Թող հաղթի նա,ում կընտրի Արցախը «Հրապարակ»

Загрузка...

Ինչքան Փաշինյանն ուժեղացնի ճնշումները Արցախի ու արցախցի պաշտոնյաների վրա, այնքան կմեծանան 2020թ. կայանալիք ընտրություններում Վիտալի Բալասանյանի հաղթանակի շանսերը:
Չմոռանանք Նյուտոնի հայտնի օրենքը ազդեցության եւ հակազդեցության մասին` F = — F: Մյուս կողմից էլ` Արցախում ընտրելու են իմաստնությունն ու անկախության սերունդը: Արցախում չեն կարող տոն տալ ճանապարհներ փակող ակտիվիստների հորդաները, սորոսական ՀԿ-ներն ու տերտեր ծեծող ժեխը, որոնք Նիկոլ Փաշինյանի թավշյա հեղափոխության կարեւորագույն բաղադրիչներն էին: Հենց այս հանգամանքն է առայժմ Փաշինյանին հետ պահում Արցախում խժդժություններ կազմակերպելու (իր խոսքով` հեղափոխություն անելու) սեւեռուն գաղափարից: Փաշինյանն առայժմ փորձում է հեռվից-հեռու նախընտրական պարարտ հող ստեղծել իր նախընտրած թեկնածուի համար, որը, ամենայն հավանականությամբ, ԱՀ նախկին վարչապետ Արայիկ Հարությունյանն է: Չմոռանամ նաեւ Արայիկ Հարությունյանին նախազգուշացնել փաշինյանական թիկնոցով ընտրությունների գնալու հետեւանքների մասին: «Փ» տառով սկսվող ամեն բան չէ, որ հաղթանակ է խոստանում:

Որքանով ճանաչում եմ արցախցիներին, կարող եմ ասել, որ Արցախը հայաստանյան պրովոկացիաներին տրվողը չէ, եւ զուր են ՀՀ իշխանությունների ջանքերը` սեփական ընտրությունն արցախցիներին պարտադրելու ուղղությամբ: Այս մասին արդեն քանիցս առիթ եմ ունեցել խոսելու, բայց, ցավոք, որքան խոսում ենք, Փաշինյանն այնքան ավելի շատ է սեւեռվում այս անհեռանկար եւ վտանգավոր գործի վրա: Աբովյանի ընտրությունները թող դաս լինեն բոլորի համար: Փաշինյանի խայտառակ թիմը պարտվել է, բայց բոլորը խոսում են հենց Փաշինյանի պարտության մասին, խոսում են այն մասին, որ անգամ երեւանյան մեծ շքախմբով Աբովյանում անցկացրած քայլերթով նա չկարողացավ իրավիճակ փոխել: Եվ այդ ռեսուրսով էլ Փաշինյանն ուզում է Արցախին բա՞ն ապացուցել:

Թավշյա հեղափոխության իդեոլոգիայով, որքան հիշում ենք, նախատեսված էր, որ ժողովրդական վարչապետի գործողությունները պետք է պայմանավորված լինեն ժողովրդի պահանջով, լինեն պարզ ու թափանցիկ: Ինձ ընդամենը մեկ հայաստանցու անուն տվեք, որ Նիկոլ Փաշինյանից այսօր պահանջում է ոչ ավել, ոչ պակաս` հեղափոխություն անել Արցախում: Հայաստանցիներն արդեն իրենց հեղափոխությունից են զզվում, էլ ուր մնաց պահանջեն` նույնն անել բազմաչարչար Արցախում: Այո, ՀՀ ժողովրդական վարչապետը խոստացել էր պարզ ու թափանցիկ գործել: Ո՞ւմ հրահանգով են այսօր Արցախում նախընտրական կրքեր բորբոքում, այսպես կոչված, ինքնահնար քաղաքական ուժերը` Սամվել Բաբայան, «Սասնա ծռեր» ու էլի լիքը «զռթուզիբիլ», որոնց փորացավն ընդհանրապես անհասկանալի է:

Ո՞ւր է ՀՀ վարչապետի զգաստացնող կոչն այն մասին, որ չի կարելի ապակայունացնել քաղաքական իրավիճակն Արցախում: Իսկ գուցե հենց ՀՀ վարչապե՞տն է կանգնած այս ամենի հետեւում, որպեսզի ընդհանուր իրարանցման մեջ հաջողացնի Արցախի նախագահի աթոռին իր մարդուն նստեցնել: Իսկ դուք ասում եք` թափանցիկ… Սա ո՛չ ԲԴԽ ղեկավարի եւ ո՛չ էլ ՀՀ ՍԴ դատավորի ընտրություն է, որ ֆուրորներ անես, հետո վերցնես ու քո մարդուն նշանակես: Ժամանակին տեսել ենք, թե ինչի է հանգեցրել Արցախի առաջնորդի ընտրության հարցում Հայաստանի ղեկավարների միջամտությունը: Մի փորձեք նույն գետը մտնել երկրորդ անգամ` սա է մեր խորհուրդը ՀՀ մերօրյա իշխանություններին:

Ավելորդ է ասելը, որ Արցախի Հանրապետության ԱԺ եւ նախագահի ընտրություններին հետեւելու է ողջ աշխարհը: Գուցե հեռվից, բայց հետեւելու է եւ ներքուստ հետեւություններ է անելու` ընդունա՞կ են, արդյոք, արցախցիները սեփական ժողովրդավարական պետություն ունենալու, թե՞ այն, ինչ կա այսօր որպես Արցախի Հանրապետություն, ընդամենը դեկոր է, հայկական միֆ, աչքի խաբկանք: Մենք պարտավոր ենք լավ ընտրություններ ունենալ Արցախում: Մենք իրավունք չունենք մեր ժողովրդի մեծագույն ձեռքբերումը կասկածի տակ դնելու հանուն որեւէ մեկի, թեկուզ դա լինի ՀՀ վարչապետը, քմահաճույքի ու «հաղթական» իմիջի:

Հայաստանում եղել է նախագահ, որ սեփական անճարակությունն ու հայաստանցու վատ ապրելը բացատրել է «Ղարաբաղի հարցով»` չգիտակցելով, որ Հայաստանը, որի հետ այսօր բանակցում ու հարցեր են քննարկում շատ տերություններ, իր աշխարհաքաղաքական կարեւորությամբ պարտական է չճանաչված Արցախի Հանրապետությանը եւ ոչ մի այլ օտար երկրի: Հանեք Արցախի խնդրի կարգավորման գործընթացը Հայաստանի արտաքին քաղաքականությունից, եւ հանկարծ կպարզվի, որ Հայաստանն ընդհանրապես ոչ մեկին չի հետաքրքրում: Ո՛չ մարդկային ռեսուրս ունենք, ո՛չ հարուստ ընդերք եւ ո՛չ էլ ճանապարհներ ու նավթամուղեր, որ մեզ կարեւորեն: Պատահակա՞ն է, միթե, որ ամեն անգամ մեր առջեւ Արցախի տարածքները վերադարձնելու պահանջ են դնում: Հասկանալի է, չէ՞, որ ամեն անգամ փորձ է արվում Հայաստանի ձեռքից խլել նրա հաղթաթուղթը` Արցախը: Այս ամենն իմանալով` մենք իրավունք չունենք ինքնանպատակ քաղաքական խաղեր տալու Արցախում, մանավանդ որ Հայաստանն է այսօր Արցախի անվտանգության միակ երաշխավորը:

Մենք չէինք ցանկանա, որ Փաշինյանը նույնպես մտածեր, թե Արցախի պատճառով է, որ իրեն չի հաջողվում բարեփոխումներ կատարել Հայաստանում, տնտեսություն զարգացնել կամ կոռուպցիան արմատախիլ անել: Այս ամենն Արցախի հետ կապ չունեցող բաներ են, իսկ եթե հարկ է, որ Արցախում էլ բարեփոխումներ կատարվեն, ու կոռուպցիայի դեմ պայքար տարվի, ապա ամենամեծ հաջողությամբ դա կարող են անել միայն ու միայն Արցախի ժողովրդի ընտրած իշխանությունները:
Եվ ավարտեմ ժողովրդական խոսքի հիշեցումով: Պարոն Փաշինյան․ «Էն վաղ էր, որ էշը կաղ էր», էն վաղ էր, որ Բաքվից էին նշանակում Արցախի ղեկավարներին: Բնականաբար, չեմ ուզում որեւէ համեմատություն անել Բաքվի եւ Երեւանի միջեւ, բայց դրսից նշանակելը մնում է դրսից նշանակել, այդպես չէ՞:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Загрузка...