Սադրիչը մնում է սադրիչ` բարիկադի որ կողմում էլ լինի․ 7or.am

7or.am-ը գրում է․ «Իզուր չեն ասում, որ կարմիր կովը կաշին չի փոխում։ Դրա լավագույն ապացույցը Նիկոլ Փաշինյանի սրընթաց «կարիերային աճն» է ընդդիմադիր լրագրողից մինչեւ «արմատական» խմբագրապետ, ընդդիմադիր քաղգործիչ, «ճչացող ընդդիմադիր» պատգամավոր, խմբակցության ղեկավար, հիմա էլ` «հոգու խորքում ընդդիմադիր» վարչապետ, որի տարերքը քանդելն է, սադրանքներ հրահրելը եւ ապատեղեկատվություն տարածելը։

Որպես «շարքային» լրագրող Փաշինյանը չհասցրեց փայլատակել իր սադրիչ հանճարի ողջ շռայլությամբ։ Այն ժամանակ իշխանությունը ՀՀՇ-ի «ապահով ձեռքերում» էր, «նայողը» Լեւոն Տեր-Պետրոսյանն էր, որի հետ, ինչպես կյանքը ցույց տվեց, մեր հերոսը սկզբունքային տարաձայնություններ չուներ, չունի, չի էլ ունենա։ Բայց քանդելու մասով արեց իր անելիքը. թերթը, որտեղ արել էր իր առաջին քայլերը՝ որպես լրագրող, իր պատճառով փակվեց. չկարողացավ «Հայաստան» հիմնադրամի տնօրեն Մանուշակ Պետրոսյանին զրպարտելու համար նշանակված դրամական փոխհատուցման տակից դուրս գալ, եւ «կնքեց մահկանացուն»։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Մի քանի թերթ փոխելուց, անվանափոխելուց հետո, երբ հանգրվանեց ՀՀՇ-ական Էդուարդ Եգորյանից ժառանգած «Հայկական ժամանակի» խմբագրապետի աթոռին, Փաշինյանը դարձավ «հանցավոր» (ապազգայնության, «աշխարհաքաղաքացիության» տեսլականի մեջ չտեղավորվող, Արցախի փուլային հանձնման աղետալի ընթացքը կասեցրած եւ գործընթացը նորմալ ռելսերի վրա դրած, բալանսավորված արտաքին քաղաքականություն վարող, Ռուսաստանի հետ ռազմավարական հարաբերություններն արժեւորող) «քոչարյանական ռեժիմի» դեմ կենաց-մահվան պատերազմի առաջամարտիկներից մեկը։

Իշխող վերնախավի դեմ ատելություն եւ թշնամանք սերմանելու, բոլորին բոլորի դեմ «կռվացնելու» պղտոր ջրերում Փաշինյանն իրեն լավ էր զգում. անարգել եւ անխնա շահարկում էր «Հոկտեմբերի 27»-ի ահաբեկչությունը, անապացույց մեղադրանքներ ներկայացնում, վիրավորում, զրպարտում, վարկաբեկում իր եւ տերերի կազմած սեւ ցուցակում ընդգրկված պաշտոնատար անձանց, մեկից փող վերցնում`մյուսի դեմ կոմպրոմատներ տիրաժավորում, ու մնում անպատիժ։

Նույնը անում էր, երբ պատգամավոր էր`ԱԺ ամբիոնից իշխող կուսակցությանը մեղադրելով բյուջեի ալան-թալանը, ստվերը եւ մենաշնորհները խրախուսելու, «Սաշիկի 50-50»-ների վրա աչք փակելու, կարմիր գծերի, տեսախցիկների, կուտակային կենսաթոշակների միջոցով ժողովրդի կաշին քերթելու, Հայաստանը «հետամնաց երկրների ակումբի`ԵԱՏՄ անդամ դարձնելու, հնարավոր եւ անհնար բազմաթիվ այլ մեղքերի մեջ։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Պարզելով «Քայլ արա, մերժիր Սերժին» կարգախոսը եւ թափահարելով իշխանությունը «քաղաքացիական անհնազանդության» ակցիաներով մաշեցնելու դրոշը, Փաշինյանը կարողացավ անել անհնարինը` ցնցեց իշխանական բուրգը, սասանեց պետության հիմքերը, արգելափակեց փողոցները եւ հրապարակները, պետական մարմինները, բուհերը։ Եվ, իր ագրեսիվ կողմնակիցներին քսի տալով Ազգային ժողովի, կառավարության վրա՝ գործի դնելով սադրանքների ողջ զինանոցը, վերցրեց իշխանությունը։

Ասաց`ժողովրդավարություն, մարդու իրավունքներ, մերկ ձեռքերի պայքար, սեր եւ համերաշխություն, վենդետաներ չեն լինելու, թշնամանքի էջը փակված է, ու բթացրեց մարդկանց զգոնությունը։ Մի պահ թվաց` հետեւություններ է արել «Մարտի 1»-ից, դասեր է քաղել, հասկացել է`ինչ է պետություն եւ պետականություն։ Թվաց` իշխանական լծակներ ունենալով, տեղեկացված լինելով պետական ռեսուրսներին եւ բյուջեի հնարավորություններին, գիտակցելով, որ իշխանությունը նախ եւ առաջ պատասխանատվություն է՝ կվերագնահատի անցյալը, կվերանայի իր, մեղմ ասած, սուբյեկտիվ վերաբերմունքը իրենից առաջ եղած-չեղած ամեն ինչի ու բոլորի ասվածի, արվածի ու չարվածի վերաբերյալ։

Ի վերջո`կհասկանա, որ մոլորեցնում էր մարդկանց` ասելով, որ կախարդական փայտիկ ունի. ձեռքի թեթեւ շարժումով արմատախիլ անի կոռուպցիան ու մենաշնորհները, ալան-թալանին վերջ տա, ու ամեն ինչ իր տեղը կընկնի` կյանքը կդառնա էժան, ապրուստը` ձրի։ Եվ կգա կառուցողական դաշտ։

Բայց ո՛չ։ Փաշինյանը շարունակում է այն, ինչով զբաղված էր գիտակցական ողջ կյանքում․ ստում է` առանց հետ նայելու, սադրում ընդդիմախոսներին, կեղծիքներ տիրաժավորում, անապացույց մեղադրանքներ տիրաժավորում իր քարոզչական ահաբեկչության զոհերի հասցեին` թքած ունենալով անմեղության կանխավարկածի վրա։ Եվ… «քաղաքացիական անհնազանդության ակցիաներ» կազմակերպում պետական մարմինների` մի դեպքում խորհրդարանի, մյուս դեպքում` դատական համակարգի, Սահմանադրական դատարանի նախագահի եւ անդամների դեմ, հասարակության մեջ բաժանարար գծեր քաշում, բաժանում մերոնց ու ձերոնց, սեւերի եւ սպիտակների, պետական մակարդակով թշնամանք եւ ատելություն տարածում շուրջբոլորը։

Կարգավիճակը փոխվել է` «ընդդիմադիր» Նիկոլը դարձել է վարչապետ, բայց էությունը, սադրանքների զինանոցը, ձեռագիրը չի փոխվել. մնացել է նույն «տաղանդավոր» սադրիչը, ինչ 5 տարի, 10 տարի, 15 տարի, 20 տարի առաջ։

Բայց մի բան է, երբ ընդդիմադիր խմբագիրը կամ ճղճղան քաղաքական գործիչն է անպատասխանատու եւ ապակառուցողական, բոլորովին այլ բան, երբ սադրանքների, անկայունության աղբյուրը իշխանությունն է` իր առաջնորդով։

Սա արդեն «աշխարհի վերջն» է. բոլորիս` ե՛ւ իշխանության, ե՛ւ իր կողմակիցների, ե՛ւ ընդդիմախոսների, ե՛ւ անտարբեր մեծամասնության դժբախտությունը…»։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով