Վիտալի Բալասանյանը համազգային շարժում է նախաձեռնում

 

Վիտալի Բալասանյանը Ֆեյսբուքի իր էջում հայտարարություն է տարածել համազգային շարժում ստեղծելու մասին:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

«ՈՎ ՀԱՅ ԺՈՂՈՎՈՒՐԴ, ՔՈ ՄԻԱԿ ՓՐԿՈՒԹՅՈՒՆԸ ՔՈ ՀԱՎԱՔԱԿԱՆ ՈՒԺԻ ՄԵՋ Է»

Այսօր աշխարհասփյուռ հայության համար ժամանակի հրամայական է դարձել ՀԱՅԱՍՏԱՆ – ԱՐՑԱԽ – ՍՓՅՈՒՌՔ եռամիասնության ներդաշնակ գործունեության անհրաժեշտությունը, որի առկայության պայմաններում է միայն հնարավոր դիմակայել մեր ժողովրդի առաջ ծառացած մարտահրավերներին, հետամուտ լինել Միացյալ և հզոր Հայաստանի ստեղծմանը:

Հազարամյակների ընթացքում մեր ժողովուրդը հաճախ է պարտադրված եղել ցուցադրել ապրելու, հարատևելու իր իրավունքն ու կենսունակությունը, արժանապատվությամբ անցնել անկանխատեսելի փորձությունների քուրայով, որպեսզի այսօր աշխարհին կարողանանք ներկայանալ ավելի թրծված ու բյուրեղացած:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Միջազգային հանրության աչալուրջ հայացքի ներքո, 2016 թվականի ապրիլին, երբ նորից հայտնվեցինք փորձության շեմին, ՀԱՅԱՍՏԱՆ- ԱՐՑԱԽ – ՍՓՅՈՒՌՔ եռամիասնությունը հերթական անգամ աշխարհին ապացուցեց իր ամրակայությունն ու հաստատակամությունը:

Այսօր ես ներքին անհանգստությամբ եմ արձանագրում, որ ոչ բոլոր հասարակական-քաղաքական ուժերը, հեղինակություն վայելող անհատներն են գիտակցում հայկական պետականության շուրջ ստեղծված իրավիճակի լրջությունն ու դրանից բխող վտանգավոր հետևանքները: Որոշ խմբեր և քաղաքական ուժեր, շահարկելով մարդկանց հայրենասիրական զգացմունքները, առաջ են քաշում ժամանակավրեպ լոզունգներ՝ քողարկելով շահադիտական իրենց նպատակները, ինչը ես որակում եմ որպես անհանդուրժելի, հայության նպատակների տառին ու ոգուն անհարիր, ապազգային վտանգավոր երևույթ: Համոզված եմ, որ օրվա հրամայականն է ուղիներ որոնել մեր ազգի հնարավորությունները լիարժեք և նպատակային օգտագործելու համար:

Նկատի ունենալով այս ամենը, ես որոշում եմ կայացրել հանդես գալ նախաձեռնությամբ և հայտարարում եմ

«ՀԱՆՈՒՆ ԱՐՑԱԽԻ» համազգային շարժման մեկնարկի մասին, որի նպատակն է Միացյալ և Հզոր Հայաստանի ստեղծումը՝ հետևյալ խնդիրների լուծմամբ.

-Արցախի Հանրապետության միջազգային ճանաչում.

-Հայաստանի և Արցախի անվտանգության ամրապնդում.

-Սփյուռքի հետ համագործակցության սերտացում և ազգային արժեքների պահպանություն:
Շարժմանը կարող են միանալ հասարակական, քաղաքական, մարդասիրական և այլ կազմակերպություններ ու անհատներ:

Սիրելի հայրենակիցներ, միանալով «ՀԱՆՈՒՆ ԱՐՑԱԽԻ» համազգային շարժմանը, Ձեր ազգանվեր գաղափարներով ու առաջարկներով Դուք գործուն մասնակցություն կունենաք մեր գերնպատակի իրագործմանը:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով