Ո՞ւմ մտքով կանցներ, որ ազատամարտիկի հետևից «թուրք» կվանկարկեն․ «Իրատես»

«Իրատես»-ը գրում է․ «Ո՞ւմ մտքով կանցներ, որ հանուն հայրենիքի ռազմաճակատ մեկնած մարդու հետևից երկուսուկես տասնամյակ անց «թուրք» կարող են վանկարկել ու թքել նրա վրա: Ո՞վ կարող էր պատկերացնել, որ մի բուռ ժողովրդին կարող են սևերի ու սպիտակների, հեղափոխականների ու հակահեղափոխականների բաժանել ու թոռների հետ զբոսանքի դուրս եկած ազատամարտիկին` ՀՅԴ-ական Հրանտ Մարգարյանին, հարձակման թիրախ դարձնել օրը ցերեկով՝ երեխաների աչքի առջև: Մի կողմ թողնելով նրա կուսակցական պատկանելությունը, Արցախյան ազատամարտի մասնակից լինելու հանգամանքը` մի պահ պատկերացնենք, որ նույն կերպ են վարվում մեզ հետ, ի՞նչ կզգայինք: Գոնե ես նախորդ տարվա այս օրերին սեփական մաշկի վրա զգացել եմ՝ ինչ է նշանակում մեկ օրում օտարանալ այն հարազատների համար, որոնց համակարծիք չես: Այժմ, փաստորեն, պետք է շնորհակալ լինեմ նրանց, որ ֆիզիկական բռնություն չեն գործադրել, այլ միայն քամահրանքի ու սաստող հայացքների են արժանացրել:

Ինչքան էլ իշխանության եկած նորեկները հայտարարում էին սիրո ու հանդուրժողականության մասին, դեպքերի զարգացումներն ու հասարակության ներսում առաջացած անջրպետի խորացումն այլ բանի մասին են գուժում: Դեռ այն ժամանակ ես հույս ունեի, որ երկրի մտավորականությունը, արվեստագետները, մարդիկ, որոնց խոսքը փոքրիշատե լսելի է ու հարգանքի արժանի հասարակության համար, հայտարարություններ կանեն՝ փորձելով մեղմացնել օր օրի ահագնացող ատելության մթնոլորտը: Բայց մտավորականների միակ արարքն Օպերային թատրոնում վարչապետի հետ հանդիպումն ու նրան կենաց հիշեցնող դիֆիրամբներ ձոնելը եղավ: Նախորդ իշխանությունների կողմից հատկացված միջոցներով՝ պետական կամ մասնավոր, ֆիլմեր նկարահանած ռեժիսորներից մեկը, պարզվեց, չէր հասկացել՝ տեղի ունեցածը` իշխանափոխությունը, երա՞զ է, թե՞ իրականություն:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Մտավորականությունը լռեց նաև այն ժամանակ, երբ Հայաստանի համար կենսական նշանակություն ունեցող գերատեսչությունը՝ Մշակույթի նախարարությունը, օպտիմալացնելու որոշում կայացվեց: Կարևորը փողը լինի, ֆիլմ նկարեն, գիրք տպագրեն, շրջագայեն երկրե երկիր, երգեն իշխանական խնջույքներին, հոգ չէ, թե ազգային մշակույթն ու դիմագիծը պահպանելու կարևորագույն հարցն անտեսում են: Եթե հանկարծ իրավիճակի փոփոխություն տեղի ունենա, ու այժմյանները նախկին դառնան՝ այդ ժամանակ էլ նորեկներին «երազի ու իրականության» ձոնը կասեն: Որոշ մտավորականներ վրդովված կեցվածք ընդունեցին Օպերային թատրոնի գեղարվեստական ղեկավար ու տնօրեն Կոնստանտին Օրբելյանին տնօրենի պաշտոնից ազատելու ժամանակ, հստակեցրին՝ կբողոքեն այնքան ժամանակ, քանի դեռ Օրբելյանը չի վերականգնվել պաշտոնում: Դեպքից անցել է շուրջ երկու ամիս, թատրոնը տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար ունի, Օրբելյանն այդ պաշտոնում, ըստ երևույթին, չի վերականգնվի, իսկ արվեստագետները մոռացել են, որ միջադեպը դատապարտող հայտարարություն էին տարածել ու ստորագրել դրա տակ:

Քաղաքական խաղերի մեջ ներքաշված մտավորականությունը, իհարկե, նոր չէ, բոլոր ժամանակներում էլ իշխանության ներկայացուցիչներին շոյել է, երբ իրենց հաճոյախոսել են հասարակության շրջանում համբավ ունեցող մարդիկ: Բայց նրանց թիվ մեկ առաքելությունը պետք է լինի մարդկանց մշակութային ու կրթական մակարդակի բարձրացումը, անհրաժեշտ պահին հայտարարություններ անելը, կոչով հանդես գալը, սթափ դատելու ու գեղեցիկը տեսնելու հորդոր հնչեցնելը: Այս օրերին մեզ համար անթույլատրելի ժանտախտը՝ հայաստանցի-ղարաբաղցի բաժանումը, որ կարող է կործանարար լինել ամբողջ պետության համար, կրկին գլուխ է բարձրացրել: Եվ այդ տարանջատումը հրապարակ է նետվում, օրինակ, վարչապետի աշխատակազմի ղեկավարի շուրթերով: Ու կրկին լռում են մտավորականները»։

Նյութն ամբողջությամբ կարդացեք «Իրատես»-ում։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով