«Մեծ Ադրբեջան» նախագծի հակակշիռը Իրան-Հայաստան-Ռուսաստան առանցքի ձևավորումն է.Գարեգին Պետրոսյան

«Մեծ Ադրբեջան» նախագծի հակակշիռը Իրան-Հայաստան-Ռուսաստան առանցքի ձևավորումն է

Միացյալ Նահանգներն էապես ակտիվացրել է Ադրբեջանի ուղղությամբ տարվող արտաքին քաղաքականությունը : Այս ուղղությամբ ԱՄՆ-ը երբեք ոչինչ չի ձեռնարկել պարզապես հանուն հարգանքի և արժանապատվության : Ուստի հարկ է պարզաբանել Ադրբեջանի հանդեպ հետաքրքրության կտրուկ աճի հիմական պատճառները :

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Վաշինգտոնը վաղուց է քայլեր ձեռնարկում Ադրբեջանի հետ ունեցած հարաբերությունները որակական բարձր մակարդակ տեղափոխելու առումով : Աշխարհաքաղաքականից բացի (սահմանակից է 2 հիմնական հակառակորդներին` Ռուսաստանին և Իրանին, ոչ մեծ հեռավորության վրա է գնտվում Սիրիայից) Ադրբեջանը ԱՄՆ-ի համար ունի նաև աշխարհատնտեսական նշանակություն`այլընտրանքային էներգակիրների և հաղորդակցության միջոցների առումով :

Ուստի պատահական չէ, որ Ադրբեջանի անկախության տոնին ընդառաջ ԱՄՆ-ի պետքարտուղար Մայք Պոմպեոն կրկին կարևորեց Ադրբեջանի հետ երկկողմ հարաբերությունների խորացման անհրաժեշտությունը : Պոմպեոն հատուկ ընդգծեց, որ Վաշինգտոնի համար Բաքուն նախ և առաջ հուսալի բարեկամ և գործընկեր է : Հատկանշական է նաև այն հանգամանքը, որ իր զորակցությունը հայտնելով Ադրբեջանին, Պոմպեոն հատուկ ընդգծեց Միացյալ Նահանգների պատրաստակամությունը օժանդակություն ցուցաբերել արցախյան կարգավորման հարցում : Պոմպեոն վերստին աննուղղակի հասկացրեց, որ Արցախն այն գինն է, որն ի թիվս այլ միջոցների պատրաստ է վճարել Ադրբեջանին, եթե վերջինս պատրաստակամ լինի ներգրավվել «հակաիրանական» նախագծի մեջ: Ամերիկյան «օժանդակությունը» վաղուց է հայտնի. թեժացնել լարվածությունը շփման գծում, հրահրել ակտիվ ռազմական գործողություններ Իրանի և Ռուսաստանի սահմանին :

Այն, որ Վաշինգտոնը, գեոստրատեգիական նպատակներով պայմանավորված, միշտ փորձել է Բաքվի հետ ունենալ առանձնակի ամուր հարաբերություններ, անվիճարկելի է : Իր նշանավոր աշխատության մեջ տրանսատլանտյան աշխարհաքաղաքականության խոշորագույն տեսաբան Զ. Բժեզինսկին անգամ նշում էր, որ Միացյալ Նահանգները պետք է շահագրգիռ լինի Ադրբեջանում կայուն քաղաքական համակարգ և դինամիկ զարգացող տնտեսություն ձևավորելու խնդրով, ինչն Իրանում ապրող ադրբեջանցիների շրջանում օրակարգ կբերի «Մեծ Ադրբեջանի» գաղափարը: Այսինքն գեոստրատեգիական առումով «Մեծ Ադրբեջանի» գաղափարը Միացյալ Նահանգներում դիտվում է որպես Իրանը կազմաքանդելու կարևորագույն գործիք :

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Միամտություն կլինի կարծել, որ «Մեծ Ադրբեջանի» գաղափարն ուղղված է միայն Իրանի կազմաքանդմանը, այն դեպքում երբ արցախյան կարգավորման հարցում Ադրբեջանը կանգնած է անկոմպրոմիս դիրքորոշման վրա: Ուստի կասկածից վեր է, որ հանուն Իրանի կազմաքանդմանն ուղղված «Մեծ Ադրբեջանի» գաղափարի կենսագործման` արցախյան հարցում ԱՄՆ-ը պատրաստ կլինի գնալ Ադրբեջանի շահերը սպասարկող որոշակի սակարկության, ինչը պարզորոշ շարադրված էր նաև «հեռացող դեսպանի» հաղորդագրության մեջ :

Ընդունված է տարածաշրջանի հիմնական քաղաքական դերակատար համարել Ռուսաստանին, հետևաբար հայկական կողմի ենթադրյալ ցանկացած ձախողում կվերագրվի անմիջապես Ռուսաստանին` կասկածի ենթարկելով հայ-ռուսական ռազմավարական հարաբերությունների բովանդակությունը: Սրանով Միացյալ Նահանգները կլուծի նաև մյուս կարևորագույն գեոստրատեգիական խնդիրը, այն է`Ռուսաստանի գեոստրատեգիական դիրքերի թուլացում տարածաշրջանում:

Ո՞րն է մեր անելիքը : Ինչպե՞ս պետք է արձագանքել ծավալվող սպառնալիքին:

Ռազմավարական գործակցությունը ձևավորվում է պայմանավորված տարածաշրջանային սպառնալիքներին միասնաբար դիմագրավելու պարաստակամությամբ : «Մեծ Ադրբեջանի» ամերիկյան գեոստրատեգիական նախագիծը սպառնալիք է թե Իրանի, թե Հայաստանի և թե Ռուսաստանի համար : Հետևաբար Իրանի, Հայաստանի և Ռուսաստանի շահերի հաստատուն համադրման հանգամանքն այս առումով անառարկելի է, իսկ Իրան-Հայաստան-Ռուսաստան առանցքի ձևավորումը ներմուծվող սպառնալիքներին դիմագրավելու և տարածաշրջանային կայունության ու խաղաղության հաստատման հիմնարար պայմանը :

Քաղաքագետ Գարեգին Պետրոսյանի  ֆեյսբուքյան գրառումը

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով