Մերժման շրջանակը աստիճանաբար ընդլայնվում է. Ավետիք Չալաբյան

Загрузка...

Հասարակական գործիչ Ավետիք Չալաբյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել՝ անդրադարձալով ՀԱԿ անդամ Վարդան Հարությունյանի հետ տեղի ունեցած միջադեպին: Գրառումն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև.

«Երեկ ՀԱԿ-ի անդամ Վարդան Հարությունյանի հետ տեղի ուենցած միջադեպը առիթ եղավ գրելու այն, ինչի մասին ցանկանում էի գրել արդեն մի քանի ամիս՝ մեր երկրում հոգեբանական և ֆիզիկական բռնության սողացող տարածման մասին։

Մեկ տարի առաջ, երբ Փաշինյանը և իր կողմնակիցները հաղթեցին իշխանության համար պայքարում, նրանք ջանք չէին խնայում բոլորին համոզելու, որ տեղի ուենցածը «Սիրո և համերաշխության հեղափոխություն է», որ սա Հայաստանի և նույնիսկ աշխարհի պատմության մեջ աննախադեպ է, որ որևէ վրեժխնդրություն չի լինելու, և մեր երկրի պատմության մեջ հանրային համերաշխության և համագործակցության նոր դարաշրջան է բացվում։

Չանցած մի քանի ամիս, նույն մարդիկ արդեն հասարակությունը բաժանեցին «Սևերի ու սպիտակների», իրենց հորջորջեցին «Սպիտակ», մնացած բոլորին «Սև», սկսեցին սպառնալ սեփական քաղաքական հակառակորդներին «ասֆալտին փռել» և «պատերին ծեփել», և դա անձամբ վարչապետի շուրթերով, և իր կողմնակիցների ոգևորված գոռում-գոչյունների ներքո։ «Մերժիր Սերժին»-ը շատ արագ վերածվեց «Մերժիր Հանրապետականին», հետո էլ սահուն «Մերժիր բոլոր կուսակցություններին», դա էլ տառացիորեն վերջին մեկ ամսում դարձավ «Մերժիր դատավորներին» և «Մերժիր Արցախի ղեկավարությանը», և այսպես մերժման շրջանակը աստիճանաբար ընդլայնվում է, իր մեջ ներառելով երկրում գործող ցանկացած կառույց կամ անձ, որ մինչ այժմ չի հայտնվել Փաշինյանի և իր կողմնակիցների անմիջական վերահսկողության ներքո՝ լինի դա համալսարան, օպերային թատրոն, ընդիմադիր լրագրող, թե հանրային գործիչ։

Իմ սեփական հանրային գործունեության ակտիվացումից հետո, ես ամեն գրառմանս կամ հարցազրույցիս հետո հայտնվում եմ պրո-իշխանական ֆեյքերի և մոլեռանդների հոգեբանական գրոհի թիրախում, որոնց արձագանքները համեմված են սպառնալիքներով, հայհոյանքներով և ամենավերջին կեղտով։ Նախորդ իշխանության օրոք, ես ևս ընդգծված ընդդիմադիր կեցվածք ունեի, և պարբերաբար հանդես էի գալիս նրա քննադատությամբ, բայց չեմ հիշում մի դեպք, որ իմ հասցեին բացահայտ սպառնալիք հնչեցվեր, լավագույն դեպքում իշխանությունը միջնորդների միջոցով կարող էր փորձել ինձ ուղերձ հղել, որ ես մեղմեմ քննադատությունը։

Այն, ինչ տեղի է ունենում հիմա, այդ իմաստով իսկապես աննախադեպ է՝ մարդիկ, ունենալով իշխանություն և երկիրը կառավարելու բոլոր անհրաժեշտ լծակները, շարունակում են ատելության քարոզը, հոգեբանական բռնություն են գործադրում իրենց քաղաքական մրցակիցների նկատմամբ, հրապարակներում սպառնալիքներ են հնչեցնում նրանց հասցեին, և չեն խորշում նույնիսկ ֆիզիկական բռնությունից։ Ոչ մի կասկած չկա, որ բոլոր նրանք, որոնք հայտնվել են այդ ատելության ալիքի թիրախում, վաղ թե ուշ պետք է սկսեն ինքնակազմակերպվել պաշտպանվելու համար, և դա էլ բերելու է հակառակ ակտերի, ինչպես դա եղավ երեկ, ու հայհոյանքից հայհոյանք, ապտակից ապտակ, քարով գլուխ ջարդելու սպառնալիքից իրական գլուխ ջարդել, մենք ի վերջո հայտնվելու ենք մի վիճակում, երբ բոլորը բոլորի թշնամին են, և նույնիսկ արդեն չեն հիշում, թե այդ թշնամությունը որտեղից է առաջացել, ով է ճիշտ, ով է սխալ, ով է իրականում սև, ով սպիտակ, բայց բոլորը համատարած տուժած են, ծեծված ու նսեմացած, իսկ հիմնական շահող կողմն էլ նստած է Ապշերոնում, ու բեղերի տակ հանգիստ քմծիծաղ է տալիս մեր ախմախության վրա։

Այսօր մենք կարող ենք կանգ առնել, ու վերջ տալ այս սողացող դիմակայությանը, դրա համար առաջին հերթին իշխանությունը և իր աջակիցները պետք է հստակ քայլեր անեն՝ դադարեցնեն ֆեյքերի և մոլեռանդների միջոցով հոգեբանական գրոհը մրցակիցների նկատմամբ, քաղաքական պայքարը բերեն քաղաքակիրթ երկխոսության և լուծումների դաշտ, ոստիկանությանը հրահանգեն խստագույնս պահպանելու իրավակարգը, և պատժեն նրա ցանկացած խախտողի, անկախ թե որ կողմից կլինի։ Իշխանության քաղաքական հակառակորդներն էլ, իրենց հերթին, չպետք է դիտեն դա որպես թուլության նշան, և ևս գործեն քաղաքակիրթ մրցակցության դաշտում, այլապես ամեն ինչ նորից կվերադառնա ի շրջանս յուր, և ինչ որ ժամանակ հետո մենք զարմանքով կհայտնաբերենք, որ մեր ավանդաբար խաղաղ, հանդուրժող և բայրացակամ երկիրը վերածվել է գազանանոցի, որում էլ մարդավայել ապրել էլ չի լինում։ Հուսով եմ, որ դա երբեք տեղի չի ունենա, մեզնից յուրաքանչյուրը այսօր կսկսի իրենից, և հետ կգանգնի այսուհետ դիմացին վիրավորելու կամ նսեմացնելու ավերիչ գայթակղությունից։

P.S. գոնե այս անգամ ֆեյքերին առաջարկում եմ գրածիս չպատասխանել, և մտածել, արդյոք ձեր գռեհիկ և անմիտ պատասխաններից որևէ մեկը որևէ օգուտ է ստանում, ներառյալ դուք ինքներդ»։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Загрузка...