«Ապրիլյանի» ադեկվատ գնահատումը. Նատալյա Սաղիյան

Загрузка...

«Ապրիլյանի» ադեկվատ գնահատումը

Վերջերս համացանցում շատ է շրջանառվում այն գաղափարը, թե իբր ապրիլյան պատերազմը վաճառված է եղել… Կարդացել եմ այդ մասին տարատեսակ նյութեր տարբեր մարդկանց կողմից հրապարակված:

Անկեղծ ասած, նույնիսկ չեմ ցանկանում հղումներ տալ, որպեսզի նրանք, ովքեր դեռ չեն ընթերցել, նույնիսկ չսկսեն կարդալ այդ աղբը: Արդեն մեկ տարի է, ինչ սթափ մտածող մարդիկ հասկացել են, որ այսպիսի անհեթեթ գաղափարներ հենց այնպես չեն հայտնվում համացանցում:

Դրանց օրինակները բազմաթիվ են, բայց առավել հայտնիները սրանք են՝ 20 տարվա թալան, ‘Սաշիկի’ 50/50-ը, ժողովուրդը ունի միայն 2 տարբերակ, կամ վատ նախկինների վերադարձը կամ լավ նոր մերքայլականները և այլն: Հիմա դրանց շարքին ավելացել են ևս մի քանիսը, մասնավորապես՝ չգիտես որտեղից օրեցօր ավելացող բռնության ենթարկվածների հայտարարությունները և ապրիլյան քառօրյայի ծախված լիները: Հատկապես վերջինը՝ ապրիլյան պատերազմի վերաբերյալ, համարում եմ հոգեկան խանգարում ունեցողների հիվանդ ուղեղներում ծագած բարբաջանք: Սակայն, եկեք զերձ մնանք զգացմունքային գնահատականներից և փորձենք դիտարկել այս պնդումը ավելի առարկայական: Այո, քաղաքականության մեջ, ինչպես և սպորտում և մի շարք այլ հասարակական ոլորտներում հաճախակի ենք հանդիպում տարատեսակ գործընթացներին որոշակի ուղղվածություն հաղորդելու նպատակով կատարվող գործարքների՝ ֆինանսական կամ ոչ ֆինանսական միջոցների ներգրավմամբ: Բայց սա այդ դեպքը չէ: Նախ և առաջ ‘վաճառված’ կամ ‘ծախված’ եզրույթը օգտագործելու համար պիտի ունենանք շահագրգռվածություն, հստակ վաճառքի օբյեկտ և միջոցներ: Սա է թելադրում վաճառքի տրամաբանությունը: Վաճառքի արդյունքում ինչ-որ մեկը պիտի ինչ-որ բան ձեռք բերեր:

Ապրիլյան քառօրյայի պարագայում բոլոր երեք գործոնները բացակայում են: Եվ դա ակնհայտ է բոլոր սթափ դատողների համար: Հիմա եկեք պարզենք, թե ո՞վ և ի՞նչ է վաճառել և առհասարակ ի՞նչն է եղել վաճառքի նպատակը: Հայաստանը ունեցել է շուրջ 100 զոհ, սակայն հակառակորդը ունեցել է թվով երեք անգամ ավելի շատ զոհեր: Միանշանակ անհնարին է պատկերացնել, որ վաճառքի առարկան այդ զոհերն էին: Հայաստանի Հանրապետությունը ունեցել է տարածքների կորուստ, սակայն նույնիսկ անկախ փորձագետները այդ 800 հեկտարը համարում են մարտավարական նշանակություն չունեցող: Դիրքերի համակարգի մեջ դրանք էական, թեկուզ մարտավարական նշանակություն չունեն: Խոսք չկա ռազմավարական նշանակություն ունենալու մասին: Ավելին, կա հիմնավորված կարծիք, որ եթե բանակը շարունակեր մարտական գործողություններ այդ տարածքները չզիջելու նպատակով, ապա ավելի մեծ կորուստներ կունենայինք: Ես իհարկէ ռազմական գործի մասնագետ չեմ, բայց հաստատ գիտեմ, որ ավելի մեծ կորուստներից խուսափելու համար ճիշտ ժամանակին նահանջելը ամենադժվար որոշումներից է մարտի դաշտում: Այսպիսով, այս կետով նույնպես վաճառքի մասին խոսք գնալ չի կարող:

Այստեղ հարկ եմ համարում նաև նշել, որ ապրիլյան քառօրյան ակնհայտորեն ցույց տվեց ամբողջ աշխարհին, որ հարձակվողը Ադրբեջանն էր: Տարիներ շարունակ Հայաստանը բազմիցս տարբեր առիթներով բարձրաձայնել է Ադրբեջանական բանակի նողմից շփման գծի ողջ երկայնքով կրակոցների մասին, սակայն ապարդյուն: 2016 թվականի ապրիլի սկզբին ողջ աշխարհը ականատես եղավ ադրբեջանական ագրեսիայի դրսևորմանը և այլևս հակառակորդը չի կարող շարունակել ընդունել հին կեցվածքը: Կարելի է երկար շարունակել այս տրամաբանական շղթան, բայց այստեղ ես կանգ կառնեմ: Հիմա ուզում եմ հարց տալ կատարյալ խելագարության հետևանքով առաջացած միտքը տարածողներին՝ Դուք ինչ է լուրջ մտածում եք, որ Հայաստանի Հանրապետությունում որևէ մեկը ինչ որ բան է շահե՞լ ապրիլյան քառօրյայի արդյունքում: Այս պարագայում շահում են միայն նրանք, ով ապրիլյան ողբերգությունը դարձնում է, կամ ցանկանում է դարձնել գործիք քաղաքական դիվիդենդներ հավաքելու համար և օգտագործելով մեր ժողովրդի վերաբերմունքը ապրիլյան պատերազմին ընդհանրապես և մասնավորապես՝ զոհերին, խեղաթյուրել ճշգրիտ փաստերը, դրանք դարձնելով զենք, որը, ենթադրում եմ, հետագայում կդրվի Ապրիլյան քառօրյա պատերազմի հանգամանքները քննող հանձնաժողովի ձեռքի մեջ:

Հետևանքների մասին մտածեք ինքներդ: Եվ որպես վերջաբան ուզում եմ ասել հետևյալը՝ այս կյանքում ամեն ինչ կարելի է դնել կասկածի տակ, կարելի է անվերջ կասկածել և ենթադրել, որ նախկինում բոլոր պետական պաշտոնյաները անբարեխիղճ և ծախված էին, միշտ գործում էին միայն սեփական շահերևից ելնելով և այլն: Բայց այդպիսի կասկածամտության ճանապարհով գնացողները ի վերջո ընկնում են խելացնորական /պարանոիդալ/ վիճակների մեջ և կորցնում կապը իրականության հետ, դա ես ձեզ որպես հոգեբան եմ ասում:

Ռեֆորմիստների կուսակցության խորհրդի անդամ`  Նատալյա Սաղիյանի ֆեյսբուքյան էջից

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Загрузка...