Պառակտե՞լ հայ ժողովրդին հանուն Նիկոլի, թե ոչ. ի՞նչ կորոշի դատավորը

Загрузка...

Պառակտե՞լ հայ ժողովրդին հանուն Նիկոլի, թե ոչ. ի՞նչ կորոշի դատավորը

Հետևելով վերջին ամիսներին տեղի ունեցող իրադարձություններին և լրատվական դաշտից եկող ազդակներին, կարելի է նկատել, որ գործող իշխանության կողմից կրկին շրջանառության մեջ է դրվել «հայաստանցի-ղարաբաղցի» կեղծ ու վտանգավոր եզրույթը: Մեխանիզմը պարզ է՝ շրջանառվում են հակապետական ու արհեստածին գաղափարներ, որոնք երկրի ներսում ստեղծում են լարվածություն, ինչը կարող է հանգեցնել պառակտման։

Այս ամենը կատարվում է հետևյալ ճանապարհներով՝
1. Սորոսի և այլ հակապետական հիմնադրամների կողմից Հայաստան են գալիս հսկայական ֆինանասական միջոցներ, որտեղից տարիներ շարունակ սնվել է ներկայիս իշխանության մեջ ընդգրկվածների զգալի մասը: Ստացվում է`այժմ երկիրը կազմաքանդելու «պատվեր» ստանում են հենց իշխանության ներկայացուցիչները: Այս մարդիկ շարունակաբար ծաղրուծանակի են ենթարկում Արցախյան հերոսամարտը, Ապրիլյան պատերազմը, անգամ Արցախի բարբառը, կասկածի տակ են դնում մեր հերոսների քաջագործությունները, որոնց արյան գնով պահպանել ենք մեր պետության սահմանները: Այս կերպ նրանք փորձում են նսեմացնել ու անվանարկել Արցախի հետ կապված յուրաքանչյուր երևույթ:

2. Նիկոլ Փաշինյանի՝ իշխանության գալուց հետո ակտիվորեն սկսել են շրջանառվել ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի պարտվողական թեզերը՝ արցախյան հարցի վերաբերյալ: Տեր-Պետրոսյանի թեզերի առաջին ու ամենաակտիվ քարոզողն անձամբ վարչապետն է: Նկատենք, որ «հայաստանցի-ղարաբաղցի» եզրույթն առաջին անգամ ակտիվ շրջանառության մեջ դնողներից մեկը Նիկոլ Փաշինյանն էր, երբ արտահերթ խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի ժամանակ հայտարարեց, թե Արցախի ղեկավարների տղաները բանակում չեն ծառայել, սահման չեն պահել: Հետագայում Փաշինյանն ավելի խորացրեց լարվածությունը և շրջանառության մեջ դրեց նաև Արցախում «հակահեղափոխության օջախ» ստեղծելու մասին ձևակերպումները:

Հայաստան-Արցախ միասնությունը խախտելու անհագ ցանկությունն ավելի ակնառու դարձավ «Մարտի 1»-ի գործի շրջանակներում ՀՀ երկրոդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանավորման հարցը քննելիս, երբ Արցախի ներկա և նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանն ու Բակո Սահակյանը հանդես եկան անձնական երաշխավորությամբ: Փաշինյանն ու իր թիմակիցները, հացազրույցներում անդրադառնալով նախագահների երաշխավորությանը, ակնհայտ ցույց տվեցին իրենց բացասական վերաբերմունքը Արցախի ղեկավարության նկատմամբ և հերթական անգամ շրջանառեցին «հայաստանցի-ղարաբաղցի» կեղծ եզրույթը: Իշխանության կրողներն այդպես էլ չգիտակցեցին, որ այսօր կա ընդամենը մեկ մեծ խորհրդանշական կամուրջ, որ պահում է Արցախ-Հայաստան հարաբերությունները՝ դա Արկադի Ղուկասյանի և Բակո Սահակյանի միջնորդությունն ու դրա բավարարումն է դատարանի կողմից։

Այսպիսով կարող ենք ասել, որ Վերքննիչ դատարանը դիտարկում է ոչ թե Քոչարյանի կալանքի հարցը, այլ այդ կամուրջի, մեր միասնության լինել-չլինելու հարցը, ինչն իրականում շատ բարդ է: Ամեն դեպքում դատավորը պետք է գիտակցի, որ գնալով ավելի ու ավելի ակնհայտ է դառնում այս գործի շինծու լինելը և պետք է խուսափի իր վրա վերցնել այլոց վրեժի համար արվող անօրինկանակությունների պատասխանատվությունը: Ցանկացած ոք պետք է գիտակցի, որ այս իշխանությունն էլ նախորդների պես հավերժ չէ և գալու է նաև նրանց՝ օրենքի առաջ պատասխան տալու ժամանակը, ինչի մասին խոսեց նաև ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը:

Աղբյուրը` Իրարանցում

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Загрузка...