Բանկերն էլ են երես թեքել տնտեսությունից․ «168 Ժամ»

«168 Ժամ»-ը գրում է․ «Որ ներդրումային կապիտալը խուսափում է Հայաստանի տնտեսությունից, հայտնի էր վաղուց։ Բայց որ բանկային կապիտալը ևս հետ է քաշվել, նորություն էր։

Մինչ վարչապետի հայտարարած տնտեսական հեղափոխությունը մնացել է բանկերի վարկերի հույսին, պարզվում է՝ բանկերն էլ մոտ չեն գալիս տնտեսությանը։ Այն, որ վարկային գումարներն ավելացել են, դեռ չի նշանակում, թե դրանք ուղղվել են տնտեսություն։ Տնտեսության իրական հատվածում այդ առումով շատ խղճուկ վիճակ է։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ու շատ զարմանալի է, թե ինչն է այդքան ուրախացնում Նիկոլ Փաշինյանին, որ վարկերն ավելանում են։ Վարկերի ավելացումը գուցե ուրախալի լիներ, եթե այդ գումարները գնային տնտեսություն։ Բայց արի ու տես, որ բոլորովին էլ այդպես չէ։

Վարկերի ավելացումը կրում է հիմնականում սպառողական բնույթ։ Այսինքն` մարդիկ այդ գումարները վերցնում են ոչ թե տնտեսական գործունեություն ծավալելու կամ տնտեսական ծրագրեր իրականացնելու, այլ՝ առօրյա կենցաղային խնդիրներ լուծելու համար։ Իսկ դա ամենևին էլ լավ օրից չի գալիս։

Արդյունաբերության ոլորտում, որը տնտեսության շարժիչ ուժն է, բանկերի վարկային պորտֆելը նույնիսկ նվազել է։ Ու որքան էլ կարող է տարօրինակ լինել, դա տեղի է ունեցել վարկավորման բավական բարձր աճի պայմաններում։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Վարկային շուկայում վերջին մեկ տարում ֆինանսական կազմակերպություններն իսկապես լուրջ ակտիվություն են դրսևորել։ Բանկերի վարկային պորտֆելի աճը հասնում է 15 տոկոսի, ինչը լուրջ ցուցանիշ է։

Կարևորը, սակայն, դա չէ, ինչը շատ հաճախ փորձ է արվում ներկայացնել՝ որպես մեծ ձեռքբերում։ Շատ ավելի կարևոր է, թե ինչի՞ հաշվին է եղել այդ աճը։ Այստեղ է, որ վարկային շուկայի իրական պատկերը դուրս է գալիս ջրի երես։

Պաշտոնական տվյալներով՝ անցած տարվա ապրիլին, երբ Հայաստանում բուռն քաղաքական գործընթացներ էին, և տնտեսական ու ֆինանսական համակարգերը սկսել էին զգուշավորություն ցուցաբերել, արդյունաբերության մեջ բանկերի վարկային պորտֆելը հասնում էր 499 մլրդ դրամի։ Ուղիղ մեկ տարի հետո կամ այս տարվա ապրիլին այն կազմել է 483 մլրդ դրամ։

Այսինքն` արդյունաբերության մեջ բանկերի վարկային ներդրումներն իշխանափոխությունից հետո ոչ միայն չեն ավելացել, այլև նվազել են 16 մլրդ դրամով։

Սա շատ վատ միտում է։ Ինչքան էլ վարկերը թանկ հաճույք են տնտեսության իրական հատվածի համար, այնուհանդերձ ներդրումների բացակայության պայմաններում դրանք միակ փրկությունն են։ Բայց պարզվում է, որ վարկերն էլ են շրջանցում տնտեսությանը, կամ հակառակը` տնտեսությունը պատրաստ չէ վարկեր ներգրավել։ Դրա համար կարող են լինել բազում պատճառներ։ Ամեն դեպքում, առանձնապես տարբերություն չկա, բանկե՞րը չեն վստահում տնտեսությանը, թե՞ տնտեսությունը` վարկերին։ Երկու դեպքում էլ տնտեսությունը տուժում է»:

Մինչդեռ, երբ չկան ներդրումներում, կառավարությունը վարկերի հետ է կապում տնտեսական հեղափոխության իրականացման հույսը։ Ոչ վաղ անցյալում Նիկոլ Փաշինյանը հայտարարում էր, որ տնտեսական հեղափոխության շարժիչ ուժը պետք է դառնա ֆինանսական համակարգը, մասնավորապես՝ բանկերը և մատչելի վարկերը։ Այն, ինչ ունենք, ամենևին էլ դրա օգտին չէ։

Արդյունաբերության մեջ բանկերի վարկային պորտֆելի կրճատումը վկայում է տնտեսության այդ ճյուղի վիճակի մասին։ Բոլորովին էլ զարմանալի չէ, որ արդյունաբերության զարգացումները չեն փայլում ակտիվությամբ։

Առանձին ամիսներին այստեղ նույնիսկ անկում է գրանցվում։ Ու ինչքան էլ թվում է, թե ապրիլին իրավիճակ է փոխվել, այդպես չէ։ Հիշեցնենեք, որ այդ ամսին՝ անցած տարվա համեմատ, արդյունաբերության ոլորտում երկնիշ աճ գրանցվեց։ Պարզվեց՝ դա էլ խաբուսիկ է. աճը կապված է ոչ այնքան՝ իրական զարգացումների, որքան՝ անցած տարվա այդ շրջանում Հայաստանում տեղի ունեցող թավշյա իշխանափոխության հետևանքների հետ։ Թեև դա չխանգարեց, որպեսզի վարչապետը հերթական գովեստի խոսքերն ասի հեղափոխության ճանապարհին գտնվող Հայաստանի տնտեսության հաջողությունների մասին։ Բայց գովեստի խոսքերը չեն, որ բնութագրում են տնտեսության իրական վիճակը։

Վարկային շուկայի ակտիվությունը գրեթե նկատելի չէ նաև մեկ այլ, ոչ պակաս կարևոր հատվածում. խոսքը գյուղատնտեսության մասին է, որի դերը տնտեսական հեղափոխության իրականացման ճանապարհին այդքան կարևորում է կառավարությունը։

Այս տարվա ապրիլին բանկերի վարկային պորտֆելը գյուղատնտեսության հատվածում կազմել է 142 մլրդ դրամ։ Մեկ տարվա ընթացքում կամ իշխանափոխությունից հետո այն ավելացել է ընդամենը 1,8 մլրդ դրամով կամ 1,2 տոկոսով։

Հիմա տեսնենք, թե ո՞ւր են գնացել վարկերի այն հսկայական աճերը, որոնց մասին սիրում է խոսել վարչապետը։

Որպեսզի պարզ լինի, թե ինչ գումարի մասին է խոսքը, նշենք, որ վերջին մեկ տարվա ընթացքում բանկերի վարկային ընդհանուր պորտֆելն ավելացել է շուրջ 370 մլրդ դրամով։ Սա համարժեք է 760-770 մլն դոլարի։ Այդ գումարի ավելի քան 59 տոկոսը բաժին է ընկնել սպառողական վարկերին։ Դրանք ավելացել են 220 մլրդ դրամով։

Բանկերի սպառողական վարկերի պորտֆելն իշխանափոխությունից հետո ռեկորդային աճ է ունեցել` շուրջ 40 տոկոս։ Այն գերազանցել է անգամ հիպոտեքի շուկային, որտեղ վարկային պորտֆելն ավելացել է 30 տոկոսով կամ 65 մլրդ դրամով։

Հիմա հավանաբար պարզ է, չէ՞, թե ինչի հաշվին են ավելացել վարկերը։ Առաջին տեղում սպառողական կապիտալն է։ Դրանք գումարներ են, որոնք սովորաբար փոխկապակցված են լինում հասարակության սոցիալական վիճակի հետ։ Երբ եկամուտները չեն բավարարում սեփական կարիքները հոգալու համար, մարդիկ ստիպված են լինում դիմել բանկերին` իրենց ծախսերը ֆինանսավորելու համար։ Սպառողական վարկերի աճը հասարակության սոցիալական վիճակի հիմնական բնութագրիչներից մեկն է։ Ընդ որում, ինչպես վատ, այնպես էլ՝ լավ առումով։ Սովորաբար ընդդիմությունը սպառողական վարկերի ավելացումը կապում է սոցիալական վիճակի վատացման, իշխանությունը` լավացման հետ։

Ո՞րն է ճշմարտությունը։

Ճշմարտությունն այն է, որ իշխանափոխությունից հետո Հայաստանում սոցիալական իրավիճակը ոչ միայն չի բարելավվել, այլև վատացել է։ Իսկ դա նշանակում է, որ սպառողական վարկերի աճն ամենևին էլ լավ օրից չի եղել։ Մարդիկ դրանք վերցրել են իրենց առօրյա հոգսերը հոգալու համար։

Սպառողական վարկերի նման կտրուկ աճը նաև ռիսկեր է պարունակում։ Այնպես, ինչպես հիպոտեքի դեպքում։ Ու եթե առաջիկայում Հայաստանում տնտեսական իրավիճակը չբարելավվի, իսկ մարդկանց եկամուտները չավելանան, ապա դա արտահայտվելու է վարկերի վերադարձելիության վրա։ Բայց դա այլ խնդիր է, որին կանդրադառնանք առաջիկայում։

Նյութն ամբողջությամբ կարդացեք «168 Ժամ»-ում։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով