ՊՆ-ում պաշտոնանկությունները կսկսվեն գնդապետ Առուշանյանից.«168 ժամ»

Загрузка...

«168 ժամ» թերթը գրում է.

«Պաշտպանության նախարարությունում (ՊՆ) մոտալուտ պաշտոնանկությունները, սպասվում է, որ սկիզբ կառնեն գնդապետ Սերժ Առուշանյանի ազատման հրամանից: 2013 թվականից նա ղեկավարում է Զինծառայողների սոցիալական պաշտպանության վարչությունը: Նախարարության ներսում խոսվում է վարչությունում կոռուպցիոն սկանդալի հնարավոր բացահայտման մասին, ասում են՝ քիչ չեն նաեւ վարչությանը հասցեագրված թեժ գծի բողոքները:

Զինծառայողների սոցիալական պաշտպանության վարչությունում քաղաքացիների դիմումներն ամիսներով կուտակվում են, վերջին շրջանում ընդհուպ թվով 3000 դիմումի կուտակում է եղել: Միայն այս պահի դրությամբ վարչությունում ընթացք չստացած 1200-ից ավելի քաղաքացիների դիմում կա: Իսկ դա նշանակում է, որ կերակրողին կորցրած զինծառայողի ընտանիքներն ամիսներով կախված են ՊՆ չինովնիկների քմահաճույքից, հարցականի տակ սպասում են, մինչեւ որ ՊՆ-ն կերակրողին կորցրածի նպաստը կնշանակի, որպեսզի զոհվածի ընտանիքը կերակրվի դրանով: Ամիսներով լուռ սպասողների հերթերում զինհաշմանդամության թոշակառուներն են, կենտրոնական ռազմաբժշկական հանձնաժողովի փորձաքննություն անցնող մարդիկ, զինվորների ծնողների հրատապ դիմումները՝ անվճար վիրահատությունից, սոցերաշխիքներից օգտվելու համար:

Պարզվում է՝ վարչությունում արտոնյալ չեն անգամ թոշակի գնացող բարձրաստիճան զինվորականները: Գուցե հենց այս խավն էլ կոլեգա Առուշանյանի պաշտոնանկությունը որոշել է արագացնել: Ասում են՝ նախարար Դավիթ Տոնոյանի մոտ ներսից հաճախ են դժգոհում վարչության պետ, գնդապետ Առուշանյանի աշխատանքից՝ համարում են, որ նա իր սոցիալական գործառույթը թողել, իրեն բարձր գեներալիտետի մաս է համարում: Մեր աղբյուրը նկատում է՝ Սերժ Առուշանյանը ժամանակին կարողանում էր նախարար Սեյրան Օհանյանին համոզել, թե իր դեմ «բոչկա գլորողների» ակնկալիքները թոշակները չեն, իր պաշտոնի լծակներն են հետաքրքրում կոլեգաներին, մինչդեռ ներկայումս նախարար Տոնոյանի հետ այդ հարաբերությունները չկան, հետեւապես՝ չկան նաեւ իրավիճակը լղոզելու շանսեր: Շահառուների դժգոհությունը նախարարոթյան պատերի ներսից հասել է Կառավարություն: Բացառված չէ, որ ՊՆ այս վարչությունում Սերժ Առուշանյանից բացի, այլ պաշտոնանկություններ եւս լինեն: Ավելին, նախկին իշխանության ձեռնարկած քայլերը՝ ուժայիներին զրկել կադրավիկներին թոշակ եւ նպաստ նշանակելու իրավունքից, գործնականում շուտով իրավական ուժ կստանա:

Երկու տարի առաջ գաղտնի հրամանով՝ ՊՆ-ից այս գործառույթն արդեն իսկ տեղափոխվել էր Սոցիալական ապահովության ծառայության տակ, էլեկտրոնային կենսաթոշակի համակարգը նաեւ այս 33.000 շահառուներին է սպասարկում: Անավարտ է մնում, սակայն, Երկրապահ կամավորականների միության (ԵԿՄ) եւ այլ կապերի շնորհիվ զինհաշմանդամություն ստացած խմբերի վերանայման գործընթացը: Դրանք հետհեղափոխական շրջանում ժամանակավորապես կասեցվել են։ Բանն այն է, որ կասկածելի հիմքերով զինհաշմանդամ դարձածները զրկվել են նախկին կարգավիճակից, իսկ հեղափոխական իշխանությունը կասկածում է՝ իբրեւ թե պետության փողերը խնայելու ջանքերի մեջ հանցավոր տարրեր կան, եւ մարդու իրավունքի ոտնահարված դեպքեր է բացահայտում:

Ավելի վաղ 168.am-ը գրել էր, որ 15-20 տարի առաջ տրված զինհաշմանդամների կարգավիճակները սկսեցին վերանայվել 2017-ից՝ ՀՀ Պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանի ու Սոցապ նախկին նախարար Արտեմ Ասատրյանի նախաձեռնությամբ: Արդյունքում՝ մինչեւ հեղափոխությունը 500-ից ավելի զինհաշմանդամ զրկվեց նախկինում ստացած կարգավիճակից՝ բարձր թոշակից ու պետության արտոնած սոցիալական երաշխիքներից, իսկ թվով 55 անձ զրկվեց ՊՆ-ից տուն ստանալու իրավունքից։ Այս գործերը հանձնվել են ՀՀ գլխավոր դատախազություն»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Загрузка...