Հե­ղա­փո­խա­կան հերթական «էքս­պե­րի­մեն­տը». «Փաստ»

Загрузка...

«Փաստ»-ը գրում է․ «Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Ռուստամ Բադասյանին արդարադատության նախարար նշանակելու մասին։

Հասկանալի է՝ ըստ Սահմանադրության, վարչապետի առաջարկությամբ, այսինքն՝ փաստացի վարչապետի նշանակմամբ:

Նոր նախարարն ընդամենը 28 տարեկան է ու, բնականաբար, լակոնիկ կենսագրություն ունի, ինչը նույնիսկ առաջին հայացքից հուշում է նրա ակնհայտ անփորձության մասին։

Երեկվանից սոցիալական ցանցերում մարդիկ անկեղծորեն քննարկում էին այն հարցը, թե ո՞վ է նոր նախարարը։ Տվյալ դեպքում հնչեցվող հարցադրումն ամենևին էլ վիրավորական չէ. մարդիկ անկեղծորեն ուզում են հասկանալ, թե որ արժանիքների համար է Բադասյանը նշանակվել, կամ ինչ առաքելություն է նա իրականացնելու պատասխանատու պաշտոնում։

Բանն այն է, որ արդարադատության նախարարությունը ֆունկցիոնալ բազմաշերտ ու շատ կարևոր դերակատարություն ունի ու, ըստ էության, կոչված է ապահովել ադապտացիոն շրջանի օրենսդրական բազան ու ստեղծել դատական նոր համակարգի ինստիտուցիոնալ հիմքերը։

Արտակ Զեյնալյանը պաշտոնանկ արվեց, որովհետև խորհրդարանական մեծամասնությունը նրան, ըստ էության, մեղադրում էր անգործության մեջ, իսկ վարչապետն էլ արձանագրեց, որ դատական ռեֆորմի տեմպերի շուրջ որոշակի ներդաշնակության պակաս կար իր ու նախկին նախարարի միջև։

Դա գուցե հենց այդպես է, սակայն այդ պարագայում ի՞նչ տեսլական ունի Բադասյանը, արդյո՞ք նա գալիս է ռեֆորմի իր տեսլականով, թե՞ իր կերպարով մեկն է, որ արդարացնելու է ցանկացած նախաձեռնություն, որ գալու է վարչապետից։

Օրինակ՝ երեկվա իր առաջին կարճ հարցազրույցում անդրադառնալով նրան, թե ինչ տեսակետ ունի դատարանների մուտքերն արգելափակելու ակցիայի մասին՝ Բադասյանը նշել է, որ վարչապետը սպառիչ պարզաբանել է, թե ինչ նպատակ էր հետապնդում ակցիան։ «Կարծում եմ, որ դա դատարանների նկատմամբ ճնշում գործադրելու գործիք չէր, այլ նպատակ ուներ ցույց տալ իշխանության աղբյուրը»,- հավելել է նա:

Այսպիսի ձևակերպումն ուղղակի ապշեցրել էր հատկապես իրավաբաններին ու քաղաքագետներին: Ինքնին հասկանալի է, որ կաբինետի անդամն իրավունք չունի հրապարակավ հակադրվել վարչապետին։

Դա առնվազն կոռեկտ չէ թիմային աշխատանքի տրամաբանության տեսանկյունից, մյուս կողմից՝ նախարարը տեխնիկական պաշտոնյա չէ ու հնարավորություն ունի իր պատասխաններում հստակ ներկայացնել առանձնահատուկ տեսակետ կամ դիվանագիտորեն խուսանավել այն ձևակերպումներից, որոնք միանշանակ ընկալում չունեն մեր հասարակության ու միջազգային հանրության մոտ։

Բադասյանի դեպքում այդպես չի լինելու՝ գոնե առաջին տպավորությամբ։ Նա, ըստ ամենայնի, նախարարի պաշտոնը ստանձնել է ոչ թե ռեֆորմի կոնկրետ ծրագրով, տեսլականով, այլ արդեն իսկ թիմի կողմից մշակված (իսկ ավելի կոնկրետ՝ պահի տակ առաջարկվելիք) քաղաքականության համատեքստում»։

Նյութն ամբողջությամբ կարդացեք «Փաստ»-ում։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Загрузка...