Եռաբլուրը չորանում է,դրոշն էլ բզկտված է.«Հրապարակ»

Загрузка...

Եռաբլուր պանթեոնի տարածքն այս շոգ օրերին չորացել է։ Իսակովի պողոտայից տարածքին մոտենալիս, աչքիդ առաջ տափաստան է բացվում, չոր, դեղին խոտով պատված։  Արցախյան ազատամարտում զոհվածների նկարներն են թերևս միայն կենդանացնում պեյզաժը։ Նրանց հետևում, բարձունք տանող ճանապարհի եզրերին փուշ ու տատասկ է։ Այս տարի տնկած փոքրիկ եղեւնիների մի մասը մոխրացել է շոգից, չոր չոփիկների է վերածվել։

Այստեղ էինք եկել զոհվածների ընկերների ահազանգով։ Հայտնել էին, որ արդեն երեք շաբաթ է, Եռաբլուր պանթեոնը ջրազրկված է։ Զոհվածների հարազատները չեն կարողանում ոռոգել գերեզմանների տարածքը։

Մեր այցելության պահին մատուռի և զոհված ազատամարտիկների թանգարանի մոտակայքն էր միայն խնամված՝ ամենաերևացող հատվածը, որտեղ ծաղիկ դնելու են գալիս այցելուները և ուր ուղեկցում են հյուրերին։ «Եռաբլուրի» տնօրեն, գնդապետ Սուրեն Խաչատրյանը մեզ էլ ուղեկցեց այստեղ, ցույց տվեց կանաչ գազոնները։ Տարածքի չորությունը նա բացատրում է նրանով, որ Սևանից ջրառը նոր է սկսվել, և քանի որ Եռաբլուրի տարածքը ջրվում է Սևանից ինքնահոսով եկող ջրով, բույսերը մի քիչ չորացել են։

«Վերջին տարում ջրամատակարարումը լավացել է, — ասում էր տնօրեն Խաչատրյանը, և քիչ էր մնում, մեր աչքերին չհավատայինք, — հիմա արդեն մայր ջրատարից ինքնահոս գալիս է։ Մայր կանալը Սևանից կտրված է եղել, մայր կանալում ջուր չկար, էսօր երեկ, Սևանի ջուրը տվել են, ճնշումը բարձրացել է ու մենք առավոտյան 6-ից 2-ը ջուր ենք արել», — շտապեց մեզ համոզել Խաչատրյանը։

Սակայն ջրի հետքեր չնկատեցինք անգամ առաջին շարքի գերեզմանների մոտ։ Մեր այս դիտարկմանը տնօրենը հակադարձեց, որ իրենք միայն գազոններն են պարտավոր ջրել։

«Հարազատները գալիս են, շիրիմատերերը, որտեղ ծառ են տնկել, իրանք ջրում են, մնացած տարածքը, շիրիմների մեջ մեր կողմից չի ջրվում։ Օրինակ, ստեղ, որտեղ կանգնել եք, չի ջրվել ու չի էլ ջրվի, ստեղ մաքրում ենք, որ մաքուր մնա, ուրիշ ոչ մի բան», — ասաց տնօրենը։

Ըստ նրա, միայն նոր տնկած ծառերն ու գազոններն են իրենք ջրում, մնացածը իրենց գործը չի։ Չոր խոտ է, միշտ էլ այդպես է եղել։ «Սա չի ջրվելու, երբեք չի ջրվել ու չենք էլ ջրելու», — երդվում էր Խաչատրյանը։

Նա ցույց էր տալիս զոհվածների ծնողների աճեցրած  վարդերը։ «Սրանք ջրվում են, չ՞է, որ աճում են», — մեզ էր հարցնում Սուրեն Խաչատրյանը։

Նա հայտնեց, որ պաշտպանության նախարարությունը շաբաթօրյակ է կազմակերպելու, որի ժամանակ պետք է չոր խոտն ու փուշը հեռացնեն։ Տարածքում ամենուրեք ոռոգման ջրի խողովակներ են անցկացված, ինչու է այդ դեպքում խոտն այսքան չոր, եթե ջուր էլ կա, խողովակ էլ։ Մեր հարցին տնօրենը պատասխանեց, որ մենք ոչինչ չենք հասկանում բուսականությունից, հակառակ դեպքում նման հարց չէինք տա։ «Կանաչ խոտը լինում է գարնանը։ մենք գազոններն ենք պահպանում, ոչ թե դաշտը»։

Եռաբլուր պանթեոնի տարածքը, ըստ տնօրենի, 29 հեկտար է։ Հեկտարների մեծ մասը անմխիթար վիճակում էր։ Դրոշն անգամ բզկտված է, բայց դե, պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը մի հասարակ մաքսավոր չի, որ Փաշինյանը հարձակվի վրան, հրաժարական գրել տա դրոշի պատճառով։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Загрузка...