Ներդրողները գալիս, հանդիպում են վարչապետի հետ և գնում, քանի որ հստակ չէ՝ ներդրումներն ինչ մեխանիզմով են կատարվում, անհրաժեշտ է հստակ համակարգ․ Միքայել Մելքումյան

Ազգային ժողովում ՀՀ պետբյուջեի կատարողականի քննարկման ժամանակ այսօր «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը հիշեցրեց, որ 2017-ի վերջին՝ բյուջեի ներկայացման ժամանակ, երբ Վարդան Արամյանն էր ֆինանսների նախարար, բերեցին նոր տրամաբանություն՝ հարկաբյուջետային կանոնը, որով արդեն սահմանափակում էր դրվում արտաքին պարտքի ներգրավման վրա, բայց ի հակակշիռ դրա կապիտալ ներդրումների ծավալն էապես մեծանում է։

«Բայց այն ծավալը, որ նախատեսված էր 2018-ի կապիտալ ներդրումների ավելացման համար, ճիշտ այդ ծավալով թերակատարվել է՝ $80 մլն, չգիտեմ սա համընկնո՞ւմ է, թե տրամաբանություն կա»,- ասաց նա։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ըստ Մելքումյանի, եթե երկրում քաղաքացին պահանջում է անվտանգություն, արդարություն և աշխատանք, ապա կոնկրետ բյուջեի կատարողականի մասով պահանջվում է արդյունավետություն, արտադրողականություն և շահութաբերություն։

«Ես այդպես էլ չտեսա, որ կապիտալ ներդրումների տնտեսական կամ սոցիալական արդյունավետությունը համակողմանի ներկայացնեք։ Սրա մասին՝ զրո տեղեկատվություն, մենակ ասել եք արտահանելի ոլորտում 8%-ով շահութաբերությունն ավելի ցածր է, քան մյուս ոլորտում, բայց ոչ մի խոսք, թե ինչպես է համադրվում ներքին շուկայի խնդիրների հետ»,-ասաց նա։

Ըստ ԲՀԿ պատգամավորի՝ հունվարին արտահանումը կրճատվել է 16,2%-ով, փետրվարին՝ 8,2%-ով, մարտին՝ 2,2%-ով, ապրիլին աճել է 9,9%-ով։ «Ընդհանուր 4,1% արտահանման անկում ունենք չորս ամիսներին, ընդորում՝ մարտ-ապրիլ ամիսներին արտահանման թվերը բացարձակ թվերով նույնն են՝ 207 մլն դոլար, այսինքն՝ սա նշանակում է բազան կրճատվել է, քանի որ հեղափոխության բազան սկսել է կրճատվել»,-ասաց նա։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Միքայել Մելքումյանը նաև նշեց, որ այսօր չունենք ներդրումների ընդունման հստակ համակարգ։ Ըստ նրա խոշոր ներդրողները գալիս են, հանդիպում են վարչապետի, նախարարների, փոխնախարարների հետ և դուրս են գալիս, քանի որ հստակ չէ, թե ներդրումներն ինչ մեխանիզմներով են կատարվում։ «Պետք է օրենքով ընդունվի ներդրումներ ընդունելու նաև  մերժելու պատասխանատվությունը, ոչ թե քննարկեն, դուրս գան ու այդպես էլ ճակատագիրը չիմանանք»,-ասաց նա։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով