Ոստիկանները խոչընդոտում են Սորոսի հիմնադրամի հայաստանյան գրասենյակի մոտ բողոքի ակցիայի իրականացմանը .(լուսանկարներ)

Загрузка...

Նարեկ Մալյանի գլխավորած «ՎԵՏՕ» նախաձեռնության ակտիվիսների խումբն այսօր՝ հունիսի 3-ին, ժամը 15:00-ին, ցանկանում էր իրականացներ նախապես հայտարարված իր բողոքի ակցիան և շրջափակել Երևանի Սուրբ Զորավոր եկեղեցու հարևանությամբ գործող «Բաց հասարակություն» հիմնադրամի՝ Սորոսի գրասենյակը:

Սակայն հանդիպեց մեծաթիվ ոստիկանների դիմադրությանը և չկարողացավ մոտենալ շենքին: Նարեկ Մայլանն ու իր համակիրները հայտարարեցին, որ այսպիսով փաստվում է այն, որ Հայաստանում պաշտպանված չեն դատարանները, Ազգային ժողովը, Մայր աթոռի Վեհարանը, որ գրավեց և դրանք կարելի է շրջափակել կամ փակել, բայց գերպաշտպանված է Սորոսի գրասենյակը, որը պահպանում են ոստիկանական մեծաքանակ ուժեր՝ չթողնելով նույնիսկ մոտենալ այդ կառույցին:

«Այսպիսով սա փաստում է, որ այս շենքը Ազգային ժողովի շենքից և կառավարությունից ավելի կարևոր է և այսօր Հայաստանի կառավարությունն իրականում գործում է հենց այս տեղից, անձամբ Նիկոլ Փաշինյանն էլ է ականջները կախ գործում այս տեղի թելադրանքներով, քանի որ այս տեղից նրան ևս պատին են դեմ տվել և նրա դեմ էլ ինչ-որ կոմպրոմատներ ունեն», -հայտարարեց Նարեկ Մալյանը:

Նախաձեռնության անդամները ցանկացան հանդիպել Սորոսի գրասենյակի ղեկավար Լարիսա Մինասյանի  կամ գրասենյակի ներկայացուցիչների հետ, սակայն նրանց ոչ մեկ չպատասխանեց, որից հետո նրանք մի քանի անգամ փորձեցին տեր կանգնել իրենց սահմանադրական իրավունքին և ճեղքելով ոստիկանական պատնեշը մոտենալ շենքին:Սակայն հանդիպեցին ոստիկանների դիմադրությանը և նահանջեցին չցանկանալով ավելի սրել և լարել իրավիճակը և ստեղծել ծանր հետևանքներ:

ՎԵՏՕ-ի անդամները սակայն վստահեցրեցին, որ շարունակելու են իրենց ակցիաները և ոչինչ չի կարող նրանց`մեր երկրի պետականությունն ու ազգային արժեքները կոտրել փորձող օտարերկրյա գործակալական ցանցն արմատախիլ անելու հարցում:

«Մենք սակայն շարունակելու ենք մեր ակցիաները օտարերկրյա գործակալական ցանցի դեմ: Մենք իրականացնելու ենք պլանավորած և համակարգված պայքար և չենք նահանջելու, նույնիսկ եթե անգամ հայտնվենք ոստիկանությունում: Եվ այդ ամեն ինչի համար պատասխանատվությունը, ես վերցնում եմ ինձ վրա: Մենք իշխանության նման չենք ասելու, թե այս կամ այն հավաքը ինքնաբուխ է՝ ոչ, պլանավորված է, ես եմ պլանավորել և ես պատրաստ եմ պատասխանատվություն կրել», — հայտարարեց Նարեկ Մալյանը:

 

 

Ֆոտոլրագրող`Հայկ Կիսեբլյան

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Загрузка...