Ապրիլյան պատերազմից զորացրված ուսանողներին արգելել են մտնել քննության.168.am

Կառավարությունը, մեղմ ասած՝ խաբել է ապրիլյան պատերազմից զորացրված ուսանողներին, բյուջեից փոխհատուցվող ուսվարձերի զեղչերը Հայաստանի երիտասարդական հիմնադրամը (ՀԵՀ) բուհերին չի փոխանցել: Ստեղծված քաոսի պատճառով երեկ բուհերում մեծաթիվ ուսանողների թույլ չեն տվել մտնել քննության: Եվ ուշագրավ է այն, որ բուհերում վկայակոչել են ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանի կողմից ներքին կարգով իջեցրած հրամանը:

Դեկաններն ասել են, որ նախարար Հարությունյանն ասել է՝ ծնողներն իրենք պիտի ամբողջ վարձերը վճարեն, իսկ թե ինչ հիմքով է նախարարը շրջանցել կառավարության որոշումը, ինչու է թաքուն հրաման արձակել և հենց վերջին պահին, դեկանատներում պատասխան չեն ունեցել:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Նշենք, որ 168.am-ին ահազանգած ուսանողները տարբեր բուհերից են՝ Երևանի Ֆրանսիական համալսարանից, ԵՊՀ-ից և Տնտեսագիտական համալսարանից: Ստացվում է՝ խնդիրը համատարած բնույթ է կրում:

Հիշեցնենք, որ խոսքն ապրիլյան պատերազմից զորացրված բոլոր ուսանողների մասին է: Նախկին իշխանությունների օրոք որոշվել էր՝ 50 տոկոս հավասարեցված պայմաններով զեղչել բոլոր նրանց ուսումնական վարձերը, ովքեր այդ օրերին եղել են զինուժում, ընդ որում ՝ անկախ վիճելի հանգամանքից՝ զինվորն անմիջականորե՞ն է մասնակցել ապրիլյանի մարտական գործողություններին, թե՞ գտնվել է մարտական հերթապահության մեջ:

Հիշեցնենք, այս դրույթը հավասարեցվեց ՊՆ նախկին նախարար Վիգեն Սարգսյանի նախաձեռնությամբ՝ և զինգրքույկներում թերի նշագրումների խնդիրն արագ համակարգվեց ՀՀ ՊՆ-ում ԼՂՀ ՊԲ-ի միջոցով:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Փորձեցինք ստեղծված իրավիճակի վերաբերյալ մեկնաբանություն ստանալ  պատասխանատու կառույցից՝ ՀԵՀ-ից: Դժվարությամբ հայտնաբերեցինք ՀԵՀ-ի նորանշանակ ղեկավարի անձնական հեռախոսահամարը, քանի որ, պարզվում է՝ բոլոր տրամաբանական ճանապարհները՝ ՀԵՀ-ից որևէ մեկին գտնելու համար, այլևս չկան, հեղափոխությունից այս կողմ գրանցված բոլոր հեռախոսահամարները չեն գործում, Ֆեյսբուքում դատարկություն է, ՀԵՀ-ի պաշտոնական կայքում կյանքն առհասարակ կանգ է առել, վերջին անհասկանալի նորությունը տեղադրվել է փետրվար ամսին:

Ինչևէ, ի վերջո, հայտնաբերեցինք ՀԵՀ-ի նորանշանակ ղեկավարին՝ Արգամ Արշակյանին: Նա  միայն մի բան կարողացավ ասել՝ ապրիլյանից զորացրված ուսանողների զեղչերի փոխհատուցումն արված է, բոլոր բուհերն ապրիլ ամսին ստացել են փոխանցումները:

Խնդրեցինք թիվ հրապարակել, սակայն նա հրաժարվեց, արտոնյալ ուսանողների ցանկն ուզեցինք՝ դարձյալ հրաժարվեց, խնդրեցինք գոնե հայտատու, բայց մերժված ուսանողների ցանկը հրապարակել, սակայն Արգամ Արշակյանը դարձյալ հրաժարվեց:

Մեր խնդրանքը՝ գոնե հրապարակել այն ուսանողների թիվը, որոնց հոգսը, ստանձնած պարտավորության համաձայն, թեթևացրել է կառավարությունը, կրկին ապարդյուն անցավ: Այս թիվը ևս, ինչպես Արշակյանն ասաց՝ չունեն, ու բոլոր բացակա ինֆորմացիաների դիմաց միայն մի խոստում կարողացավ շռայլել. «Մի օր աշխատակազմն այս բոլոր թվերն ի մի կբերի, և մենք ասուլիս կտանք»:

Այս անորոշ պատասխաններից հետո ստիպված հետաքրքրվեցինք, թե ովքեր են հեղափոխությունից հետո ընդգրկվել այս հիմնադրամի՝ ՀԵՀ-ի, հոգաբարձուների խորհրդի կազմում, որպեսզի կարողանանք «քցված» ուսանողներին հուզող հարցերի պատասխանները ստանալ: Պարզվեց՝ չգիտի: ՀԵՀ-ում մեկ ամիս պաշտոնավարող ղեկավար Արգամ Արշակյանը չթաքցրեց, որ անգամ իր նոր տերերի անունները չգիտի: Փաստորեն, իրենից հաշվետվություն պահանջողների ով լինելը էական չէ Արգամ Արշակյանի համար: Ի դեպ, նույն Արգամ Արշակյանը, պարզվում է՝ հներից է՝ ՀԵՀ մարզային կառուցի ղեկավար: Սակայն, ինչպես երևում է՝ հեղափոխությունից հետո իբր հին գիտակի առավելությամբ, ՀԵՀ-ի ղեկավարի պաշտոնը նվաճած Արշակյանն իրավիճակին չի տիրապետում՝ անգամ Նոր Հայաստանի «թափանցիկության» պայմաններում:

Նշենք, որ փաստի առաջ կանգնած ուսանողներին ՀՀ կրթության և գիտության նախարարությունից առայժմ պատասխան չեն տրվել: Իսկ Հիմնադրամին Կառավարության պահուստային ֆոնդից փոխանցած 82 մլն դրամը պիտի բաշխվեր շահառու խմբերին երկու փոխհատուցման դեպքերով՝

1) բուհերի անվճար համակարգում չընդգրկված երկու և ավելի անչափահաս երեխա ունեցող, առկա ուսուցմամբ բակալավրի կրթական ծրագրում ընդգրկված ուսանողներին (ամբողջությամբ՝ բուհի կողմից փոխհատուցվող գումարի և ուսման վարձավճարի տարբերության չափով).

2) բուհերի անվճար համակարգում չընդգրկված՝ 2016 թվականի ապրիլի 2-6-ն ընկած ժամանակահատվածում զինված ուժերում մարտական հերթապահություն իրականացրած (զինվորական գրքույկում համապատասխան նշման առկայությամբ) կամ մարտական գործողություններին մասնակցած առկա և հեռակա ուսուցմամբ բակալավրի և մագիստրոսի կրթական ծրագրում ընդգրկված ուսանողներին՝ ըստ առաջադիմության, մասնակի՝ 20 տոկոսի չափով (ընդ որում, բուհի կողմից տրամադրվող և սույն որոշմամբ տրվող փոխհատուցման ընդհանուր գումարը չպետք է գերազանցի ուսման վարձավճարի 50 տոկոսը):

Մեր հաջորդ հրապարակման մեջ կանդրադառնանք ստեղծված քաոսի թաքցված պատճառներին և ԿԳՆ-արձագանքին:

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով