վիճակագրություն է պետք ունենալ, որ կառավարությունը հասկանա՝ պե՞տք է նման ծրագիր իրականացնել, թե՞ ոչ, և ամեն խնդիր չէ, որ պետք է պետությունն իր վրա վերցնի, հատկապես, եթե մեր առջև չենք դրել դեմոգրաֆիական խնդիր լուծել դրանով։ «Այդ 200 միլիոնը, իհարկե, 100 միլիարդի մեջ մեծ թիվ չի, բայց եթե ոչ մի արդյունք չի տալու դրված նպատակադրումների տեսակետից, ուրեմն պետք է դա չանել»,- ասաց Ատոմ Ջանջուղազյանը։
Թորոսյանն ասաց, որ սրանով իրենք դեմոգրաֆիայի աճի խնդիր չեն լուծում, այլ մարդու իրավունքների հարց են լուծում՝ օգտվելու այդ հնարավորությունից։

«Չէ, մեկ ա՝ պարզ չի, թե ոնց ա որոշվելու հերթականությունը, երկրորդն էլ՝ պարզ չի, թե մենք շահառուների ինչպիսի շրջանակ ունենք»,- արձագանքեց վարչապետը։ Նիկոլ Փաշինյանը նաև նկատեց, որ նախագծում կա տարիքային սահմանափակում՝ 30-38 տարեկան, և օրինակ բերեց․ մարդ, որը, դիցուք, 36 տարեկան է, հերթագրվում է, և պարզվում է՝ իր հերթը 625-րդն է, և տարեկան 85 հոգու սպասարկման դեպքում իր հերթը կարող է հասնել մի քանի տարի անց, երբ արդեն նախանշված տարիքն անցած լինի։ Ստացվում է՝ կառավարությունը խաբում է իրեն։ «Հիմա էս սցենարով ինքը կարա՞ ասի, որ կառավարությունն ինձ խաբեց․ իհարկե, կարա ասի։ Բա խաբելը ո՞նց ա լինում։ Մենք էսօր էդ մարդուն հույս ենք տալիս, որ  մենք քո հարցով կզբաղվենք, հետո ասում ենք՝ չէ, դու ուշ հերթագրվեցիր, քո հերթը 725-ն ա, որը կհասնի էն ժամանակ, երբ դու կլինես 45 տարեկան, իսկ 45 տարեկանն էդ ծրագրի շահառու չի»,-ասաց վարչապետը։

Եվս մի քանի րոպե բանավեճից հետո վարչապետն ի վերջո մերժեց առողջապահության նախարարի բերած նախագիծը՝ նշելով, որ հիմա օրակարգից հանում են հարցը՝ հանձնարարելով վերը նշված հարցերը նորից կքննարկել, նոր բերել նախագիծն օրակարգ։

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Загрузка...