«Մենթական բեսպրեդել» Հայաստանում․ ոստիկանները համատարած «սևազգեստներ» ու «հաստավիզներ» են փնտրում

Այն, ինչ վերջին երկու օրերին կատարվում է Հայաստանում՝ գերազանցեց բոլորիս հոռետեսական սպասումները ու մեկ արտահայտաությամբ կարող ենք կոչել «մենթական բեսպրեդել»։ Սակայն այս բնորոշումն օգտագործում ենք՝ լավագույն դեպքում, ու եթե պարզվի, որ ոստիկանության ապօրինությունները քաղաքական որոշման հետևանք են, ապա կատարվածը հեղափոխական դիկտատուրայի երկչոտ դրսևորում է։

«Սևազգեստների» մասին վարչապետի աղմկահարույց հանձնարարությունից անմիջապես հետո ոստիկանները ծեծի են ենթարկել պատահական մի մարդու, որն, ըստ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամների պնդման, չունի քրեական հետագիծ։ Այս դեպքում՝ գործը քննում է արդեն ՀՔԾ-ն․ թերևս խորհրդարանական ամբիոնից հնչած հայտարարությունը թույլ չի տվել, որպեսզի ոստիկանությունում միջադեպը կոծկվի։ Համենայն դեպս, իշխանության ներկայացուցիչներն ու ոստիկանությունը պաշտոնական հայտարարությամբ հանդես չեն եկել, իսկ «Իմ քայլի» պատգամավորներից մեկը, որը նաև փաստաբան է, ՀՀԿ-ի հոռի ավանդույթներին հանգույն՝ ընդդիմությանն անմիջապես մեղադրեց ստախոսության մեջ՝ ևս մեկ անգամ ապացուցելով, որ այսօրվա խորհրդարանական մեծամասնությունն ընդամենը գործադիրի կցորդն է ու պատրաստ է «դոշ տալ» անգամ ակնհայտ ապօրինության համար։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Սակայն երեկ տեղի են ունեցել ավելի արտառոց իրադարձություններ, որոնք կասկածի տակ են դնում Հայաստանում իշխանության գոյությունը՝ քաղաքական բովանդակության, ադեկվատության տեսանկյունից։ Քաղաքական դաշտի լուսանցքում գործող «Ադեկվադ» կազմակերպության անդամները սև վերնաշապիկով քայլել են Մաշտոցի պողոտայով ու բերման են ենթարկվել հագուստի գույնի հետևանքով։ Պարզվում է՝ ստացվել է մի անհայտ քաղաքացու ահազանգ, թե իբրև «ադեկվատները» մարդկանց ահաբեկել են ու վախի մթնոլորտ են տարածել։ «Ադեկվատներն», իհարկե, ակնհայտ քաղաքական սադրանք են կազմակերպել, սակայն նրանց գործողություններում չի եղել որևէ կրիմինալ, նրանք լուսանկարել են իրենց «զբոսանքը»՝ որպես ապացույց, որ բռնության կոչեր չեն հնչեցրել։ Սակայն իշխանությունը կուլ է տվել «խայծը»՝ մարդկանց քաղմաս տանելով ու քաղաքական հետապնդման տպավորություն թողնելով։

«Անհայտ քաղաքացու զանգ»-ը դառնում է վտանգավոր նախադեպ, «դանոսչիկության» պես մի բան ու այսօր դրա կրկնությունն Աբովյանում ստիպում է մտածել, որ գործ ունենք ավելի վտանգավոր երևույթի հետ։ 29/07 ընտրատեղամասի մոտ Գառնիի ոստիկանության բաժանմունքի պետ Գիզիրյանը, ինչպես ինքն է ասում, ահազանգի հետքերով ընտրատեղամասի տարածքում բորդյուրին նստած հաստավիզների է եկել գտնելու. «Ահազանգ ա եղել, որ հաստավիզները ճամփին բորդուրների վրա նստած են, ձեր լրագրողները բորդուրին են նստած եղել, ընդամենը դիտողություն եմ արել, որ բորդուրին չի կարելի նստել»,-ասել է նա: Արդեն երևի հասկացաք, որ ֆիզիկապես հաստ պարանոց ունեցող ոստիկանը «հաստավիզ» է փնտրել լրագրողների մեջ։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Սոցիալական ցանցերում տարածվել է «Զվարթնոց» օդանավակայանից տաքսու վարորդներին բերման ենթարկելու տեսանյութը, ինչը ևս խոսում է «բեսպրեդելի» մասին։

Ի՞նչ է կատարվում Հայաստանում, ինչո՞ւ «մեր ոստիկանը» հաշված օրերի ընթացքում դարձավ «սանձարձակ մենթ», ինչո՞ւ Հայաստանում դարձյալ ռեստավրացվեց «անհայտ քաղաքացու զանգ»-ի ավտորիտար մեխանիզմը, որը ենթադրում է, որ մարդիկ կարող են բերման ենթարկվել՝ ցանկացած պատրվակով ու երբ ասես։

Արդյո՞ք ականատեսն ենք թավշյա ու սիրո հեղափոխության «դիկտատորական» փոխակերպմանը ու հասարակությանն աստիճանաբար ադապտացնում են նոր անձնիշխանության՝ արդեն հոգեբանորեն, փաստացի։ Նման բաներ մարդկությունը շատ է տեսել, համաշխարհաին պատմությունն ունի բազում օրինակներ, երբ լուսավոր հեղափոխություններն ավարտվել են «գիլյոտիններով», իսկ Ռոբեսպիերի նման մտածողը դարձել է դիկտատոր։

Եթե նույնիսկ ընդունենք, որ Հայաստանում կան իրավիճակի ապակայունացման նպատակով գործող կիսակրիմինալ, կիսաքաղաքական բանդաներ(ինչի հնարավորությունն ամենևին էլ չեմ բացառում), ապա նման անշնորհք պայքարն այդ երևույթի դեմ բերելու է միայն իրավական «բեսպրեդելի» ու քաոսի, կարճ ասած՝ իրականություն է դառնալու այն տխուր սցենարը, որը հետապնդում են «հիբրիդային պատերազմ» հրահրողները։

Վեթինգը պետք է տարածել ու գուցե առաջին հերթին՝ իրավապահ մարմինների վրա, որովհետև առաջին իսկ հնարավորության դեպքում տեսնենք, թե ինչպես են հաշված ժամերի ընթացքում «վերածնվում» «մենթերն» ու «չեկիստները», որոնք հետո առաջացնելու են «ուժեղ ձեռքի» պահանջարկ՝ չեղարկելով հեղափոխության արդյունքները։

Աղբյուրը`1in.am

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով