Սենսացիոն ձերբակալություն. Իրավիճակը կտրուկ փոխվում է.Lragir.am

Загрузка...

Հատուկ քննչական ծառայությունը հաղորդագրություն է տարածել, ըստ որի 2008 թվականի մարտի 1-ից 2-ն ընկած ժամանակահատվածում Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ հրազենի գործադրմամբ Զաքար Հովհաննիսյանին դիտավորությամբ կյանքից զրկելու կասկածանքով ձերբակալվել է 2008 թվականի մարտի 1-ի դրությամբ ՀՀ ոստիկանության զորքերի հրամանատարի տեղակալի, նույն ինքը` շտաբի պետի պաշտոնը զբաղեցրած Գեղամ Պետրոսյանը:

Սա առաջին ձերբակալությունն է, եւ ընդհանրապես՝ առաջին կոնկրետ հաղորդագրությունը մարտի 1-ի սպանությունների կապակցությամբ: Սա կտրուկ փոխում է իրավիճակը, քանի որ մինչ այժմ մի քանի հետաքննությունների, մարտի 1-ի գործով ստեղծված հանձնաժողովների ուսումնասիրությունների արդյունքում միշտ բաց էր մնում սպանության հրաման արձակողների ու դրանք իրականացնողների հարցը:

Տեսակետներ կային, որ քանի դեռ այս մասով հստակություն չկա, չի կարելի խոսել մարտի 1-ի գործի ամբողջական բացահայտման մասին: Այս հանգամանքը հատկապես շատ էին շեշտում մարտի 1-ի գործով անցնող նախկին պաշտոնյաներն ու նրանց պաշտպանները: Ավելին, Քոչարյանն, օրինակ, բազմիցս նշել է, որ այն վայրը, որտեղ կատարվել են սպանությունները, չէր վերահսկվում ոչ իշխանության, ոչ էլ ընդդիմության կողմից:

Քննչական մարմիններն, իրենց հերթին, անդրադառնալով սպանությունների բացահայտման խնդրին, նշում էին, որ կեղծվել են բազմաթիվ հանցանշաններ, անհետացել պարկուճներ: Այդ մասով մեղադրանք էր առաջադրվել Մարտի 1-ի գործով Քննչական խմբի նախկին ղեկավար Վահագն Հարությունյանին, ով ներկայում փախուստի մեջ է:

Իսկ ամիսներ առաջ Հայաստանում սպանվեց մի դիպուկահար, որն ըստ ԶԼՄ-ների՝ կարող էր կապ ունենալ մարտի 1-ի սպանությունների հետ:

Այսպիսով, 11 տարի անց սպանությունների մասով կա առաջին հաղորդագրությունը: Արդյոք հիմնավոր են կասկածները ձերբակալված սպայի մասով, եւ ինչ ապացույցներ ունի քննչական ծառայությունը, ցույց կտա ապագան: Այս ձերբակալությունը կարող է ունենալ շղթայական էֆեկտ:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Загрузка...