Անհանգստացնող է, որ իշխանության եկած ուժը, իր թիմում ընդգրկելով Լևոն Տեր-Պետրոսյանի իշխանության կարկառուն դեմքերին, ցանկանում է Արցախի հարցում կրկնել նույն քաղաքականությունը. Ալավերդյան

Այսօր հայությունից և հայկական կողմից պահանջվում է ոչ միայն  խիզախություն արտաքին թշնամուց երկիրը պաշտպանելու հարցում, այլև կարողանալ այնպիսի դրսևորումներով հանդես գալ, որ Ադրբեջանն այլևս չհամարձակվի իր մկանների խաղը մեզ ցուցադրել. լրագրողներին ասաց «Ընդդեմ իրավական կամայականությունների» ՀԿ-ի գործադիր տնօրեն, ՀՀ մարդու իրավունքների նախկին պաշտպան Լարիսա Ալավերդյանը:

«Եթե  ցուցադրում են, նշանակում է՝ մենք հաստատ այն չենք անում, հաստատ այնքան չենք անում, հաստատ այն տեղերում չենք անում, որտեղ պահանջվում է: Սա ցանկացած պայքարող ժողովրդի համար այբուբեն է: Ես անընդհատ ասում եմ՝ Իլհամ Ալիևին պիտի «շնորհակալ» լինենք, որովհետև նա մեզ երկմտելու տեղ չի թողնում: Նա ամեն ինչ ասում է, ասում է, որ «սպառվել է այն ժամանակը, որն Ադրբեջանը տվել է ՀՀ-ին»: Եթե հարևան երկրի նախագահն այդ բառապաշարն է օգտագործում, դա պիտի ազդակ լինի, որ այս մեկ տարին առնվազն ոչ արդյունավետ ենք օգտագործել կամ ոչ այն ուղղությամբ ենք օգտագործել: Այն դեպքում, երբ Թուրքիան և Ադրբեջանն ունեն քսան տարվա համագործակցության, գործողությունների ծրագիր, որում մտցված է և՛ Ադրբեջանի կողմից սահմանների փոփոխությունը, և՛ առաջնագծի առաջ տալը, և՛ այդ զորավարժությունները, և՛ հռետորաբանությունը, և՛ ապատեղեկատվություն տարածելը, ինչպես եղավ վերջերս, երբ ասացին, թե Արցախի ՊԲ դիպուկահարը սպանել է իրենց զինծառայողին, որպեսզի դրանից հետո իրենց գործողություններն անեն: Աշխարհաքաղաքական այսօրվա քաոսային իրավիճակում Թուրքիան և Ադրբեջանը գործում են համակարգված և վերին աստիճանի նպատակասլաց, ինչը չեմ կարող ասել հայության մասին»,- ասաց Ալավերդյանը՝ նշելով, որ 30 տարի հայկական կողմը փորձել է համոզել Արևմուտքին, որ միշտ համաձայնում է, լավ պահում իրեն, ինչը նահանջողական քաղաքականություն է:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Yerkir.am-ի խնդրանքով անդրադառնալով ՀՀ-Արցախ կամ ՀՀ և Արցախի իշխանություններ հակասությանը, «բառային փոխհրաձգությանը», այդ թվում՝ Նիկոլ Փաշինյանի վերջին մտքերին, թե«ԼՂՀ և ՀՀ ռազմաքաղաքական ղեկավարությանը ներկայացրել է իր տեսլականը և հետաքրքրվել՝  առաջադրած տեսլականի հետ կապված պրետենզիաներ կա՞ն, համաձա՞յն են, թե՞ համաձայն չեն դրա հետ», Լարիսա Ալավերդյանը նշեց, որ այդ  հակասությունները Ադրբեջանի երազածն է, ավելին՝ այդ ուղղությամբ նա աշխատել է, որ Արցախ-ՀՀ հակասությունները բացահայտվեն այն մակարդակում, որն ընդունված չէ:

«Պարզվում է, որ ՀՀ ղեկավարը հավակնում է արտահայտել նաև Արցախի դիրքորոշումը, այսինքն՝ բանակցել Արցախի մասին, այլապես ինչո՞ւ պիտի իր տեսակետը համաձայնեցնի Արցախի իշխանությունների հետ: Երկրորդ՝ այդ ի՞նչ է ասվել, ի՞նչ տեսակետ է արտահայտվել, որն ընկալվել է օգնականի կամ հենց ղեկավարի կողմից որպես տարածքներ հանձնել: Նշանակում է՝ վարչապետն ունի այնպիսի դիրքորոշում, որը հող հանձնելու մտքեր է առաջացնում, թե ուզում են հողեր հանձնել: Ես ուրիշ տեղեկություն չունեմ, ես ստանում եմ այդ ամենը վարչապետից: Նա ասում է՝ դուք ինձ հետ համաձա՞յն եք, ասել են՝ այո, բայց հետո տարածել են, որ ՀՀ-ն պատրաստ է հողեր հանձնել: Հիմա կա’մ սխալ է ասվել, կա’մ լավ չի ասվել, այլապես ինչ՞ու պիտի այդպես ընկալվեր: Անցած տարվանից մանիպուլյատիվ տեխնոլոգիաներ են օգտագործվում, դրանք աշխատում են, և բոլորի ուշադրությունը շեղվում է բուն թեմայից, որի շուրջ Արցախում հանդիպումներ են տեղի ունեցել: Երրորդ՝ ասում է, որ մեծ խմբերով են հավաքվել, բայց հետո, թե` գաղտնի ասվել է մեկին, որտեղի՞ց այդ գաղտնիությունը ղեկավարությունից: Ի՞նչ պիտի գաղտնի ասվի, որ ստանա այս արձագանքը: Ինձ անհանգստացնում են թե’ կառավարման ոճը, թե’ բովանդակությունը: Մյուս կողմից՝ ոչ մեկ այսօր չի կարող ասել, թե ինչ հեռահար ծրագիր ունի այս իշխանությունը, դա գաղտնի է պահվել անցած տարի, գաղտնի է մնում մինչ այսօր: Ավելին` հատվածական ինչ-ինչ գաղափարներ նետելուց հետո մենք ոչ միայն մնում ենք ճգնաժամային կառավարման մոդելի մեջ, այլև, ես կասեի, սուր ճգնաժամային»,- շեշտեց Ալավերդյանը՝ հավելելով, որ փորձագետներն անհանգստացած են  փաստից, որ նոր իշխանության եկած  ուժը, իր թիմում ընդգրկելով Լևոն Տեր-Պետրոսյանի իշխանության կարկառուն դեմքերին, ցանկանում է կրկնել նույն քաղաքականությունն Արցախի հարցում: «Մենք անցել ենք այն վտանգավոր փուլը, երբ ՀՀ ղեկավարությունը համաձայնել է, որ ոչ միայն ազատագրված տարածքները, այլև հենց ԼՂԻՄ-ի տարածքը մնա Ադրբեջանի կազմում՝ բարձր կարգավիճակով: Եվ հիմա ինչո՞ւ ես պիտի բացառեմ, որ այդ նույն գաղափարը վերադառնում է»,- նշեց նա:

Ինչ վերաբերում է Լեռնային Ղարաբաղի ադրբեջանական համայնքի ղեկավարի՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ հանդիպման փաստին, Արցախի հարցով փորձագետը շեշտեց, որ ԼՂ ադրբեջանական համայնքի գոյությունն արդեն նոնսենս է: «Ո՞նց կարող են համարվել համայնք այն ժամանակվա հանրապետության որևէ մասում: Նրանք մնում են տիտուլային ազգի ներկայացուցիչ, նրանք ազգային փոքրամասնություն չեն դիտարկվել: Սա շատ բացասական արդյունք է, սա որևէ բան չի տալու, իհարկե, բայց այստեղ ինձ անհանգստացնում է սա՝ ինչի՞ց նման ընթացք ստացավ այս հարցը, արդյո՞ք դա էր նշանակում Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությունը, որ որոշումը պետք է ընդունելի լինի և՛ Արցախի, և՛ ՀՀ-ի, և՛ Ադրբեջանի համար: Գուցե սա նրա` բավականին կոկիկ արտահայտության ոչ դրական արդյո՞ւնքն է: Մինչդեռ Բաքվի հայերն ավելի մեծ պահանջներ պիտի ունենան, քանի որ նրանք երբեք փոքրամասնություն չեն ընկալվել Բաքվում, ասվել է՝ հայեր և մուսուլմաններ»,- շեշտեց Ալավերդյանը՝ զարմանք հայտնելով, թե Ադրբեջանի նախագահի ո՞ր հմայքն է հիացրել Փաշինյանին, երբ Ալիևի ձեռքերն արյան մեջ են:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ըստ Ալավերդյանի՝ այստեղ խնդիրը ՀՀ վարչապետի ոչ թե կեցվածքն է  և նույնիսկ արտահայտությունները, այլ ոճը, որով փորձում է ինչ-որ բաներ, մտքեր անցկացնել:

Yerkir.am

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով