Ովքե՞ր են «Վահե Գրիգորյան»-ի պրոդյուսերն ու սցենարի հեղինակը

Загрузка...

 

Ովքե՞ր են «Վահե Գրիգորյան»-ի պրոդյուսերն ու սցենարի հեղինակը

«Հեղափոխության» նոր եթերաշրջանի մեկնարկը տրված է: Այն տվեց Վահե Գրիգորյանը՝ մի կերպ ՍԴ դատավոր ընտրվելուց հետո իրեն ՍԴ նախագահ ինքնահռչակելով: Եթե հիշում եք, մոտ մեկ տարի է՝ ամբողջ իշխանական ապարատը լծված էր Վահեին ՍԴ դատավոր դարձնելու ծանր գործին: Հանուն նրա անգամ օրենքներ էին փոխվում: Այդ ընթացքում ամբողջ ազգին հետաքրքրում էր, թե ինչո՞ւ պետք է այդ դատավորը լինի հենց Վահեն, մի՞թե մեր երկրում չկա մեկ այլ մասնագետ: Բնականաբար կան մասնագետներ, շատ ավելի որակյալ քան Վահեն, բայց այստեղ խնդիրն այլ է: Չէ որ անգամ «Իմ Քայլը» դաշինքի պատգամավորն էր «խոստովանել», որ Վահեի ընտրությունն իրենց համար քաղաքական խնդիր է:

Երբ Վահեն ընտրվեց ՍԴ դատավոր և ինքնահռչակվեց ՍԴ նախագահ, բացի մի լավ ծիծաղելուց հանրությունը նաև հասկացավ, թե ինչու էին քայլականները լծվել Վահեին ՍԴ խցկելու գործին: Շատերի համար անգամ ակնհայտ դարձավ, թե ով է կանգնած այս ամենի հետևում: Արդեն ակնհայտ է, որ «Հեղափոխության» այս էպիզոդի պրոդյուսերը Գագիկ Ջհանգիրյանն է: Նա անգամ չի էլ թաքցնում դա: Նա հպարտությամբ հայտարարում էր, որ ՍԴ-ն այս կազմով չի քննելու Մարտի 1-ի գործը, այսօր էլ հայտարարել էր, որ հիմա ՍԴ-ում մենակ Վահե Գրիգորյանն է դատավոր, ուստի ինքը հա՛մ նախագահն է, հա՛մ դատավորն է, որովհետև այնտեղ այլ դատավոր չկա, մյուսն արձակուրդի մեջ է։ Նման կարգի իրավական դատարկախոսությունը կարելի է օգտագործել որպես պատիժ իրավաբանական կրթություն ունեցող մարդկանց նկատմամաբ՝ ստիպելով նրանց անդադար լսել Ջհանգիրյանի այս միտքը:

Ինչևէ, ՀՀ նորագույն պատմության մեջ սա առաջին ինքնահռչակման դեպքը չէ: Ի դեպ առաջինը չէ նաև Ջհանգիրյանի և Վահեի համար, չէ որ նրանք հպարտորեն աջակցում էին Լևոն Տեր-Պետրոսյանին, երբ 2008 թվականի ընտրություններից 2 ժամ չանցած վերջինս ինքնահռչակվեց ընտրությունները հաղթած նախագահ՝ երկիրը դնելով արյունահեղության ճանապարհին: Թերևս այդ դասերն են լավ սերտել Վահեն և Գագիկը. ցանկալին ներկայացնել իրականության փոխարեն՝ թքած ունենալով փաստերի և օրենքների վրա:

Վերադառնալով «Հեղափոխության» նոր եթերաշրջանի մեկնարկին՝ պետք է փաստենք, որ այն ավելի թափանցիկ է, քան նախորդը: Այս անգամ բոլորը անթաքույց կերպով մտել են խաղի մեջ: «Հեղափոխության» սցենարիստ Լևոն Տեր-Պետրոսյանը հրապարակ է նետել իր լավագույն «դերասանական» կազմը, ովքեր, կանգ չառնելով ոչնչի առաջ, փորձում են իրականություն դարձնել լևոնական սցենարը: Արդեն նշմարվում է անգամ պատմության վերջը, որտեղ գլխավոր դերում լինելու է հենց սցենարի հեղինակը: Կարող է հարց առաջանալ, իսկ ո՞ւր է Նիկոլ Փաշինյանը և ո՞րն է նրա դերն այս ամենում: Ցավով պետք է նշենք, որ նա ընդամենը դուբլյորի դեր է տանում Տեր-Պետրոսյանի համար՝ խաղալով վտանգավոր դրվագներում: Երբ ամեն բան հանդարտվի, նա հնազանդ կերպով կանցնի ետնաբեմ՝ գլխավոր դերը թողնելով իր քաղաքական կնքահորը:

Աղբյուրը`Իրարանցում

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Загрузка...