Փաշինյանի 3 րոպեն.7or.am

Загрузка...

1․ «Դատարաններն արգելափակելու որոշումն ի ցույց դնելն էր, որ դատական համակարգի որոշումների հետ ես ոչ մի կապ չունեմ»։

2․ «Ես ինչի՞ եմ դատարանների դռներն արգելափակել. ցույց տալու համար, որ ինձ պետք չի մարիոնետային դատական համակարգ․ ինչի էսօր Հայաստանում դատավոր կա, որ վարչապետի ասածը կարող ա չանի՞»։

Այս երկու՝ իրար միանգամայն հակասող նախադասությունների հեղինակը նույն մարդն է, և այս երկու նախադասությունների արտաբերման ժամանակահատվածի տարբերությունն ընդամենը 3 րոպե է։

Այո՛, 3 րոպեում նույն անձնավորությունն անում է իրար լրիվ հակասող, բացարձակապես հակառակ պնդումներ՝ այդպիսով հերքելով առաջին հերթին ինքն իրեն և հետո անհարգալից վերաբերմունք ցուցաբերելով իրեն լսողներին ու, առավել ևս, հավատացողներին։

Տրամաբանական հարց՝ ինչպե՞ս կարող է մարդը որոշել արգելափակել այն դատարանների դռները, որոնց որոշումների հետ ինքը կապ չունի՝ ապացուցելու համար, որ իրեն մարիոնետային դատարաններ պետք չեն, քանի որ Հայաստանում չկա այնպիսի դատավոր, որ իր ասածը չի կարող չանել։ Տրամաբանական հարց անտրամաբանական մտավարժանքին։

Եթե դատարանների որոշումների հետ ինքը կապ չունի, նշանակում է՝ դատարանները մարիոնետային չեն, և կան այնպիսի դատավորներ, որոնք կարողանում են չանել վարչապետի ասածը։

Իսկ եթե դատարանները հայտարարվում են մարիոնետային, և այդ պատճառով դրանց դռները փակելու որոշում է կայացվում, գումարած դրան էլ՝ Հայաստանում չկա դատավոր, որ վարչապետի ասածը չանի, հետևաբար վերջինի կողմից նրանց հրահանգ իջեցվո՛ւմ է, իրենք էլ խելոք կատարում են։

Իսկ եթե նույն անձի կողմից արտաբերված այս երկու նախադասությունները փորձենք միավորել, ապա կստացվի, որ փակվում են վարչապետի հետ ոչ մի կապ չունեցող բոլոր դատարանների դռները՝ ապացուցելու, որ այդ դատարանները մարիոնետային են, բայց որ վարչապետին պետք են այնպիսի դատարաններ, որոնք վարչապետի հետ ոչ մի կապ չունեն։

Չգիտես՝ խնդաս, թե լաս։

Մի խոսքով, մարդ կա՝ գլխում ամեն ինչ խառն է՝ մե՛կ անվերահսկելի դատարաններ են աչքին երևում, մե՛կ մարիոնետային դատարաններ, մե՛կ դավադիր ուժեր, մե՛կ հող հանձնողներ, մե՛կ բալանդ ուտողներ, մե՛կ սևազգեստ բոբոներ, մե՛կ ասֆալտին պառկողներ և պատերին ծեփվողներ, մե՛կ ծնոտները ջարդվողներ և ջարդողներ, մե՛կ, մե՛կ, մե՛կ․․․

Է, հետո՞, մինչև ո՞ւր երկիրը կհասնի այս հոգեխանգարմունքի մթնոլորտում։ Հեղափոխությունն արվեց՝ պարզելու, թե Հայաստանը պսիխոյի փորձարկմանը որքա՞ն կդիմանա, կամ ընդհանրապես կդիմանա՞:

Ի վերջո, ե՞րբ է իշխանությունը ձերբազատվելու դավադրությունների տեսություններից և սկսելու աշխատել։

Մեկ գլխում երկու իրարամերժ կարծիք ունեցող ղեկավարը կարո՞ղ է պատերազմի ժամանակ զորքերի գերագույն գլխավոր հրամանատարը լինել:

7or.am

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Загрузка...