«Չեմ զարմանա, որ մանիպուլյացիաներով մի օր էլ իրենցից շատերը դառնան գեներալներ».Էդուարդ Շարմազանով

Հարգելի հայրենակիցներ, իմ ողջ քաղաքական կենսագրության ընթացքում եղել եմ ու կամ քաղաքական բանավեճի,բայց ոչ հակամարտության կողմնակից:

Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության իրական միասնությունն ու պետական անվտանգության ամրապնդումը պետք է լինեն մեր ապագա հաղթանակների գրավականը:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Սակայն անհնար է նոր հաղթանակների հասնել, երբ հարցականի տակ են դրվում անցյալի հաղթանակները: Երբ ասում եմ հաղթանակ, նկատի ունեմ հաղթանակը Սարդարապատում, Բաշ Ապարանում, Ղարաքիլիսայում, Շուշիում և, իհարկե, Ապրիլյան քառօրյայում:

Ես իմ հայրենիքում թշնամիներ չունեմ , որպեսզի ներքաղաքական պայքարում արձանագրված հաջողությունը կամ անհաջողությունը հաղթանակ կամ պարտություն որակեմ: Եւ սին են այն տեսակետները, թե իմ եւ գործընկերներիս մտահոգությունները մասնավորապես Արցախի եւ ազգային հարցերում, ինչ-որ նեղ շահեր են հետապնդում:

Եւ այսպես, չափազանց մտահոգիչ է, երբ Ադրբեջանն ու Թուրքիան համատեղ զորավարժություն են կազմակերպում, երբ Իլհամ Ալիեւը զորավարժությունների հաջորդ թիրախ է հայտարարում Շուշին, իսկ մեր իշխանությունը համերաշխություն քարոզելու փոխարեն Հայաստանում և Արցախում դավադիր ուժերի փնտրտուքով է զբաղված՝ կանաչ լույս վառելով ադրբեջանական հնարավոր հարձակման համար:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ապրիլյան պատերազմը սանձազերծած Ալիևին կիրթ և նորմալ համարելուց հետո ՀՀ իշխանությունը հիմա էլ որոշել է հարցականի տակ դնել հայ ժողովրդի հաղթանակը քառօրյայում:

Ավելին, փառավոր հաղթանակներ արձանագրած հայ ժողովրդին ոչ միայն բաժանում են սևերի և սպիտակների, այլև տարանջատում եղբայրական ժողովուրդների:
Ոմանք ասում են,թե Արցախը պատրաստ չի եղել հարձակում դիմագրավելուն,մյուսներն էլ՝ հարցականի տակ են դնում հաղթանակը:

Նման որակումների հեղինակների առնվազն մի մասը Արցախի տեղը դժվար թե իմանա, բանակինը ՝ առավել ևս:

Իհարկե, ես հեռու եմ այն մտքից, թե որևէ թերություն, սխալ չի եղել: Միեւնույն ժամանակ աններելի է սխալները համահարթեցնելով՝ ոտքի տակ տալ հաղթանակը:

Այսպես, եթե պատրաստ չենք եղել, ինչպե՞ս ստացվեց,որ Ադրբեջանը ոչ մի բնակավայր չկարողացավ գրավել: Եթե չենք հաղթել, ո՞նց եղավ, որ այսօր Արցախում ծածանվում է ոչ թե Ադրբեջանի, այլ հայկական եռագույնը:

Ասում են՝ բազմաթիվ զոհեր ենք տվել: Խոնարհվում եմ բոլոր նահատակ հերոսների առջև, նրանցից յուրաքանչյուրը ընտրեց իմացյալ անմահությունը հանուն հայրենիքի:

Ադրբեջանի լավագույն ուժերը հետ շպրտվեցին, եւ դա հնարավոր եղավ ապրիլյան քառօրյայի 75 նահատակների, հայ զինվորի, հայոց գեներալների ու սպաների , առյուծածին մայրերի, Գերագույն հրամանատարության և համազգային միասնության շնորհիվ:
Ադրբեջանը ձախողվել է Ապրիլյան քառօրյայում, իսկ Հայաստանն ու Արցախը հաղթել են:

Օրվա իշխանավորներին, ովքեր 800 հեկտար կորուստն են շահարկում, ասեմ՝ ձեր տրամաբանությամբ 90-ականներին Արցախյան ազատամարտն էլ պետք է պարտություն համարել, քանի որ կորցրել ենք Արծվաշենը, Շահումյանը,Գետաշենը և մի շարք տարածքներ:

Ի դեպ, նրանք, ովքեր մարդկանց մեղադրում են 800 հեկտար զիջելու մեջ, մոռանում են, որ նաեւ այդ նույն մարդկանց ջանքերով 740 հազար հա տարածք է ազատագրվել:

Չնայած իրենցից ամեն ինչ սպասելի է , քանի որ մայիսին երրորդ-չորրորդ գիծ խրամատ փորելը համարվում է Ապրիլյան պատերազմին մասնակցություն:

Չեմ զարմանա, որ մանիպուլյացիաներով մի օր էլ իրենցից շատերը դառնան գեներալներ:

Եզրափակելով նշեմ՝ նրանք, ովքեր հարցականի տակ են դնում Ապրիլյան քաօրյայում մեր ժողովրդի հաղթանակը , զբաղված են պետական դավաճանությամբ: Սա ոչ այլ ինչ է, քան բանակը բարոյալքելու հերթական փորձ: Մի արեք, հերիք է բաժանարար գծեր քաշեք:

Հ.Գ. 1920թ. հեղափոխական բոլշևիկները այնքան բարոյալքեցին բանակը և հակադաշնակցական քարոզ իրականացրին, որ Կարսի կայազորը առանց մի կրակոցի հանձնվեց:

Նման սցենարի կրկնությունը ոչ կարմիր քարտ կլինի ոչ միայն Նիկոլին,այլ բոլորիս:

Էդուարդ Շարմազանով

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով