Սևազգեստ խմբերի հարցը պետք է լուծել, շորերի հարցը լուծել, ծաղկավոր բաբոչկան կապել ու ճանապարհել. Փաշինյան

«Երկրում 1 տարի առաջ տեղի ունեցավ թավշյա հեղափոխություն, և դրանից հետո մի շարք ուժեր, այդ թվում՝ նախկին կոռուպցիոն համակարգի հետ ուղղակի կամ անուղղակի կապ ունեցող, փորձեցին ՀՀ-ում քաղաքական գործունեության որոշակի դաշտ ստեղծել, ինչը նորմալ է ժողովրդավարական երկրի համար։ Մեկ տարվա փորձերի ու գործունեության արդյունքում այդ ուժերը վերջնականորեն հասկացան, որ անդառնալիորեն հայտնվել են քաղաքական լուսանցքում, և վերջին շրջանում մենք տեսնում ենք հետևյալ գործողությունները, որ ըստ ամենայնի՝ քաղաքական որևէ աջակցություն ստանալու հեռանկարի հանդեպ հուսահատ որոշ շրջանակներ որոշել են ՀՀ-ում իրականացնել բռնության և բռնության քաղաքական լեգիտիմացման քարոզ։

Եվ նույնիսկ այս առումով տեղի են ունենում կազմակերպված ակցիաներ, որոնց հիմնական ասելիքը հետևյալն է, որ ահա իրենք պատրաստվում են Հայաստանում բռնությամբ քաղաքական հարցեր լուծել։ Եվ այս հռետորիկան գնալով ավելի կազմակերպված բնույթ է կրում»,- այսօր կառավարության նիստի սկզբում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ըստ նրա՝ նույնիսկ օպերատիվ տեղեկություններ կան, որ այդ շրջանակների որոշ հատված որոշել է, այսպես ասած, սևազգեստ մարդկանց խմբեր ձևավորել, որոնք քաղաքում կշրջեն և որոշակի տրամադրություն կփորձեն ստեղծել, «որոշակի լկտի պահվածքով աչքի ընկնել և այլն»։

Ն. Փաշինյանի խոսքով՝ այն երկրում, որտեղ հաղթել է ոչ բռնի թավշյա հեղափոխությունը և որտեղ տեղի են ունենում բռնության կոչ, այս պայմաններում իրավապահ համակարգը չի կարող լինել թավշյա, և այս պայմաններում իրավապահ համակարգը պետք է շատ կոշտ հակահարված տա բոլոր նման երևույթներին՝ սկսած այն երևույթից, որ Երևանի Ազատության հրապարակը ինչ-որ մարդիկ, ինչ-որ ժամերի փորձում են դարձնել երթևեկելի գոտի, ավտոմեքենաներով մտնել ու «ճռիկներ» անել, ավտոմեքենաները վարել մայթերով։

Վարչապետի խոսքով՝ սա արվում է որոշակի նպատակով՝ ցույց տալու համար, որ երկրում իբր հաստատված է անիշխանություն և չկա իրավակարգ կամ իրավակարգը թույլ է։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ն.Փաշինյանն արձանագրեց, որ ՀՀ ոստիկանությունն ու իրավապահ համակարգը ոչ թե սրան պետք է վերաբերեն երթևեկության կանոնների խախտման, քանի որ սա ուղղակի երթևեկության կանոնների խախտում չէ, սա բացարձակ արհամարհանք է հանրության, օրինականության, պետական կարգի նկատմամբ.

«Բոլոր այս դեպքերով պետք է զբաղվեն ոչ միայն Ճանապարհային ոստիկանությունը, այլև հասարակական կարգով ու անվտանգությամբ զբաղվող ուժերը։ Նման պահվածքով հանդես եկող ցանակցած անձ պետք է լրջորեն փոշմանի իր արարքի համար։ Այս թեմայով ես այսօր առավոտյայն զրույց եմ ունեցել ոստիկանության պետի հետ, տվել եմ հանձնարարականներ։

Ինչ վերաբերում է սևազգեստ խմբերին, այդ սևազգեստ խմբերին պետք է տեղորոշել, սև շորերի հարցը լուծել, ծաղկավոր բաբչկան կապել և հնարավորինս վառ ծաղիկներով ճանապարհել բնականոն, քաղաքակիրթ, օրինական կյանք»։

Ն.Փաշինյանը ոստիկանապետին ու ԱԱԾ պետին հրահանգեց զբաղվել այս խնդրով, որ, ըստ նրա, անվտանգության խնդիր է և քր.օրենսգրքի մի հոդվածի խնդիր չէ.

«Բացարձակապես կապ չունի այդ բռնության քարոզ անողները հանդես են գալիս իշխանության, թե ընդդիմության աջակից: Հայաստանում բռնության քարոզի համար հաջորդ անգամ բերանները բացելուց առաջ պետք է տասը անգամ մտածեն։ Եթե տասը անգամ մտածելուց հետո, այնուամենայնիվ, գնան նման գործողությունների, ուրեմն 10 անգամ խիստ պետք է հակահարված ստանան։ Եվ այդ հակահարվածը չպետք է լինի թավշյա, պետք է լինի երկաթյա»։

Վարչապետը ոստիկանապետին հանձնարարեց ձևավորել օպերատիվ խումբ, որ քաղաքացիների ահազանգերին սովորականից 10 ավելի արագ կարձագանքի, միջոցներ կձեռնարկի, որոնք տեսանելի կլինեն քաղաքացիների համար։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով