«Գլուխդ կկոխեմ ո….դ». Ռեստորանի տնօրենը՝ Իմ քայլի պատգամավոր Արման Եղոյանի մասնակցությամբ միջադեպի մասին.Analitik.am

Ինչպես ավելի վաղ հայտնել ենք, հունիսի 2-ին Արագածոտնի մարզում վիճաբանություն է տեղի ունեցել Իմ քայլը խմբակցության պատգամավոր, վարչապետ Նիկոլ Փաշինյանի նախկին խոսնակ Արման Եղոյանի մասնակցությամբ:

Ոստիկանության Աշտարակի բաժին ահազանգ էր ստացվել, որ «Աշտարակի ձոր» ռեստորանային համալիրում վիճաբանություն է տեղի ունենում մի խումբ անձանց միջև։ Նշված վայր էին մեկնել ոստիկանության Աշտարակի բաժնի օպերատիվ խումբը, ովքեր պարզել էին, որ վիճաբանությունը տեղի է ունեցել Երևանի բնակիչներ՝ 33-ամյա Լեռնիկ Օհանջանյանի, նրա ընկերոջ՝ 35-ամյա Արման Եղոյանի և նշված ռեստորանային համալիրի աշխատակից՝ Աշտարակ քաղաքի բնակիչ, 35-ամյա Ռազմիկ Աբգարյանի միջև, որի ժամանակ վիճաբանության մասնակից մատուցողներից մեկը հարվածել է Լ. Օհանջանյանին, իսկ մյուս աշխատակից Ռ. Աբգարյանը սեռական բնույթի հայհոյանքներ է հնչեցրել Ա. Եղոյանի հասցեին։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ավելի ուշ համապատասխան պարզաբանմամբ հանդես եկավ նաև պատգամավոր Եղոյանը:

Այսօր՝ հունիսի 7-ին, Analitik.am-ի հետ կապ հաստատեց «Աշտարակի ձոր» ռեստորանային համալիրի տնօրեն Ռազմիկ Աբգարյանը՝ ներկայացնելով տեղի ունեցածի իր տարբերակը:

Աբգարյանը մասնավորապես նշեց, որ հունիսի 2-ին Արման Եղոյանն իր ընկերուհու՝ Լեռնիկ Օհանջանյանի հետ ժամանել է իրենց մոտ՝ ամառային գոտում գտնվող ռեստորանային համալիրի տարածք։ Ժամը 18:25 հյուրը ցանկացել է իր սննդի հաշվի չեկը, և ինքն այն ուղարկել է, սակայն օրենքը պահանջում է, որ պետք է սննդի չեկն ուղարկվի, հետ գա կասա, գումարը վերցնեն, նոր ՀԴՄ չեկը տրամադրեն. «Ես արել եմ այն, ինչը որ պահանջվում է օրենքի շրջանակներում»։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

«Դրանից հետո ես անձամբ  ստացել եմ գումարը և խփել եմ ՀԴՄ կտրոնը։ Ժամը 18:25 ուղարկել եմ կտրոնը և, քանի որ ճանապարհը կասայից դեպի այդ տարածք հեռու է, 6:31 ստանալով գումարը՝ խփել եմ ՀԴՄ կտրոնը։ Երբ Արման Եղոյանը մոտեցավ իր մանրը վերցնելու, տեսավ, որ այդ պահին ՀԴՄ կտրոնը պապկայի մեջ դրված չի և հարցրեց, թե ով է տնօրենը, որից հետո ես ներկայացա որպես տնօրեն։ Եղոյանը հարցրեց, թե ո՞ւր է ՀԴՄ կտրոնը, ես, սեղանի վրայից վերցնելով կտրոնը, տվեցի նրան, իսկ ինքը հայտարարեց, որ ես պարտավոր եմ ՀԴՄ կտրոնը դնել պապկայի մեջ: Ես ասացի, որ իմ պարտավորությունը կայանում է միայն նրանում, որ ՀԴՄ կտրոնը ժամանակին խփեմ, և եթե ինքը ցանկանում է ՀԴՄ կտրոնը, ես դա տրամադրում եմ իրեն։ Այլ խնդիր է, եթե ինքն առաջարկեր խփել ՀԴՄ կտրոնը և ես այդ պահին նոր խփեի: Իսկ եթե խփված պատրաստ դրված է սեղանի վրա և ես այն տրամադրում եմ, դա լրիվ ուրիշ խնդիր է»,-ասաց Աբգարյանը:

Մեր զրուցակցի պնդմամբ, Եղոյանը պարզապես ցանկացել է վիճաբանություն ստեղծել. «Նա  գտնվում էր ոչ ադեկվատ վիճակում։ Նշեմ, որ իրենք ռեստորանային այս համալիրում եղել են մոտ մեկ ժամ և խմել են ամեն մեկը երկու լիտր գարեջուր, և ալկոհոլի ազդեցության տակ Եղոյանը վրդովված մոտեցել էր ինձ և վիճաբանում էր։ Ես ասել եմ, որ ինքն օրենքի մարդ չի, և իրավունք չունի ինձ հետ այսպես ոչ ադեկվատ զրույց ծավալելու։ Առաջարկել եմ նաև, որպեսզի հեռախոսով նկարի կտրոնը և ուղարկի հարկային տեսչությանը, իսկ հարկային տեսչությունն իր ծառայակիցներին կուղարկի մեր մոտ և, քանի որ ՀԴՄ ապարատի մեջ գոյություն ունի ժամանակային իստորիա, ցույց կտա, թե երբ է խփվել կտրոնը։

Նշեմ, որ այդ ընթացքում, Եղոյանի ընկերուհին  տեսանկարահանում էր իմ փակ տարածքը, որտեղ սեղանի վրա դրված էր գումար, բացի դրանից, իմ մեջքի հետևում գտնվող կասան բաց էր գումարային պարունակությամբ, այնտեղ էին նաև իմ անձնական իրերը։ Մեր մատուցողներից Սամվելը, ոչ թե խփելով, այլ ձեռքը հրելով ասել է, որ վերջինս իրավունք չունի տեսանկարահանել փակ տարածք, որից հետո Եղոյանը, թեքվելով սպասարկող անձնակազմի կողմն ասաց․ «Գլուխդ կկոխեմ ո….դ»»։

Աբգարյանը նշեց, որ ինքն այդ պահին ևս մեկ անգամ ասել է, որ Եղոյանը կարող է դիմել հարկային տեսչություն, որն իր հերթին կպարզի՝ կտրոնը խփվել է, թե՝ ոչ, ինչպես նաև այն, թե երբ է խփվել. «Եղոյանը դրան ի պատասխան ասաց․ «Արա, դու գիտես ես պե՞տք ա գնամ հարկային տեսչությո՞ւն»։ Այսպիսով կարող եմ ասել, որ Եղոյանը չէր ցանկանում անդրադառնալ սննդի կտրոնին և ՀԴՄ կտրոնին, այլ պարզապես ցանկանում էր վիճաբանություն ստեղծել։ Նույնիսկ ինձ ասաց․ «Թե կարաս խփի», որին ի պատասխան ես ասել եմ, որ այդ հաճույքն իրեն չեմ պատճառելու, քանի որ ես գիտակցում էի, որ ինքը սադրում է, և անում է ամեն բան, որպեսզի ես իրեն հարվածեմ։

Հասկանալով, որ ինքս չեմ կարողանում այդ իրադրությունը շտկել՝ անձամբ զանգահարել եմ մեր տարածքային թաղային Հովիկին, խնդրել եմ, որպեսզի վերջինս ուղարկի ոստիկանական խումբ, քանի որ ես՝ ինքս, որպես ֆիզիկական անձ չեմ կարող դա հարթել։ Այդ ընթացքում Լեռնիկ Օհանջանյանը զանգահարել է մի անհայտ անձի և պատմել է իրավիճակը, այդ մարդը հեռախոսի մյուս կողմից ցուցումներ էր տալիս, իսկ Եղոյանի ընկերուհին ասում էր՝ «բա որ էստեղ բերաններս ջարդեն, ի՞նչ ենք անելու», նա էլ ասում է՝ կասեմ։ Դրանից հետո նույն Լեռնիկ Օհանջանյանը պտտվում է իմ գործընկերոջ կողմը և ասում․ «Հը՞ն, արա ինչ ես ասում», գործընկերս էլ՝ Պետրոս Հակոբյանը, հորդորում է կարգի հրավիրվել»։

«Մինչև ոստիկանական խմբի մոտենալը, ես ամառային գոտուց բարձրացել եմ վերևի հատված, որից հետո Եղոյանն իմ հետևից գոռում էր․ «Արա արի, արի, որ բերանդ ջարդեմ» և իմ հետևից բարձրացավ վերև, և հենց այդ պահին ոտսիկանական խումբն արդեն տեղում էր։

Նշեմ, որ ոստիկանները բարձր մակարդակի ծառայություն են մատուցել, սակայն Եղոյանն, անտեսելով ոստիկանների հորդորը, լինելով ոչ ադեկվատ վիճակում, շարունակում էր կրկնել, որ հիմա ջարդելու է իմ բերանը․ «Հըն արա հիմա բերանդ ջարդե՞մ, գիտես չէ՞, որ անցած տարի լիներ բերանդ ջարդելու էի, բայց էս տարի չեմ կարողանում»։ Ես իրեն հարցրել եմ, թե անցած տարի ինքն ո՞վ է եղել, և հիմա ով է, Եղոյանը գոռալով ասաց․ «Ես ՀՀ պատվավոր քաղաքացի, ԱԺ պատգամավոր Արման Եղոյանն եմ»։

Այս խոսակցությունից հետո ես խնդրել եմ ոստիկաններին, որ մեզ հրավիրեն ոստիկանական բաժանմունք, որտեղ իրենք բողոք են գրել, իսկ ես ներկայացրել եմ ամեն ինչ, սակայն դրանից հետո Աշտարակի ոստիկանության պետի տեղակալը, չգիտեմ ինչ պատճառներով, հրավիրեց ինձ իր գրասենյակ և ասաց, որ գնամ Լեռնիկ Օհանջանյանից ներողություն խնդրեմ, և այս իրավիճակը շտկվի։ Բացի Աշտարակի ոստիկանության պետի տեղակալից, ոստիկանության բոլոր աշխատակիցները պահել են իրենց շատ բարձր մակարդակում։

Նշեմ նաև՝ ես տեսել եմ, որ Աշտարակի ոստիկանության պետի տեղակալը, տեսնելով, որ ԱԺ պատգամավոր է իր դիմացը կանգնած, դարձել է «կուռկուռի ձագ»: Նա այդ ժամանակ նստեց Արման Եղոյանի և Լեռնիկ Օհանջանյանի մեքենան և գնացին անհայտ ուղղությամբ»,-ասաց Աբգարյանը:

Մեր զրուցակիցը հայտնեց, որ իր տեղեկություններով, այս պահին գործը գնացել է Հատուկ քննչական ծառայություն. «Ես խնդրում եմ, որպեսզի դուք Աշտարակի ոստիկանությունից ճշտեք և՛ Արման Եղոյանի ոչ ադեկվատ վիճակի մասին, և՛ իմ այս պարզաբանման հետ կապված ճշտումներ անեք։

Ես ցանկանում եմ, որ այս գործին տրվի լրջագույն ուսումնասիրություն, և հետևողական լինեք, եթե ես՝ Ռազմիկ Աբգարյանս, լինեմ մեղավորը, պատժվեմ օրենքի սահմանում, եթե Արման Եղոյանը լինի, պատժվի օրենքի սահմանում»։

Աբգարյանը նշեց նաև, որ տվյալ տարածքում տեսանկարահանում չի իրականացվում, սակայն կան վկաներ, ինչպես նաև հավելեց, որ ամենամեծ վկաները Աշտարակի ոստիկանության աշխատակիցներն են։

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով