Բացահայտվել է մեծ քանակությամբ դեղորայքի ապօրինի ներմուծման և իրացման դեպք

Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը հանցավորության դեմ պայքարին ուղղված իր գործառությունների իրականացման շրջանակներում ձեռնարկված մեծածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում բացահայտել է կազմակերպված խմբի կողմից առանց համապատասխան թույլտվության մեծ քանակությամբ դեղորայքի ապօրինի ներմուծման և իրացման դեպք:

Ձեռք բերված նախնական տվյալների համաձայն՝ ՀՀ մի խումբ  քաղաքացիներ,  պարբերաբար մեկնելով ՌԴ, Ուկրաինա, Վրաստան, Թուրքիա,  եվրոպական տարբեր երկրներ և չունենալով դեղերի ներմուծման հավաստագիր, ձեռք են բերել մեծ քանակությամբ, ինչպես  ՀՀ-ում պետական գրանցում չունեցող, այնպես էլ ունեցող տարբեր անվանումներով դեղեր: Այնուհետև, մաքսային հսկողությունից թաքցնելով, պարբերաբար տեղափոխել և առանց փաստաթղթային ձևակերպման 2019թ. փետրվարից ապրիլն ընկած ժամանակահատվածում իրացրել են շուրջ 70 մլն ՀՀ դրամ ընդհանուր արժեքով դեղորայքը՝ պետությանը պատճառելով առանձնապես խոշոր չափերի՝ ավելի քան 35 մլն դրամի վնաս:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Տարբեր հասցեներում միաժամանակ կատարված խուզարկությունների արդյունքում հայտնաբերվել  և առգրավվել  են շուրջ 320 անվանում 3.000 տուփ դեղեր՝ նախնական հաշվարկով մոտ 100.000 ԱՄՆ դոլար ընդհանուր արժողությամբ,  դրանց շրջանառության հետ հնարավոր առնչվող գումարներ, մասնավորապես՝ շուրջ 90.000 եվրո, 3.5 մլն դրամ և 1300 դոլար, ինչպես նաև վաճառքի վերաբերյալ  գրառումներով տետրեր ու էլեկտրոնային կրիչներ, այսպես կոչված՝ «սև հաշվապահություն»:

Առերևույթ հանցագործության դեպքի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով:

Կատարվում է նախաքննություն:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի համար կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ՀՀ Ազգային անվտանգության ծառայություն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով