Գիշերը 1-ին վերադարձել ենք խնջույքից, առավոտյան 8-ին կանչել են, թե դիմում գրի. նախկին դատավորը՝ ՃՈ պետի տեղակալ ամուսնու ազատման մասին

Загрузка...

Ինչպես հայտնի է, ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանի հրամանով հունիսի 13–ին, աշխատանքից ազատվել է ՀՀ ճանապարհային ոստիկանության պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Նիկողայոս Եղիազարյանը և տեղափոխվել է ոստիկանության կադրերի ռեզերվ։ Նա ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի օրերս թոշակի գնացած դատավոր Մանուշակ Պետրոսյանի ամուսինն է։

NEWS.am-ի տեղեկություններով՝ օրերս 65–րդ տարեդարձի և կնոջ՝ թոշակի անցնելու կապակցությամբ ամուսինը խնջույք է կազմակերպել, որին հրավիրել է նաև ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի տիկնոջը՝ Ռիտա Սարգսյանին, հենց այս պատճառով էլ ոստիկանապետն օրեր անց աշխատանքից ազատել է Նիկողայոս Եղիազարյանին։

ArmDaily.am-ի հետ զրույցում Մանուշակ Պետրոսյանը նշեց, որ Ռիտա Սարգսյանի ընտանիքի հետ ընկերությունը շուրջ 30 տարեկան է, նրանք ծանոթացել, մտերմացել են պատերազմի ժամանակ։

«Ես չգիտեմ՝ իմ ամուսնուն ինչի համար են ազատել, ոչինչ չենք կարող հաստատել, իրավունք էլ չունենք, ինչ կարող ենք ասել։ Պարզապես ինչպես կարելի է ընտանեկան մտերիմ անձի մասնակցության պատճառով պաշտոնաթող անել բարձրաստիճան սպայի, ով անցել է պատերազմի բովով, մասնակցել է Օմարի ազատամարտին։ Նա միակ սպան է եղել, ով Հոկտեմբերի 27-ին մտել է նիստերի դահլիճ, ոճրագործների հետ հանդիպել է, փորձել համոզել, լուրջ դերակատարում է ունեցել Վազգեն Սարգսյանի դիակը դուրս բերելու հարցում, այսինքն՝ իմ ամուսինը ճանապարհ անցած, հարուստ կենսագրությամբ, պետությանը, հայրենիքին նվիրված անձ է, մենք երբեք անձերի հետ խնդիրներ չենք ունեցել, ծառայել եւ շարունակելու ենք ծառայել պետությանը, հայրենիքին։ Կյանքը շարունակվում է, մենք որեւէ խնդիր չունենք, նորից մեր պետության նվիրյալներն ենք, որեւէ խռովություն, նեղացվածություն չկա»,-ասաց Մանուշակ Պետրոսյանը։

Նախկին դատավորը պատմեց, որ գիշերը ժամը 01.00-ին վերադարձել են խնջույքից, առավոտյան 08.00-ին կանչել են, թե դիմում գրի, սակայն ինքը գտնվել է արձակուրդի մեջ եւ չէր կարող դիմում գրել։

«Ինքը ազատման դիմում չի գրել միայն մեկ պատճառով, որ խնդրել է հայտնել, թե ինչ պատճառով պետք է գրի, բայց մինչեւ այսօր չեն հայտնել, պետք է պատճառը իմանա, նոր գրի, մենք հո հավ չե՞նք, ռեզերվ են ուղարկել՝ երեւի ազատման հավասար, խնդրել է տեսակցություն ոստիկանապետի հետ, բայց ոստիկանությունում դա ընդունված չէ, չի եղել հանդիպում, մենք չգիտենք պատճառը, թոշակի գնալու հարց չկա»,-հավելեց Մանուշակ Պետրոսյանը։

Նա նշեց, որ շարունակում է լինել Դատավորների միության անդամ, այժմ ամուսիններով զբաղվում են իրենց տնային տնտեսությամբ, այգի, մեղուներ ունեն, ապրում են հանգիստ, եթե մասնավոր հատվածում աշխատանքի առաջարկ չլինի, ապա կապրեն թոշակով, իրենց այգու բարիքներով։

Մանուշակ Պետրոսյանը նշեց, որ իրենք օրինակելի ընտանիք են, ապրիլյան պատերազմի ժամանակ առաջինը իրենց որդին է մեկնել Արցախ, իր ամուսնու ջոկատը, երկուսն էլ ԵԿՄ անդամ են, եւ իրենց ճանաչողները կփաստեն, որ երբեւէ անշնորհք բան չեն տեսել ընտանիքի անդամների կողմից։

ArmDaily.am

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Загрузка...