Այսօր Անդրանիկ Մարգարյանի ծննդյան օրն է

Загрузка...

Անդրանիկ Մարգարյանը ծնվել է 1951թ. հունիսի 12-ին Կրասնոդարի երկրամասում ուսուցիչների ընտանիքում։ Ապա ընտանիքով տեղափոխվել են Երեւան, ապրել Վարդաշենում։ Հայրը մաթեմատիկայի ուսուցիչ էր, մայրը` հայոց լեզվի։ Ծնողները արմատներով Արեւմտյան Հայաստանից էին` Մուշից։

Մինչեւ 8-րդ դասարան սովորել է Երեւանի թիվ 123-րդ դպրոցում, ապա ընդունվել մաթեմատիկական թեքումով Մանուկ Աբեղյանի անվան թիվ 3 դպրոց։ 14 տարեկան հասակում Անդրանիկ Մարգարյանը հիմնադրում է «Աշակերտական պայքար»  գաղտնի միությունը։ 1966-ին ծանոթանում է ընդհատակյա Ազգային Միացյալ կուսակցության անդամներ Աշոտ Նավասարդյանին, Ազատ Արշակյանին եւ Ռազմիկ Զոհրաբյանի հետ միասին 1968 թ-ից ընդգրկվում կուսակցության շարքերը, ակտիվորեն մասնակցում հակախորհրդային շարժմանը: 1973 թ-ին դառնում է ԱՄԿ խորհրդի անդամ։ 1967-1972թթ. Մարգարյանը սովորում է Երեւանի պոլիտեխնիկական ինստիտուտի տեխնիկական կիբեռնետիկայի ֆակուլտետում` ստանալով հաշվիչ մեքենաների ինժեների որակավորում: 1972-74թթ. աշխատել է Գազի արդյունաբերության համամիութենական գիտահետազոտական ինստիտուտի Երեւանի մասնաճյուղում որպես գիտաշխատող, ավագ ինժեներ: Սակայն 1974թ. նոյեմբերի ձերբակալվում է ՊԱԿ-ի կողմից: Միխայիլ Խեյֆեցի հայտնի վավերագրական գրքի մի դրվագում պատմվում է, որ ընդհատակյա գործիչներից մեկը ձերբակալվել է, երբ ԱՄԿ կալանավորված ղեկավարներից մեկը նրան անզգուշորեն գրություն է ուղարկել ՊԱԿ-ի աշխատակցի հետ: Շատերը հակված են կարծելու, որ ձերբակալվածը հենց Անդրանիկ Մարգարյանն է: Նրա մոտ հայտնաբերվում են հակասովետական, ազգայնական բովանդակության նյութեր, բանաստեղծություններ, թռուցիկներ եւ ծրագրային փաստաթղթերի ձեւով գրականություն:

Նոյեմբերի 10-ին քրեական գործ է հարուցվում, որի արդյունքում ՀՍՍՀ քր. օր.-ի 65 հոդ. 1-ն մասով Մարգարյանը դատապարտվում է ազատազրկման 2 տարով: Ազատազրկումից վերադառնալուց հետո՝ 1977թ. աշխատանքի է ընդունվում Հայաստանի էներգետիկայի գիտահետազոտական ինստիտուտում որպես ինժեներ: 1978-79թթ. աշխատում է Էլեկտրատեխնիկական գործարանում որպես էլեկտրոնային հաշվիչ մեքենաների բաժնի պետ, 1979-90թթ.՝ Առեւտրի նախարարության հանրապետական ինֆորմացիոն հաշվողական կենտրոնում՝ էլեկտրոնիկայի բաժնի վարիչ: 80-ականների կեսերից վերադառնում է քաղաքական գործունեությանը: Ընդգրկվում է Հովիկ Վասիլյանի ստեղծած “Հայ Դատ” կազմակերպությունում: Իր գործունեության մասին կազմակերպությունը պաշտոնապես հայտարարում է 1987թ. աշնանը: «Հայ Դատ»-ը սկսում է տպագրել համանուն ամսագիրը: Կազմակերպության օգնությամբ ստեղծվում է Բերդաձորի երկրապահների ջոկատը, որը մասնակցում է բազմաթիվ ռազմական գործողություների Լեռնային Ղարաբաղում եւ Հայաստանի սահմանամերձ գոտիներում:

Ղարաբաղյան  շարժման հենց սկզբից Մարգարյանը նվիրվում է Արցախի ազատգրմանը, մասնակցում կամավորական ջոկատների ստեղծմանը, մասնակցում մարտական գործողությունների, 1990-94թթ. ղեկավարում Հատուկ ծրագրերի  պետական վարչության ինֆորմացիայի բաժինը։ 1992 թ-ին ընդրկվում է իր համախոհ Աշոտ Նավասարդյանի հիմնած՝ Հայաստանում առաջինը գրանցված եւ Ազգային Միացյալ կուսակցության գաղափարական ժառանգորդ Հայաստանի Հանրապետական կուսակցության (ՀՀԿ) շարքերը: 1994-95թթ. Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանում աշխատում է որպես կրտսեր գիտաշխատող, 1995 թ-ին ընտրվում է Ազգային ժողովի առաջին գումարման պատգամավոր: 1999 թ-ին դարձյալ ընտրվում է ԱԺ պատգամավոր, մեծամասնություն կազմած «Միասնություն» խմբակցության ղեկավար: 1993-1997 եւ 1998-2005թթ. եղել է ՀՀԿ Խորհրդի նախագահ: 1997-98թթ. եղել է ՀՀԿ նախագահ, 2005թ-ին դարձյալ ընտրվել է ՀՀԿ նախագահ: 1998 թ-ից Երկրապահ կամավորականների միության (ԵԿՄ) անդամ էր, այնուհետեւ՝ ԵԿՄ վարչության անդամ: ՀՀ նախագահի 2000թ. մայիսի 12-ի հրամանագրով նշանակվում է ՀՀ վարչապետ։ Ղեկավարել է կառավարությունը մինչեւ 2007թ մարտ: 2007թ. մարտի 25-ին հանկարծամահ է եղել սրտի կաթվածից: Պարգեւատրվել է Սուրբ Մեսրոպ Մաշտոցի շքանշանով, ՀՀ ՊՆ «Վ. Սարգսյան», «Գ. Նժդեհ» մեդալներով, ԵԿՄ «Վ. Սարգսյան» շքանշանով, ՀՀ Ոստիկանության «Արամ Մանուկյան» մեդալով, Ֆ. Նանսենի հիմնադրամի «Ֆ. Նանսեն» մեդալով։


Այսօր Անդրանիկ Մարգարյանի ծննդյան օրն է:

Մի մարդու, ով անփոխարինելի դարձավ մեզ համար: Ազգային գործիչ, լավ ղեկավար:

Քո վեհ գաղափարներն ու եռանդուն աշխատանքը կյանքի մի օրինակ է, որին անվերջ ձգտելու ենք նմանվել, իսկ խրատներդ ու խորհուրդները թևավոր խոսքեր են դարձել, որ լույս են վառում մեր ճանապարհին: Անդրանիկ Մարգարյանի նման մարդիկ չեն մեռնում: Դու այսօր էլ կաս, ապրում ես մեր սրտերում: Շնորհավոր ծնունդդ Անդրանիկ Մարգարյան:

«Հաղթաբերի ճամփան»․ ֆիլմ՝ նվիրված Անդրանիկ Մարգարյանի հիշատակին

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Загрузка...