«Քանի կան Ստյոպա Սաֆարյանի պես չարորակ սոցիալական գոյացություններ, հասարակությունն ապաքինվելու շանսեր չունի».Գարեգին Պետրոսյան

Загрузка...

Քանի կան Ստյոպա Սաֆարյանի պես չարորակ սոցիալական գոյացություններ, հասարակությունն ապաքինվելու շանսեր չունի

Մարտի 1-ը, անխոս, հայաստանյան հասարակական-քաղաքական կյանքի ցավագին դրվագներից մեկն է, եթե ոչ ամենացավագինը : Այն իր հետևանքներով այնպիսի վերքեր է պատճառել հասարակությանը, հիվանդագին այնպիսի մի վիճակ ձևավորել, որի ապաքինման համար անգամ ժամանակի գործոնն է թվում անզոր : Այդպես է թվում, որովհետև հանրային կյանքում շարունակում են «գործառնել» Ստյոպա Սաֆարյանի պես չարորակ գոյացություններ, ովքեր հասարակության առողջացման մեջ տեսնում են իրենց տխուր ավարտը, ովքեր խոհեմության և հեռատեսության իրենց պակասը ամեն կերպ փորձում են լրացնել գարշելի զգացմունքայնություն սերմանող արարքներով` խթանելով չարորակ ուռուցքի անարգել տարածումը հանրային օրգանիզմի մեջ :

Մարտի 1-ն իր էությամբ արդեն զգայուն է : Այն մի իրողություն է, որտեղ չկան և չեն էլ կարող լինել հաղթողներ : «Զրոյական խաղադրույքի» սկզբունքն այստեղ ի սկզբանե բացառված էր : Սա այն դեպքը չէ, որտեղ մեկի հաջողությունը նույնչափ անհաջողություն կհամարվեր մյուսի համար : Մարտի 1-ն այն մեծ աղետն էր, որտեղ բոլորս արդեն մեկ անգամ պարտվել ենք և պարտվել ենք մեր բոլորիս մեղավորությամբ :Ուստի հանրային միտքն այսօր առավել քան երբևէ պետք է խոհեմություն հանդես բերի և չտրվի զգայական այն ուղղորդումներին, որոնք կոչված են տասնամյակներով պարտության ծանրությունը թողնելու մեր խղճին`անորոշության մատնելով մեր պետության և մեր բոլորիս ապագան :

Ավելի քան 1 տասնամյակ անց ներհասարակական թշնամանքն ու ատելությունը մնում է չհաղթահարված : Հակադրվածությունն ու թշնամական երկփեղկվածությունը «կենսունակ է մնում» ստյոպասաֆարյանների ազդեցությամբ, ովքեր ամենազարհուրելի արարքների և ողբերգությունների մեջ ամեն կերպ փորձում են որոնել «մարտիմեկյան» քաղաքական ենթատեքստ, կոնսպիրացված հաղորդագրություններով փորձում հանրային տրամադրությունների մեջ տարածել չարորակ գոյացության արմատները :

Տաքսու մեջ ծխելն արգելելը վերջերս պատճառ էր հանդիսացել մայրաքաղաքը ցնցած զարհուրելի մի արարքի, որի վերաբերյալ եղած բազմաթիվ հրապարակումները, կարծում եմ, հայտնի են բոլորին: Հրապարակումներից հայտնի էին նաև հանցանքի մասնակիցները : Նրանք ձերբակալված են, և ընթանում է քննություն : Պարզվել էր, որ ողբերգության զոհը Մարտի 1-ի գործով տուժող ճանաչված Արթուր Դավթյանի հայրն էր: Եվ, ցավոք, ողբերգությունը նորից սկսվեց անհարկի շահարկվել : Եվ նորից Ստյոպա Սաֆարյանը, ով իր ֆեյսբուքյան գրառման մեջ նախ քննչական ծառայությանը «հռետորական» հարցադրում է ուղղում` «Ո՞վ է այս ամենի թիկունքում կանգնած», որին հետևում է նույնքան «սպասված» ակնարկը. «Մարդա մեկը, երբ քաղաքականություն մտնելու մասին է խոսում, արյուն է հեղվում» :

Ճիշտ է, հայտնի պատճառով անուն չի նշում, բայց ինչ-որ բան «հուշում» է :
Միթե՞ սա հերթական ճղճիմ սադրանքը, ուղղորդման կանխամտածված փորձը չէ : Վերջապես արդյո՞ք ողբերգության այսպիսի գարշելի շահարկումը ներհասարակական ատելությունն ավելի խորացնելու քողարկված նպատակ չունի իր մեջ…

Այն դեպքում, երբ հասարակության վերքերն առանց այն էլ ապաքինման կարիք ունեն, չարորակ գոյացությունները շարունակում են բզկտել առողջացման գործընթացն առաջնորդող իմունային համակարգը:

Հ. Գ. Տաքսու վարորդի սպանության և Մարտի 1-ի «ստյոպսաֆարյանական» կապի հանգամանքն այսօր պաշտոնապես հերքվել է ոստիկնության տրամադրած հաղորդագրությամբ :

Քաղաքագետ`Գարեգին Պետրոսյանի ֆեյսբուքյան գրառումը

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Загрузка...