Հոբելյանական օր. ՀՀ երրորդ նախագահ,ՀՀԿ նախագահ,Արցախի հերոս Սերժ Սարգսյանը տոնում է ծննդյան 65-ամյակը

Հոբելյանական օր. ՀՀ երրորդ նախագահ,ՀՀԿ նախագահ,Արցախի հերոս Սերժ Սարգսյանը տոնում է ծննդյան 65-ամյակը

Դեռևս 2014-ին նախագահ Սերժ Սարգսյանն իր ծննդյան 60-ամյակին ընդառաջ Հանրային հեռուստաընկերությանը հարցազրույց էր տվել,որտեղ շեշտել էր,որ այն մարդկանցից չէ,ովքեր նախօրոք պատրաստվում են ծննդյան տարեդարձերին:Նա նշել էր. «Հասկանում եմ, որ ամսաթիվը հոբելյանական է, բայց այս հոբելյանական տարեդարձը, ցավոք սրտի, ես չեմ կարող ասել, թե այն հանգրվանն է, որ ես արդեն իրականացված եմ տեսել իմ բոլոր երազանքները: Մարդ արարածն այնպիսին է, որ փորձում է ինչ-որ հիշարժան տարեթվերի հետ կապել որոշակի հանգամանքներ,ուստի այլ հանգամանք չի մնում, քան սպասել հաջորդ հոբելյանին` 65-ամյակին, որը ես կցանկանայի դիմավորել արդեն ազատ Արցախով, հստակ հաստատված խաղաղությամբ, արագ տեմպերով զարգացող Հայաստանով և նույնչափ արագ տեմպերով ներգաղթ երևույթներով: Ես կցանկանամ, որ բոլոր նրանք, ովքեր նշում են իրենց ծննդյան տարեդարձը, կատարված ցանկություններով դիմավորեն այն»:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ժամանակը կարևորող մարդը / Սերժ Ազատի Սարգսյան
Հարուստ կենսագրություն,մարտական մեծ ուղի,աշխատանքային երկարամյա գործունեություն ծավալած անձ,ում ժամանակը հենց այնպես չի տրվել:Արցախի հերոս Սերժ Ազատի Սարգսյանը մեր նորագույն պատմությունը կերտողներից մեկն է,մեր ռազմարվեստի հզորագույն կերպարներից,ով իր մասնագիտական հմտություններով ծառայել է հայոց բանակին,Հայաստանի անվտանգությանը և քաղաքական կյանքին:Սկսած 1975-ից՝ Հայաստանում և Արցախում զբաղեցրել է տարբեր պաշտոններ,ստացել Արցախի հերոսի կոչում, «Ոսկե արծիվ» շքանշան, ՀՀ «Մարտական խաչ» առաջին աստիճանի, «Տիգրան Մեծ» շքանշաններ, պետական այլ պարգեւներ:
Սերժ Սարգսյանի կենսագրության և աշխատանքային գործունեության մասին մասին բազմաթիվ տեսանյութեր և վավերագրական ֆիլմեր են պատմում:Նրա անձի գնահատականը տվել են ժամանակի մեծերը՝ Մոնթեն,Վազգենը,Արկադի Տեր-Թադևոսյանը,Վազգեն Մանուկյանը,Վիտալի Բալասանյանը,Ժաննա Գալստյանը,Արկադի Ղուկասյանը,Բակո Սահակյանը,Արշավիր Ղարամյանը և այլոք :Սերժ Սարգսյանի կյանքը ներկայացնող վերջին փաստավավերագրական ֆիլմը. «Մտքով տուն»,որը եթեր հեռարձակվեց 2018 թվականի ապրիլի 8-ին,պատմում է նրա մտքերի,ապրածի և կյանքում նրան շրջապատող թանկ մարդկանց մասին:Ֆիլմում Ս.Սարգսյանն ասում է. «Տասնյակ տարիներ կարող ես քեզ համար շատ հարազատ մարդկանց չտեսնել: Միգուցե, կարևորն այն է, որ չհանդիպելով, այդուհանդերձ, մարդիկ մնում են որպես ընկերներ, որը շատ-շատ կարևոր է»:Սերժ Սարգսյանի՝ դեռևս դպրոցական տարիներից աչքի ընկնող կազմակերպչական կարողությունների, աշխատասիրության, նվիրվածության, փխրուն սրտի ու հանդարտության մասին պատմում են ընկերները: Արցախյան ազատամարտում անձնուրացության ու հրամանատարական փայլուն ունակությունների մասին ընդգծում են Արցախի հերոսներ Ժաննա Գալստյանն ու Վիտալի Բալասանյանը: Սերժ Սարգսյանին ճանաչողները գիտեն,որն նա չափազանց ընկերասեր է:Նա ասում է. «Մենակությունից ես խուսափում եմ: Եթե հիմա աշխարհի ամենագեղեցիկ, ամենատեսարժան վայրում ինձ թողնեն մենակ, ես կփախչեմ: Այ, եթե ընկերներիս հետ լինեմ, ցանկացած վայրում էլ ինձ համար տոն կլինի»:

Նրա մայրը՝ տիկին Նորա Սարգսյանը, պատմում է Լեռնային Ղարաբաղի հանդեպ Սերժ Սարգսյանի անհուն սիրո մասին, թե ինչպես է բանակում ծառայելուց, Երևանի պետական համալսարանն ավարտելուց հետո վերցնում դիպլոմն ու վերադառնում Ստեփանակերտ՝ այնտեղից չհեռանալու ու այնտեղ արարելու ցանկությամբ:Բանասիրական ֆակուլտետն ավարտած երիտասարդի համար այդ տարիներին ամենևին էլ հեռանկարային մասնագիտություն չէր Արցախում,բայց նա կարճ ժամանակում կարողացավ հասնել հաջողութան:
Արցախյան ազատամարտից ու այդ դժվարին պահին հոգևոր դասի կողքին լինելու, ժողովրդին հոգևոր արժեքներին ավելի մերձեցնելու մասին դրվագներ է վերհիշում Հայ առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը: «Սրբազան, հիմա մեր պատարագն ավելի հզոր պետք է հնչի, զանգերն ավելի շատ պետք է ղողանջեն»,-նրա ականջներում հիմա էլ հնչում են Սերժ Սարգսյանի խոսքերը պատերազմի տարիներին:
«Շատ հարցեր փոխկապակցված են, և առանց մի խնդրի լուծման հնարավոր չէ մյուսը լիարժեքորեն լուծել: Ասում եք, որ ինձ համար ամենակարևորն Արցախի խնդրի լուծումն է, բայց ինչպես ենք պատկերացնում, օրինակ, Արցախի խնդրի լուծումն առանց տնտեսապես ուժեղ Հայաստանի: Անհնար է: Ինչպես ենք պատկարեացնում Արցախի խնդրի լուծումն առանց դեմոգրաֆիական պրոբլեմը լուծելու: Բարդ է: Ինչպես ենք պատկերացնում Արցախի խնդրի լուծումն առանց Հայաստանի միջազգային հեղինակության: Տրիվիալ բան եմ ասում, որ մեր փրկությունը միասության մեջ է: Ես ցանկանում եմ, որ մեր համազգային իղձերից մեկը գոնե կատարվի»,-ֆիլմը եզրափակվում է Սերժ Սարգսյանի խոսքերով:

Ես Սերժ Սարգսյան պետական ու ռազմական հզոր գործչին լավ ճանաչելով,վստահորեն կարող եմ ասել,որ նրա երազանքները չիրականացան:2018 թվականի ապրիլին նրա տված հրաժարականը փոխեց հայաստանցու և արցախցու կյանքի բնականոն հունը:Անվտանգությունը վտանգվեց,պատերազմական ռիսկը մեծացավ:Քաղաքական դաշտը վերածվեց կրկեսի,սահմանադրական կարգը տապալվեց :Մինչդեռ նրա հրաժարականը պահանջող,փողոցային պայքար իրականացնող ժողովուրդը վստահ էր և համոզված,որ երկիրը նոր ղեկավար ունենալով՝ կբարգավաճի: Հզոր բառեր է գործածել Սերժ Սարգսյանն իր հրաժարականի տեքստում:Հզոր միտք կա այնտեղ. « Ստեղծված իրավիճակն ունի մի քանի լուծում, բայց դրանցից ոչ մեկին ես չեմ գնա։
Դա իմը չէ։
Ես թողնում եմ երկրի ղեկավարի, Հայաստանի վարչապետի պաշտոնը։
Փողոցի շարժումն իմ պաշտոնավարման դեմ է։
Ես կատարում եմ ձեր պահանջը»:
Սերժ Սարգսյանը շարունակում է նախագահել Հայաստանի հանրապետական կուսակցությունը:Ամեն օր գնում է աշխատանքի,մասնակցում է հանդիպումների,միջոցառումներին:Հաճախ է գտնվում Արցախում,հանդիպում մարտական ընկերներին,միասին այցելում են պատերազմում զոհված ընկերների շիրիմներին:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Սերժ Սարգսյանի կյանքը լուսավորում են նրա երկու դուստրը՝ Անուշը և Սաթենիկը և հինգ թոռները՝ Մարիամը,Արան,Սերժը,Ռիտան և Տիգրանը:Ունի երկու հրաշալի փեսա՝ Միքայել Մինասյանն ու Հայկ Խաչատրյանը:Կյանքի յուրաքանչյուր փուլ նա անցել է տիկնոջ՝ Ռիտա Սարգսյանի հետ:Սերժ Սարգսյանի հայրը՝Ազատ Սարգսյանը մահացել է2013 թվականին ,իսկ 89-ամյա մայրը՝ Նորա Սարգսյանն ապրում է Արցախում:Սերժ Սարգսյանի անունը կրող թոռը՝ 8-ամյա Սերժ Հայկի Խաչատրյանը հրաշալի շախմատ է խաղում :Նախագահը նույնիսկ զարմանքով է խոսում թոռան ունակությունների մասին:Զգացվում է,որ պապ և թոռ հարաբերության մեջ շատ մեծ կապվածություն կա,նույնիսկ մեծ նմանություն:Նրանք միասին շախմատ են խաղում,միասին ընթերցում,միասին շրջագայում,միասին զբոսնում,նույնիսկ խոսում քաղաքական թեմաներից… Լավագույն մաղթանքներով,բարի ցանկություններով շնորհավորում եմ ՀՀ երրորդ նախագահին՝ծննդյան տարեդարձի առիթով ,մաղթում առողջություն,երկարակեցություն: Աննա Սահակյան

Աննա Սահակյանի ֆեյսբուքյան գրառումը

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով