«Իմ Քայլի» «սորոսականները» կառանձնանա՞ն.«Հրապարակ»

Վարչապետության մեկ տարին ամփոփող ասուլիսում Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ իշխանությունում թեւեր չկան, հատկապես շեշտեց՝ գործադիր իշխանությունում։ «Ես նմա՞ն եմ մի մարդու, որ կարող է լինել ՀՀ վարչապետ, եւ այդ իշխանության ներսում հնարավոր լինեն տարբեր թեւեր… Եթե թեւեր ի հայտ գան, ես այդ թեւերը կկտրեմ»,- սպառնաց նա։ Այդուհանդերձ, տեւական ժամանակ է՝ տեղեկություններ ենք ստանում, որ ոչ միայն գործադիր, այլեւ օրենսդիր մարմնում իշխող մեծամասնությունը բաժանվել է խմբերի, թեւերի, ճակատների։

Դրանցից ամենակազմակերպվածն ու միասնականը, այսպես կոչված, «սորոսականներն» են եւ նրանց հարող խումբը։ Նրանք կուռ թիմ են ձեւավորել, մշտապես պաշտպանում են միմյանց տեսակետները, «հարձակվողական» քաղաքականություն են վարում մյուսների նկատմամբ եւ հետեւողական են իրենց ծրագրերում։ Ավելին, մերձիշխանական շրջանակները չեն բացառում, որ ամիսներ անց, ասենք՝ աշնանը, 20-25 պատգամավորից բաղկացած այս խումբն իր «ինքնավար» կարգավիճակի մասին կհայտարարի՝ զատվելով «Իմ քայլից»։ Մենք փորձեցինք կապվել այս խմբի պոտենցիալ անդամներից մի քանիսի հետ։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

«Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան» կազմակերպության ծրագրերի նախկին պատասխանատու, իմքայլական Սոս Ավետիսյանը, ի պատասխան մեր հարցին, բնական է համարում, որ բոլոր «նորմալ» խմբակցություններում էլ պետք է լինի կարծիքների տարանջատում, բայց վստահեցնում է, որ դրանք «ճակատների, բեւեռների» մակարդակով չեն․ «Կարծիքները չեն տարանջատվում ըստ ճամբարների, որովհետեւ չկան ճամբարներ, կարծիքները տարանջատվում են տարբեր հարցերի շուրջ, եւ այն, ինչ մամուլը գրում է, հերյուրանք է»։

Պատգամավորի կարծիքով՝ բեւեռների մասին խոսակցությունները ծնունդ են առել իրենց միասնականության փաստից։ «Ես ուրախ եմ, որ մարդիկ ուզում են՝ մենք բեւեռներով լինենք։ Ենթադրում եմ, որ այն միասնականությունը, որ մենք ներկայացնում ենք, մարդկանց նյարդայնացնում է, որոշ ուժերի մեր միասնականությունը հանգիստ չի տալիս»,- ասաց Ավետիսյանն ու կատակեց․ «Հույս չունենան»։ Աշնանը կամ մոտ ապագայում պատգամավորական խմբակցությունից՝ «Իմ քայլից» «անկախանալու» մասին լուրերին մեր զրուցակիցը հումորով է վերաբերվում. «Դրանք օդից կախված տեղեկություններ են՝ մի քանի ամիս սպասեք՝ սա է լինելու, սպասեք՝ նա է լինելու։ Չկա նման բան, բացառված է։ Մեր խմբակցությունը, իր տարբերություններով հանդերձ, ամենամիասնական խմբակցությունն է։ Գիտեմ, որ տարանջատման փորձեր անընդհատ են արվելու, մեր համերաշխությունը, մեր՝ միմյանց հետ խոսելու, լսելու կարողությունը ճզմելով անցնում է նման սպառնալիքները»։

«70 տոկոս վստահություն ստացած խմբակցությունը քաղաքական ո՞ր տրամաբանությամբ պետք է թեւերի ձեւավորվի»,- հարց է հնչեցնում պատգամավորը։ Բայց չէ՞ որ քաղաքական շահեր կան, ամբիցիաներ եւ այլն։ «Բայց  չէ՞ որ բոլորս իրար հետ քաղաքական նույն ծրագրերով եկել ենք ու իրականացնում ենք այդ ծրագրերը։ Գուցե տարակարծություններ ունենում ենք, բայց երբ գալիս է քվեարկելու պահը, մենք միասնական ենք»։ Գուցե առաջիկայում խախտվի՞ ձեր միասնականությունը, չհամաձայնեք իշխանության վարած քաղաքականության հետ։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

«Հույսով սպասեք»,- կատակեց պատգամավորը, անհասկանալի է՝ ում ուղղելով իր ակնարկը։
Ի դեպ, պատգամավորը ցանկություն հայտնեց մանրամասն բացատրել «սորոսական» հասկացությունը, որպեսզի մարդկանց համար պարզ դառնա, թե ում մասին է խոսքը․ «Սերժ Սարգսյանի ժամանակ եղել են մարդիկ, որոնք գործարքի չեն գնացել, աշխատել են ազատ եւ անկախ կառույցներում, այս մարդիկ հիմա «Իմ քայլը» խմբակցության անդամներ են, բայց նրանք շատ ավելի համերաշխ են մյուսների հետ, քան շատերին թվում է»։

Սոֆյա Հովսեփյանն էլ ասաց, որ ինքը որեւէ ճակատի չի հարում, ավելին․ «Երբեմն խմբակցության նիստերի ժամանակ լուսանցքի նման կանգնում-նայում եմ, որ տեսնեմ՝ որտեղ են այդ ճակատները, որի մասին մամուլն անընդհատ գրում է, բայց հիմա դուք ասում եք՝ ես էլ կամ այդ ճակատներից որեւէ մեկում»։ Պատգամավորը շեշտեց, որ տարբեր հարցերի վերաբերյալ 87 հոգանոց խմբակցությունում տարակարծություններ չեն կարող չլինել։ Բացառո՞ւմ է, որ ինչ-որ պահից ընդհանուր կուրսի հետ չհամաձայնելու արդյունքում պատգամավորների որոշակի խումբ կանկախանա։ «Դուք հարց եք տալիս մի բանի մասին, որ ես չեմ կարող անձանց կարծիքները հայտնել։ Բացառել ինչ-որ բան․.. եթե մեկ տարի հետո լինեն այնպիսի իրավիճակներ, որ մարդկանց ինչ-որ ձեւով չբավարարի, գուցե լինի Ձեր ասածը։ Բայց այսօր ես պետք է լինեմ գուշակ, որպեսզի ասեմ՝ ինչ կարող է լինել մեկ տարի հետո»։

Սակայն «Իմ քայլը» խմբակցությունում կան մարդիկ, ում դուր չի գալիս «սորոսականների» դիրքավորվածությունը, եւ չեն վստահում այս խմբի հավատարմությանը։ Կարծիք կա, որ այս խումբն ինչ-որ կետից կառավարվում է եւ ունի որոշակի ծրագիր՝ «Իմ քայլի» միասնական ծրագրից տարբերվող, եւ դա արտահայտվում է որոշ անձանց դեմ կազմակերպված պայքարով, որոշ հարցեր միասնաբար առաջ մղելով։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով